Armenian ARMSCII Armenian
Կ-518-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի  14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.

2) փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու, հիբրիդային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման եւ հանձնման գծով.

3) ներհանրապետական փոստային կապի ծառայություններ` փոստային կապի ծառայություններ, որոնց դեպքում փոստային առաքանին ընդունվում, մշակվում եւ հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

4) միջազգային փոստային կապի ծառայություններ` փոստային կապի ծառայություններ, որոնց դեպքում փոստային առաքանին առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ստացվում է այլ երկրներից եւ առաքվում Հայաստանի Հանրապետության տարածք, կամ այն տարանցումով անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով.

5) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` սույն օրենքի 3.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որակի չափանիշներին համապատասխան՝ բոլոր օգտվողների համար, անկախ Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու վայրից, հասանելի, մշտական հիմունքներով փոստային կապի ծառայությունների նվազագույն շրջանակի մատուցում.

6) փոստային առաքանի` վերջնական տեսքով հասցեագրված առաքանի, որն ընդունում է փոստային կապի ծառայություններ մատուցողը՝ կանոնակարգի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ նամակագրական թղթակցությունը, ինչպես նաեւ գրքերը, կատալոգները, թերթերը, պարբերականներն ու փոստային ծանրոցները, որոնք կարող են ունենալ կամ չունենալ առեւտրային արժեք: Առաքանին համարվում է վերջնական տեսքով հասցեագրված, եթե այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է փոստային վճարման պետական նշան կամ փոստային կապի ծառայություն մատուցողի ճանաչած փոստային վճարման պետական նշանին համարժեք այլ նշան, եւ այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է ստացողի հասցեի վերաբերյալ անհրաժեշտ նշում` փոստային կապի ծառայություն մատուցողի կողմից այն առաքման նպատակով մշակելու համար.

7) հասարակ փոստային առաքանի՝ չգրանցվող փոստային առաքանի, որի ընդունման ժամանակ ուղարկողին անդորրագիր չի տրվում, եւ որը հանձնվում է ստացողին առանց ստորագրության.

8) գրանցվող փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողին անդորրագրի հանձնումով եւ ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

9) գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին՝ անդորրագրի հանձնմամբ, եւ ստացողին հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի ծառայություններ մատուցողը.

10) նամակագրական թղթակցություն` ցանկացած ֆիզիկական կրիչով գրավոր թղթակցություն, որը փոխադրում եւ հանձնում է ուղարկողը այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա նշված հասցեով: Նամակագրական թղթակցությունը ներառում է հասարակ եւ գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ եւ փոքր փաթեթներ, տպագրված իրեր, ինչպիսին է ուղիղ փոստային առաքանին: Գրքերը, կատալոգները, պարբերական հրատարակությունները՝ թերթերը եւ պարբերականները, չեն համարվում նամակագրական թղթակցություն.

11) ուղիղ փոստային առաքանի` փոստային առաքանու տեսակ, որը պարունակում է գովազդային, տեղեկատվական կամ հրապարակային նյութեր: Ուղիղ փոստային առաքանու ներդրվածքը ներառում է միատեսակ հաղորդակցություն կամ տեղեկատվություն, որը չի կարող փոփոխել առաքվող նյութերով հաղորդվող տեղեկությունների իմաստը, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ներառում են հասցեատիրոջ անունը, հասցեն, նույնականացման համարը եւ հասցեագրմանն առնչվող այլ տեղեկություններ.

12) փոստային ծանրոց` առեւտրային արժեք ունեցող կամ չունեցող առաքանի, որի չափերը, քաշը եւ փաթեթավորումը սահմանվում են կանոնակարգերով.

13) սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդագրություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով՝ կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

14) սուրհանդակային կապի ծառայություններ` մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին ուղարկողի պատվերով հավաքվում է իր բնակության, գտնվելու կամ գործունեության վայրում եւ առաքվում ուղարկողի նշած հասցեատիրոջը: Ընդունումից մինչեւ առաքում ընկած ամբողջ ժամանակահատվածում առաքանին ուղեկցվում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սուրհանդակի կողմից` առանց մշակման, փոխանակման կամ փոխանցման գործողություն իրականացնելու.

15) էքսպրես փոստային կապի ծառայություններ` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում առաջարկվում են առավել կարճ ժամկետներում փոստային առաքանու ընդունում եւ առաքում` այլ փոստային կապի ծառայությունների համեմատ, եւ որը ներառում է նաեւ անհատականացված ծառայություններ` ուղարկողի եւ ծառայություն մատուցողի միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Էքսպրես փոստային կապի ծառայություն է համարվում նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի  1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռների առաքումը.

16) հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ` հատուկ առաքանիների հավաքման, մշակման, փոխադրման եւ հանձնման համար.

17) հատուկ առաքանի` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող կամ ստացվող առաքանի, որը բացառապես պարունակում է օրենքով կամ միջազգային պայմանագրերով պաշտպանվող գաղտնի տեղեկատվություն կամ առարկաներ, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներ, քարեր կամ զարդեր.

18) հիբրիդային առաքանի՝  էլեկտրոնային  նամակ (հաղորդագրություն), որն ընդունում է փոստային կապի օպերատորը եւ հանձնում հասցեատիրոջը նամակի (փոստային բացիկի) տեսքով, կամ նամակ (փոստային բացիկ), որն ընդունում է փոստային կապի օպերատորը եւ հանձնում հասցեատիրոջը էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով՝ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային բաժանորդային արկղով.

19) էլեկտրոնային  նամակ  (հաղորդագրություն)՝ հեռահաղորդակցության ցանցի, համացանցի կամ էլեկտրոնային կրիչի միջոցով էլեկտրոնային ձեւով ուղարկված տեղեկատվություն.

20) դրամական  միջոցների  փոստային փոխադրություններ`   «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին»  օրենքի համաձայն՝ դրամական (փողային) փոխանցումներ.

21) փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում եւ հանձնում հասցեատիրոջը.

22) փոստային առաքանու ընդունում` փոստային կապի օպերատորի կողմից ուղարկողից, այդ թվում՝ փոստարկղերից հավաքված փոստային առաքանիների ձեւակերպում՝ հետագա առաքման համար.

23) փոստային առաքանու մշակում՝ գործողությունների համալիր՝ փոստային առաքանիները տուփերում, պարկերում եւ տարաներում խմբավորելով, վերափաթեթավորելով` համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ձեւակերպմամբ եւ արտադրական տարածքներ դրանց տեղափոխմամբ.

24) փոստային առաքանու փոխադրում՝ փոստային առաքանու փոխադրում (տեղափոխում) ընդունման կետից մինչեւ նշանակման վայրի արտադրական օբյեկտներ` հասցեատիրոջը հասցնելու եւ (կամ) հանձնելու համար.

25) փոստային առաքանու հանձնում՝ փոստային առաքանու հանձնում անձամբ հասցեատիրոջը կամ լիազորված ներկայացուցչին.

26) փոստային հասցե` տվյալների ամբողջություն, որը փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին թույլ է տալիս որոշել առաքման վայրը, որն առնվազն ներառում է փոստային դասիչը, շենքի համարը, փողոցի եւ համայնքի անվանումները, երկրի անվանումը կամ այլ նշում կամ տվյալ: Հասցեն պետք է նշված լինի փոստային առաքանու, ծրարի կամ փաթեթավորման վրա կամ առանձին ցուցակով այնպես, որ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին թույլ տա առաքանին առաքել ուղարկողի նշած հասցեով.

27) hասցեատեր  (ստացող)`  փոստային  գործունեության ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանին, դրամական միջոցների փոստային փոխադրությունը, հեռագրային կամ այլ հաղորդագրություն.

28) ուղարկող` անձ, որը պատասխանատու է փոստային առաքանու ներդրվածքի համար, որի կամքով եւ անունից առաքանին հանձնվել է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին.

29) oգտվող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, որն օգտվում է փոստային գործունեության ծառայությունից որպես ուղարկող կամ հասցեատեր.

30) փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաեւ փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.

31) սուրհանդակային  կապի  օպերատոր՝  միջազգային սուրհանդակային կապի օպերատոր կամ ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաեւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.

32) փոստային կապի ազգային օպերատոր (նշանակված օպերատոր)` փոստային կապի օպերատոր, որը պատվիրակված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովելու փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ Համաշխարհային փոստային միության ակտերից բխող պարտավորությունների կատարումը, եւ որը կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

33) կանոնակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց համար սահմանած` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական եւ տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ.

34) փոստային կապի ցանց` արտադրական, տեխնոլոգիական, տրանսպորտային եւ այլ ռեսուրսների համակարգ, որն օգտագործվում է փոստային առաքանիների ընդունման, մշակման, փոխադրման ու առաքման համար.

35) փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ, ներառյալ փոստային առաքանիների տեսակավորման եւ փոխադրման կենտրոնները, օդանավակայաններին եւ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքները, փոստափոխանակման կետերը, փոստային բաժանմունքները, փոստային սպասարկման կետերը.

36) փոստային կապի երթուղի` փոստային օբյեկտների միջեւ փոստային փոխադրման երթուղի.

37) փոստարկղ` փոստային առաքանիների, բացառությամբ գրանցվող փոստային առաքանիների, հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

38) փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ եւ գրանցվող փոստային առաքանիներ ստանալու մասին ծանուցումների համար բնակելի շենքերում տեղադրվող՝ փակվող խցիկներով հատուկ պահարան.

39) փոստային անվանական պահարան՝ հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող՝ փակվող խցիկներով հատուկ պահարան.

40) հասանելիության կետեր` այն ֆիզիկական տարածքները, այդ թվում՝ փոստարկղերը, որտեղ ուղարկողները իրենց փոստային առաքանիները կարող են մուտք անել փոստային ցանց: Դրանք կարող են լինել հանրային վայրերում կամ փոստային կապի օպերատորի տարածքում եւ նրա փոստային օբյեկտներում հանրության համար հատկացված տարածքների տեսքով.

41) փոստային սպասարկման կետ` փոստային կապի օպերատորի կամ նրա հետ պայմանագրային հիմունքներով երրորդ անձի կողմից շահագործվող անշարժ կամ շարժական հասանելիության կետ, որտեղ, կախված հանգամանքներից եւ փոստային կապի ծառայություն մատուցողից, կարելի է օգտվել մի շարք փոստային կապի  ծառայություններից եւ այլ ծառայություններից.

42) փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից եւ նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողություններ կատարելու համար.

43) հսկիչ ժամկետներ` փոստային առաքանիների եւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչեւ փոստային կապի օբյեկտի հանձնման վայր առաքման, ինչպես նաեւ փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.

44) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

45) փոստային վճարման պետական նշաններ` փոստային նամականիշ, ֆրանկոմեքենաների եւ նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ է դնում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, եւ որոնք հաստատում են փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.

46) ֆրանկոմեքենա եւ նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթիվը եւ այլ տեղեկություն հաստատող՝ փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

47) փոստային դասիչ` փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքի փոստային հասցեների կամ դասիչների բաժանման թվանշային կամ տառային շարքերի համակարգ.

48) փոստային կապի գաղտնիություն՝ տեղեկություն փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների անձնական տվյալների, փոստային հասցեի, փոստային առաքանիների, դրանց ներդրվածքի եւ գտնվելու վայրի մասին:»:

Հոդված 2. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.1. Փոստային կապի գործունեության տեսակները

1. Փոստային կապի գործունեության տեսակներն են փոստային կապի, սուրհանդակային կապի եւ էքսպրես փոստային կապի ծառայությունները:

2. Փոստային կապի ծառայություններ չեն համարվում`

1) փոստային առաքանու փոխադրումը` առանց ընդունման, մշակման եւ հանձնման գործառույթների.

2) ինքնաառաքումը՝ անմիջապես ուղարկողի կողմից փոստային առաքանու հանձնումը եւ այդպիսի հանձնմանը նախորդող եւ դրա հետ կապված գործողությունները: Իրավաբանական անձի դեպքում ինքնաառաքում է համարվում այն առաքումը, որն իրականացնում են այդ իրավաբանական անձի աշխատակիցները նույն իրավաբանական անձի համար:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2.-րդ եւ 3.3.-րդ հոդվածներով.

«Հոդված 3.2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են մինչեւ երկու կիլոգրամ քաշով ներհանրապետական հասարակ, գրանցված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումը:

2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են՝

1) հասարակ նամակագրական թղթակցության՝ նամակների,  փոստային բացիկների, փաթեթների եւ փոքր փաթեթների առաքման ծառայությունները.

2) գրանցված նամակագրական թղթակցության՝  նամակների,  փոստային բացիկների, փաթեթների եւ փոքր փաթեթների առաքման ծառայությունները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը պատվիրակում է փոստային կապի ազգային օպերատորին:

4. Փոստային կապի ազգային օպերատորը ներհանրապետական փոստային առաքանիների առաքումն իրականացնում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած հասանելիության պահանջներին համապատասխան:

5. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա:

6. Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով ապահովում է այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներ:

Հոդված 3.3.  Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշներն են՝

1) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների անընդհատությունը՝ մշտական հիմունքներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքի աշխատանքային ռեժիմի, փոստային առաքանիները տեղ հասցնելու հաճախականության, փոստային առաքանիների հավաքման եւ փոստային առաքանիների առաքման ժամկետների նորմատիվների պահպանմամբ.

2) տարածքային հասանելիության ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքների, հասանելիության կետերի, փոստային սպասարկման կետերի եւ փոստարկղերի տեղակայման նորմատիվների պահպանմամբ.

3) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեխնոլոգիական եւ տարածքային անբաժանելիությունը, որն ապահովում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային առաքանիների առաքման տեխնոլոգիական միասնականությունը.

4) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների միասնական սակագների կիրառումը, որն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում միանման եւ միասնական սակագներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված նորմատիվները փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման նորմատիվներ են, որոնք հաստատում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:»:

Հոդված  4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «բ», «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության եւ ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովումը.

գ) փոստային առաքանիների տարանցման ազատության եւ փոստային կապի բնագավառում միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովումը.

դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարության ապահովումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման կենսունակ եւ կայուն ապահովումը:»:

Հոդված 5.   Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 6.2-րդ  հոդվածով.

«Հոդված  6.2.  Փոստային կապի գաղտնիության ապահովումը

1. Պետությունը երաշխավորում է փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների ծառայություններից յուրաքանչյուր օգտվողի փոստային կապի գաղտնիության իրավունքը: Փոստային կապի գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ:

2. Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման պահանջները: Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մասնակցում են փոստային առաքանիների բացման գործընթացին, իրավունք չունեն հրապարակելու փոստային կապի գաղտնիության պահպանման հետ կապված տեղեկությունները, բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի:

3. Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, ինչպես նաեւ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք խախտել են փոստային կապի գաղտնիությունը, ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 6.  Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «գ» կետը «ծառայություններ» բառից հետո լրացնել  «,Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան միջազգային փոստային կապի ծառայություններ» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության եւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:»:

Հոդված 7.   Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «դ» կետի «սահմանում» բառը փոխարինել «հաստատում» բառով.

2) «է» կետի «գործունեությունն» բառը փոխարինել «գործունեությունը ռազմական դրության ժամանակ եւ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ»-«ժէ» կետերով.

«ժդ) իրականացնում է հսկողություն փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորության կատարման նկատմամբ.

 ժե) հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման եւ գործողության մեջ դնելու, ինչպես նաեւ հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը.

ժզ) հաստատում է փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների եւ վիճակագրական տվյալների ներկայացման եւ վերլուծության իրականացման կարգը.

ժէ) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները:»:

Հոդված 8.   Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.  Փոստային կապի բնագավառում գործունեության համակարգումն ու կառավարումը ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում

1. Ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում փոստային կապի բնագավառում գործունեության համակարգումն ու կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` համագործակցելով ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի եւ այն մարմինների հետ, որոնց տնօրինության տակ են փոստային կապի ցանցերը:»:

Հոդված 9.    Օրենքի 18.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  10.  Օրենքի 18.2-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «90-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «80 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Կարգավորող հանձնաժողովը հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան:»:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում: