Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5181-21.02.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-171-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հատուկ առաքման սակագինը

1. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձեւավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 35-րդ կետի 35.1-ին ենթակետի կատարմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ-պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Համաձայնագրի Գլուխ V-ի՝ IV ենթաբաժնի (Փոստային եւ կապի ծառայությունները)  հոդվածներով սահմանված դրույթներին օրենքի մոտարկմամբ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում Է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումից:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները՝ մասնավորապես, սահմանվել է թվով 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել՝ 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաեւ համապատասխան իրավական հիմքեր (լիազորող նորմեր) են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

Հաշվի առնելով, որ Նախագծով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկից հանվել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման ծառայությունը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել  օրենքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը ուժը կորցրած ճանաչել եւ նշված հոդվածով սահմանված կարգավորումը նախատեսել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 7-րդ հոդվածով:

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես՝ 90-օրյա ժամկետը փոխարինվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Նախագիծը լրացվել է նոր 6.2 հոդվածով, որով սահմանվել են փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովման վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կարգավորումներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների եւ փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:

Նախագծի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 35-րդ կետի 35.1-ին ենթակետի կատարմանը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ
ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն