Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-519-27.02.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1. վերնագրում «իրավունքների» բառից հետո լրացնել «եւ սահմանափակումների» բառերը.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:».

3. լրացնել 2.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները եւ նոտարները սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի

1) 6-րդ կետի առաջին նախադասությունում «հրամանով» բառից հետո լրացնել «, որը ենթակա է անհապաղ կատարման եւ հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը» բառերը

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) լիազոր մարմինը վկայական ստացած անձանց կապի միջոցները եւ աշխատանքի վայրը վերջիններիս համաձայնությամբ, իսկ անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում:»:

2. 4-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերը փոխարինել «Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության» բառերով.

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:

3. Կադաստրային գործի փաստաթղթերը պահվում են անժամկետ` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

2. 2-րդ մասի 8-րդ կետում «համարը» բառից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.

3. 3-րդ մասի 1-ին կետում «այլ փաստաթղթեր:» բառերը փոխարինել «այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերում սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում է համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերը:

4. 6-րդ մասի առաջին նախադասությունում «ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն» բառերը փոխարինել «ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը եւ սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Տեղեկատվության տրամադրման դիմումը, բացառությամբ սույն մասի 1-ին կետի, կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

1) Տեղական ինքնակառավարման մարմինները եւ իրավաբանական անձինք, իսկ ֆիզիկական անձինք սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող եւ վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկությունների վերաբերյալ դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ եւ տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եւ ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:»:

Հոդված 9. Օրենքի 47.1 հոդվածում՝

1. 2-րդ մասում «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասում» բառերով.

2. 3-րդ եւ 4-րդ մասերում «հոդվածով» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

3. լրացնել 5-12-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական կամ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումները կարող են իրականացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կազմված եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնի ու համապատասխան համայնքի հետ համաձայնեցված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի հիման վրա:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագծերի կազմման համար հիմք են ընդունվում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ստեղծված կամ կազմված օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները):

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատակագծերը պետք է համաձայնեցվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

8. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց օտարման շերտերի հատակագծերի նախագիծը (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհի նախագիծ)՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարով), էլեկտրոնային տարբերակներով (Փի Դի Էֆ (PDF) ֆորմատի նիշքերով) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմնին ու համապատասխան համայնքին, տեղադրվում ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքի հատուկ բաժնում: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինման մասով լիազոր պետական ճանապարհային մարմինը եւ համայնքի ղեկավարը սույն մասում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ առարկություն՝ առարկության դեպքում տալով նաեւ առաջարկություն: Չհամաձայնեցված հատվածների համար անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կազմվում է ավտոմոբիլային ճանապարհի նոր նախագիծ եւ կրկին ներկայացվում համաձայնեցման:

8. Ավտոմոբիլային ճանապարհի նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:

10. Անշարժ գույքի պետական ռեգիստրը համաձայնեցված ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ է ձեռնարկում համապատասխան ավտոմոբիլային ճանապարհի եւ դրա օտարման շերտի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ուղղությամբ:

11. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման վրա չեն տարածվում սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները, ինչպես նաեւ սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2.1 կետերով նախատեսված պահանջները:

12. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքերի պետական գրանցման դեպքում որպես գույքի հասցե նշվում է ավտոմոբիլային ճանապարհի պայմանանիշը, պայմանանիշի համարը, եւ ավտոճանապարհի անվանումը:»:

Հոդված 10. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 1-ին եւ 4-րդ հոդվածների:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:

3. Սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին եւ տարածվում են Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:

4. Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքի առանձնացված բաժնում տեղադրում է մինչեւ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված եւ գործող սահմանափակումների վերաբերյալ իր էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

5. Անշարժ գույքի պետական ռեգիստրը ապահովում է Ցանկի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման եւ դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին, բացառությամբ դատարանների, նրանց իրավասությունների սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:

6. Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները, բացառությամբ դատարանների, իրենց իրավասության սահմաններում, Ցանկը հրապարակվելուց հետո երկու տարվա ընթացքում խմբագրում են Ցանկը՝ լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն Ցանկում, սակայն առկա է այն կիրառելու հիմքը եւ հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման: Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակումը կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգովներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

7. Սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների եւ խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն են ներկայացնում անշարժ գույքի պետական ռեգիստրին, որն իրականացնում է ստացված տեղեկատվության հաշվառում՝ դրանում ներառելով նաեւ իր կատարած աշխատանքների եւ խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված երկու տարվա ժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրը անշարժ գույքի պետական ռեգիստրը արգելափակում է Ցանկի խմբագրման հնարավորությունը:

9. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում Ցանկի խմբագրման վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու եւ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ, որոնք Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաղորդում են անշարժ գույքի պետական ռեգիստրին:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված հաղորդման հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը օրենքի ուժով գրանցում է գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների սահմանափակում, որն իր իրավաբանական ուժը պահպանում է երկու ամիս, եթե մինչեւ տվյալ ժամկետի լրանալը սահմանափակում կիրառելու կամ դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինը չի ներկայացրել սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշում:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում-բողոքները քննարկվում եւ լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում: Դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումը սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա իրավիճակը

1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) սահմանված է գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների), դրանց դադարեցման, տեղեկատվության տրամադրման վարույթների հարուցման եւ ավարտման՝ ավարտական փաստաթղթերի տրամադրման երկու ռեժիմ՝ էլեկտրոնային եւ թղթային (հոդվածներ 17, 24, 26, 26.1, 27, 31, 32, 33 եւ այլն): Քանի որ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործառույթների շրջանակներում իրականացվում են մեծաքանակ եւ ոչ նույնական վարույթներ, անընդհատ մեծանում են թղթային արխիվների ծավալները: Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ անշարժ գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքներ եւ սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ: Միեւնույն ժամանակ ոչ էլեկտրոնային վարույթների պարագայում մեծ է մարդկային ազդեցության գործոնը, որը երբեմն հանգեցնում է սխալի:

2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վկայականի գործողության կասեցումը, կասեցման վերացումը եւ վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Նման կարգավորման հետեւանքով գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման վկայականի կասեցման կամ դադարեցման դեպքերում, երբ անձը դատական կարգով վիճարկում է նշված միջամտող վարչական ակտերը, ապա դրանք կասեցվում են: Այսինքն՝ տվյալ անձը շարունակում է իր գործունեությունը, անկախ վկայականի գործողության կասեցմա կամ դադարեցման, մինչեւ դատական գործն ըստ էության լուծելը: Դրա հետեւանքով հնարավոր չէ արդյունավետորեն պայքարել ոլորտում արձանագրվող իրավախախտումների դեմ: Բացի այդ վկայականի գործողության կասեցումը կամ դադարեցումը ունի կարեւոր նշանակություն այն առումով, որ դրանով փաստվում է կոնկրետ անձի կողմից համապատասխան գործունեություն ծավալելու անթույլատրելիությունը՝ հաշվի առնելով վերջինիս կողմից կատարած խախտումները:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանացանկը՝ վերջիններիս համաձայնությամբ: Նման կարգավորման պարագայում բացակայում է որակավորման վկայական ստացած անձանց հետ որեւէ կապի միջոց հրապարակելու իրավական հիմքը, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով, 8-րդ հոդվածով:

3) Անշարժ գույքի պետական ռեգիստրում առկա են սահմանափակումների վերաբերյալ անորոշ տվյալներ՝ կիրառված սահմանափակումներ, որոնց վերաբերյալ տեւական ժամանակ որեւէ տվյալ չի ներկայացվել: Որոշ դեպքերում կադաստրային գործերում հայտնաբերվում են սահմանափակում կիրառելու վերաբերյալ թղթային որոշումներ, որոնց ուժի մեջ լինելու կամ չլինելու հարցը միշտ չէ, որ հնարավոր է պարզել՝ այլ մարմիններում արխիվի բացակայության եւ/կամ Կադաստրի կոմիտեում լրացուցիչ տեղեկատվության բացակայության պատճառով: Դրա հետեւանքով, հաճախ անշարժ գույքի նկատմամբ գործարքների կնքումը ծանրաբեռնվում է լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Ընդ որում դեպքերի մի մասում հստակ որոշում ստանալը անհնար է՝ անհրաժեշտ արխիվային գործերի բացակայության պատճառով:

Ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցության N Վ/121-2021 արձանագրության 1.5-րդ կետով տրված հանձնարարականի` ուսումնասիրել ենք գույքի նկատմամբ արգելանքը վաղեմության ժամկետի հիմքով ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ վրացական փորձը:

2009 թվականի հունվարի 3-ին Վրաստանի «Պետական ռեգիստրի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա (35-րդ հոդվածի 4-րդ կետ) անվավեր են ճանաչվել հետեւյալ դեպքերը.

1. Գույքի նկատմամբ կալանք եւ այլ միջոցներ, որոնք բացառում են նյութական եւ ոչ նյութական գույքի գրանցումը կամ կառավարումը, որոնք գրանցված են մինչեւ Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

2. Կալանքներ եւ այլ միջոցներ, որոնք խոչընդոտում են այն նյութական կամ ոչ նյութական գույքի գրանցումը կամ տնօրինումը, որի փաստաթղթային ապացույցը գրանցման մարմնում չի պահվել կամ արձանագրվել է չարտոնված անձի կամ մարմնի արարքի հիման վրա:

3. Մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված հանրային իրավունքի սահմանափակումը, եթե այն գրանցվել է նյութական կամ ոչ նյութական գույքը երրորդ անձի սեփականություն փոխանցվելուց հետո, եւ (կամ) սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթուղթը տրվել, ընդունվել կամ կազմվել է մինչեւ գույքի առգրավման կամ տնօրինման արգելքի գրանցումը:

Վրացական փորձի ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրահանգման, որ դրա կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար չէ, քանի որ դրանով վերացվել են ավելի սահմանափակ թվով արգելանքներ, քան անհրաժեշտ է: Մասնավորապես՝ վրացական փորձի կիրառման դեպքում անորոշ կմնան այն սահմանափակումների կարգավիճակը, որոնք որեւէ պատճառով չեն ներկայացվել անշարժ գույքի պետական ռեգիստր, կամ չեն գրանցվել օրենքով սահմանված կարգով, կամ գրանցվելուց հետո տեւական ժամանակ չի ներկայացվել դրանց հետագա ընթացքը որոշակիացնող տեղեկատվություն, այն դեպքում, երբ առկա է սահմանափակումները վերացված լինելու վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններ:

4) Կադաստրի կոմիտեի տվյալների բազայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ սեփականության իրավունք գրանցված է (նշված իրավունքները գրանցվել են մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը՝ ՀՀ կառավարության N 912-Ն որոշումն ուժի մեջ մտնելը) 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների նկատմամբ, որը հնարավորություն չի տալիս հստակ որոշելու դրանց հարկման բազան:

5) Անշարժ գույքի պետական ռեգիստրի հիմնական գործառույթներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը, անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական, օբյեկտիվ եւ միասնական տեղեկատվական բազա վարելն է: Այս տեսանկյունից կարեւոր է նաեւ ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական կամ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքի գրանցումը եւ դրա հիման վրա տեղեկատվական բազա վարելը: Նման ամբողջական տեղեկատվության բացակայությունը առաջացնում է նաեւ խնդիրներ այլ անձանց իրավունքների պետական գրանցման գործընթացում՝ ճանապարհային ցանցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով միշտ չէ, որ հնարավոր է հստակ արձանագրել անձի կողմից ձեռք բերվող եւ հետագայում գրանցման ենթակա հողամասի՝ ճանապարհայն ցանցի հետ համադրման փաստը:

Ի թիվս այլնի, հաշվի առնելով նշվածը՝ Կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ կետով, 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 11-րդ կետով, 2021 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Կադաստրի կոմիտեին վերաբերող բաժնի 1.4-րդ կետով նախատեսվել է « Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում եւ ներդրում» միջոցառումը, որի նպատակն է. «Մեկ ոլորտի կադաստրի ստեղծում եւ ներդրում, որը հնարավորություն կտա վերհանել ինտեգրման գործնական խնդիրները, եւ ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարել նախորդ քայլերով մշակված իրավական ակտերում եւ այլ գործառնական փաստաթղթերում»: Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաեւ իրականացնել Շիրակի մարզի ճանապարհային ցանցի գրանցմանն ուղղված գործողություններ:

Հարկ է նշել, որ ճանապարհային ցանցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական բազայի վարումը հնարավորություն կտա նաեւ առավելագույն արդյունավետությամբ իրագործել 2023 թվականի հունվարի 17-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Տարածական տվյալների մասին» օրենքի դրույթները, հատկապես՝ Ազգային գեոպորտալի մասով (հնարավոր կլինի ճանապարհային ցանցը արտացոլել Ազգային գեոպորտալում):

2. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը

1) Առկա կարգավորումների պայմաններում դեռեւս գերակշռում են «թղթային» վարույթները: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացման եւ դրանով պայմանավորված մարդկային գործոնի նվազեցման, թղթային արխիվների կրճատման համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում այդ փոփոխությունները անհրաժեշտ է կատարել փուլային տարբերակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանց տարածվածության մակարդակին համընթաց, որպեսզի անհամաչափորեն չսահմանափակվի այն անձանց իրավունքները, որոնք անհասանելի կամ դժվար հասանելի են համապատասխան միջոցները:

2) Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց ծառայություններից օգտվելը դյուրինացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ որակավորման վկայական ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ նրանց հետ կապի միջոցները: Գործող կարգավորման պարագայում ծառայությունների շահառուները զրկված են պահանջվող տեղեկությունները մեկ մատչելի աղբյուրից ստանալու հնարավորությունից: Այդ պատճառով Կոմիտեն հաճախ ստանում է զանգեր վերը նշված տեղեկությունները տրամադրելու խնդրանքով, ինչը անհարկի ծանրաբեռնում է Կոմիտեին:

Անհրաժեշտ է օրենքի մակարդակով սահմանել, որ գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման վկայականի կասեցման կամ դադարեցման դատական բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:

3) Առկա է անշարժ գույքի պետական ռեգիստրի տվյալների բազայում սահամանափակումների վերաբերյալ տեղեկությունները խմբագրելու անհրաժեշտություն:

4) Անորոշ է 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակը:

5) Ապահովել ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքի գրանցումը եւ դրա հիման վրա տեղեկատվական բազա վարելու գործառույթների կանոնակարգում:

3. Մշակված նախագծի հիմնական նպատակներն են՝

1) խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճին,

2) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը:

ա. Առաջին նպատակի իրագործման համար նախատեսվում է գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները էլեկտրոնային ներկայացնելու պարտականությունը, իսկ այլ փաստաթղթերը ներկայացնելու հայեցողական լիազորությունը սահմանել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նոտարների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օրինակ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների: Նման բնույթի կարգավորման հիմնական դրդապատճառն այն է, որ համապատասխան փաստաթղթեր տրամադրող սուբյեկտների մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ բարդությունների կատարել նրանց վերապահվող պարտականությունը: Դա նաեւ հնարավորություն է ստեղծում պարզեցնել գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վարույթները՝ դիմումատուներին ազատելով մեծաքանակ փաստաթղթերի հավաքագրման, հերթագրման եւ ներկայացման պարտականությունից (դիմումատուն Կոմիտե պետք է ներկայացնի ընդամենը իրավասու սուբյեկտների տրամադրած էլեկտրոնային փաստաթղթերի անհատականացման տվյալները), ինչն էլ ինքնաբերաբար կբեռնաթափի Կոմիտեի ծանրաբեռնվածությունը:

Ինչ վերաբերում է սահմանափակումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգավորումներին, ապա նախագծով նախատեսվում է, որ սահմանափակում կիրառող բոլոր մարմինները պարտավոր են դրանք ներկայացնել էլեկտրոնային եղանակով, որի մանրամասները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով իրավաբանական անձանց հնարավորությունները եւ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը, նախատեսվում է, որ նրանք Կոմիտե կարող են դիմել եւ անհրաժեշտ ծառայություններից օգտվեն էլեկտրոնային եղանակով:

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խթանման համար նաեւ նախատեսվում է, որ ստորագրություն չպահանջվող տեղեկատվությունը կարող է պահանջվել եւ տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով:

բ. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության ոլորտում նախատեսվում է, որ լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնության դեպքում վերջիններիս կողմից տրամադրված կապի միջոցները եւ աշխատավայրը հրապարակում է պաշտոնական կայքում, իսկ անվանացանկը առանց համաձայնության:

3) Վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը:

4) Ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ ուղղությամբ օբյեկտիվ, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման իրական հնարավորություններ: Այդ նպատակով նախատեսվում է, որ ճանապարհային ցանցի նկատմամբ իրավունքների գրանցումը կարող է իրականացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ: Ընդ որում՝ գրանցումն իրականացվում է անվճար:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության եւ թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում:

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում:

Նախագիծը բխում է՝

1. Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050-ի «Բազմապատկենք եւ հավասարակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների եւ համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ուղղակի եւ անուղղակի առաջարկն ու պահանջարկը:» մեգանպատակների պահանջներից,

2. ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող՝ ցանկի 1.4-րդ կետով նախատեսված «Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում եւ ներդրում», 2.3-րդ կետում սահմանված «Իրավական դաշտի կարգավորում» եւ 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ, անշարժ գույքի կադաստրի ներդրում» միջոցառումներից, 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 8-րդ կետով, 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 11-րդ կետով նախատեսված միջոցառումից, որոնք ընդգրկում են նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն