«Հոդված 384.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալը
1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը պետք է ներառի.
1) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը,
2) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը,
3) ՄԻԵԿ վերաբերելի դրույթները, մասնավորապես, վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները եւ ազատությունները,
4) հնարավորության դեպքում, եւ, եթե անհրաժեշտ է, դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները,
5) անհրաժեշտության դեպքում, դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ,
6) անհրաժեշտության դեպքում, միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անանունությունը,
7) վերաբերելի լինելու դեպքում՝ դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցում ներկայացնող դատավորը, ով պատրաստում եւ ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից, այնուամենայնիվ ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրենց տրված խնդրո առարկա լիազորությունն արդյունավետ օգտագործելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել համապատասխան լրացումներ՝ նախատեսելով ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ, այդ թվում՝
Միեւնույն ժամանակ, նախագծերի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի հետ համագործակցությամբ?
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 5.2-րդ գլխում ամրագրված է.
«Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը եւ, որ ամենակարեւորն է, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման եւ պաշտպանության ինստիտուցիոնալ եւ համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը:
Գիտակցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության եւ ապահովման կարեւորությունը եւ հետամուտ լինելով այդ խնդրին՝ Կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին թիրախային լուծումներ տալուն (...)»:
Վերոգրյալի համատեքստում սույն նախագծերի ընդունումը կնպաստի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների եւ ազատությունների պատշաճ պաշտպանության ապահովմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում