Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-523-01.03.2023-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի`

1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի`

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` եռամսյա ժամկետում: (...)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն` «Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչեւ Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:»:

Վերոգրյալից հետեւում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի է ունենում եռամսյա ժամկետում:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջացել է անհրաժեշտություն կատարել համապատասխան փոփոխություն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

01 մարտի 2023թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածները` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Թագուհի Թովմասյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`                                             ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ