«28. Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից:
Թեեւ նշված մասերով նախատեսված է, թե որ պահից է Կառավարության անդամն ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, նշված դրույթների բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավարության համապատասխան անդամը նշանակվում եւ ազատվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով:
Սակայն օրենքով կարգավորված չէ Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված եւ հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման եւ դադարեցման պահը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վերոգրյալի համատեքստում համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել հանրային պաշտոնի նշանակվելու, հանրային պաշտոնից ազատվելու վերաբերյալ Վարչապետի որոշումների ուժի մեջ մտնելու պահի որոշման իմաստով: Նշված անորոշությունը եւ տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի համապատասխան լիազորությունների ստանձնման եւ դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով եւ 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումներին: Արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահ կհանդիսանա Կառավարության պաշտոնական կայքէջում Վարչապետի որոշումների՝ Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում հրապարակման պահը, բացառությամբ Վարչապետի համապատասխան որոշումներով լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ նախատեսելու դեպքերի:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում բարձրացված խնդիրը լուծում կստանա, օրենսդրորեն կհստակեցվի Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից: Նախագիծը մշակվել է Վարչապետի 19.01.2023 թվականի թիվ 02/09.6/1603-2023 հանձնարարականի հիման վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում