Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-527-07.03.2023-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  23-րդ  հոդվածում.

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:»

2) 5-րդ մասում լրացնել նոր` 8-րդ կետ.

«8. Անձինք, ում ընտրության դեպքում  կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:»

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «ում ընտրության դեպքում չի խախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում.

1) հանել «սեռի ներկայացվածությամբ» բառերը,

2) «ժամկետով» բառից հետո լրացնել  «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:» նախադասությունը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Տեսալսողական մեդիային մասին Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին  թեկնածուների  համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորման` «Տեսալսողական մեդիային մասին» ՀՀ  օրենքի (16.07.2020թ) համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց ներգրավվածության  իրավական հիմքերը խոցելի են, ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը բավարար երաշխիքներ եւ գործուն հնարավորություններ չի ապահովում կանանց ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Մասնավորապես, Օրենքում (Հոդված 23, 2-րդ կետ),  սոսկ ամրագրված է, որ Հանրային հեռարձակողի կառավարման խորհրդի կազմը (7անդամ) պետք է սեռային ներկայացվածություն ապահովի` առանց հստակեցնելու մեխանիզմը կամ համամասնությունը:

Նույն անորոշ` «սեռային ներկայացվածություն» ձեւակերպումն  է նաեւ  Կարգավորող պետական մարմնի (7անդամ)  կազմավորման պարագայում (Հոդված 35, 1-ին կետ): Ըստ էության, որոշումներ կայացնող եւ վերահսկողական բացառիկ նշանակություն ունեցող այս երկու կարեւորագույն մարմիններում լավագույն դեպքում մեկական կին է ներկայացված:

Այսպիսի կացությունը չի արտացոլում  ՀՀ Սահմանադրությունը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ շրջանակներում գենդերային հարցերի վերաբերյալ ընդունված փաստաթղթերը եւ ՀՀ ստանձնած պարտավորությունները:

Այսպես` ՀՀ Սահմանադրությունը (Հոդված 86) երաշխավորում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը,  իսկ կանանց եւ տղամարդկանց միջեւ փաստացի հավասարության խթանումը պետության քաղաքականության հիմնական նպատակներից է:

2013թ. գործում է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը:

2014-2016 թթ. ՀՀ-ն ստորագրել է ԵՄ տնտեսական աջակցության մի շարք փաստաթղթեր, պարտավորվել է ապահովել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կատարումը եւ մշտադիտարկումը:

2016թ. ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգը», ուր  գենդերային հավասարության եւ կանանց զորացման ուղղությունը 17 թիրախային ուղղություններից մեկն է:

ՄԱԿ-ի անդամ  պետությունները Կայուն զարգացման օրակարգի ընդունմամբ (2015) համաձայնել են մինչեւ 2030թ. բոլոր ոլորտներում հասնել կանանց եւ տղամարդկանց լիակատար`  50/50  հավասարության:

2018 թ-ից  ՀՀ-ն  ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ է եւ վերահաստատել է բոլոր մակարդակներում կանանց դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու հանձնառությունը:

2019թ. ՀՀ կառավարությունը հաստատել է  «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թթ. ռազմավարությունը» եւ միջոցառումների ծրագիրը, որը քվոտաների ներդրումը  դիտարկել է որպես կանանց առաջխաղացման ազգային արդյունավետ մեխանիզմ:

Այնուամենայնիվ, մենք հեռու ենք փաստացի իրավահավասարությունից Գենդերային ճեղվածքի ինդեքսում Հայաստանը  նահանջ է արձանագրել` նախորդ երեք տարիների 98-րդից  հորիզոնականից 2021-ին 156 երկրների մեջ  հայտնվել է 114-րդում:

Հռչակված նորմերը եւ հանձնառությունները դեռեւս  հեռու են գործնական քաղաքականությունից եւ այս ուղղությամբ որակական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են օրենսդրական ամրագրումներ, եւ նույնքան կարեւոր` քաղաքական կամք:

1.2. Միջազգային փորձի ուսումնասիրությունից առանձնացրել ենք հետեւյալը.

Իռլանդիայի հեռարձակման մարմին` բաղկացած 9 անդամից, որոնցից ոչ պակաս, քան 4-ը պետք է տղամարդ լինեն, եւ նրանցից ոչ պակաս, քան 4-ը` կին:

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիա` բաղկացած 19 անդամից, որոնցից առնվազն  6-ը կին պետք է լինեն:

Արգենտինա` բոլոր խորհուրդներում եւ վերահսկիչ հանձնաժողովներում  կանանց եւ տղամարդկանց ներգրավվածությունը հավասար թվով պետք է լինի, որը կարգավորվում է  հավասարազոր հասարակության հասնելու ընդհանուր բանաձեւով:

Ֆրանսիայի հաղորդակցության կարգավորող մարմնի 9 անդամները նշանակվում են ըստ Ֆրանսիային գենդերային հավասարության ինդեքսի, որը 45-55%-ի շրջանակում է:

Մակեդոնիայի հեռուստառադիոյի խորհուրդ` կազմված 7 անդամից, որոնք նշանակվում են երկու սեռերի հավասար ներկայացվածությամբ:

Մոլդովայի տեսալսողական վերահսկիչ խորհուրդ` բաղկացած  9 անդամից, որոնք նշանակվում են գենդերային հավասարության սկզբունքով:

Մի շարք երկրներում Հանրային հեռարձակման վերահսկիչ եւ առհասարակ կարգավորող մարմիններում կանանց ներգրավվածությունը կարգավորվում է սեռերի հավասարության ինդեքսներով, բանաձեւերով եւ այլ իրավական համընդհանուր նորմերով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկում ենք «Տեսալսողական մեդիային մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 23-ի 2-րդ կետում եւ Հոդված 35-ի 1-ին կետում «սեռային ներկայացվածություն»  ձեւակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից» բառերը:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Տվյալ փոփոխությամբ մասնակիորեն կհաղթահարվի  Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը,  հանրային ընկալումներում կարժեւորվի կանանց ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը,  գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի  խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կազմակերպությունները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից: Նախաձեռնությանը տեղեկատվական եւ փորձագիտական աջակցություն են ցուցաբերել  «Կանանց տեղեկատվական եւ վերլուծական ցանց»,  «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ները, Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI):

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Նամակ