Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-530-10.03.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  նոր խմբագրությամբ.

«Հոդված 20. Պետական հրդեհային հսկողությունը եւ վերահսկողությունը

1. Պետական հրդեհային վերահսկողությունը եւ հսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ հետեւանքների վերացման նպատակով:

2. Տեսչական մարմինը՝ պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝

1) առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.

2) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական, պահանջների կատարման եւ խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացնել տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների եւ այլ օբյեկտների հետազոտություններ,ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստուգումներ.

3) մասնակցել շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության (տեղաբաշխման), ինչպես նաեւ ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

4)  հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական, պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակել եւ առաջարկել լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.

5) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիներին տալ կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական, պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու եւ իրացումը դադարեցնելու մասին.

6) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական, պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտերի շահագործումը:

7) սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ:

8) հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պատասխանատվության միջոցներ:

3. Հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաեւ հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման եւ շահագործման կարգը սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը.

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները:

5. Դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ Տեսչական մարմնի կողմից:

6. Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացվող որոշումները, ցուցումները, կարգադրությունները եւ այլ իրավական ակտերի պահանջները պարտադիր են պետական կառավարման, տրածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

7. Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները եւ կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար՝ նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել  20.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1. Տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը եւ դրանց կատարումը

1. Հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով՝ Տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող հետեւյալ վարչական ակտերը (այսուհետ՝ սահմանափակող ակտ).

1) որոշում.

2) կարգադրագիր:

2. Սահմանափակող ակտը պետք է պարունակի.

1) Տեսչական մարմնի լրիվ անվանումը.

2) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը.

4) սահմանափակող ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

5) սահմանափակող ակտի ընդունման իրավական հիմքը.

6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

7) սահմանափակող ակտի կատարման ժամկետը.

8) սահմանափակող ակտի գործողության ժամկետը.

9) սահմանափակող ակտն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը եւ ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

10) սահմանափակող ակտի բողոքարկման ժամկետը եւ մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

11) Տեսչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե սահմանափակող ակտը ստորագրվել է ձեռագիր:

3. Սահմանափակող ակտը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանափակող ակտը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում եւ վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

5. Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելիս Տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը եւ կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

1) սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

2) սահմանափակող ակտի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից սահմանափակող ակտի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը.

4) Սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

8.  Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում սահմանափակող ակտի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N730-Լ որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N1071-Ա որոշման 6-րդ կետով իրականացված փոփոխություններով Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետութունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին: Տեսչական մարմնի կողմից, օրենքով սահմանված գործառույթներով պայմանավորված, վերահսկողություն է իրականացվում այնպիսի անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման հետ: Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ներկայումս սահմանված իրավակարգավորումների շրջանակներում հնավարովություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր եւ որոշումներ՝ որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործողությունները, սակայն ոլորտները կարգավորող իրավական ակտերով՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով առանձնացված չեն կոնկրետ վարչական ակտերին վերաբերող առանձնահատկությունները, ինչպես նաեւ սահմանված չեն նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգերը: Արդյունքում, օրենսդրությամբ օրենսդրությամբ սահմանված չեն գործուն մեխանիզմներ հայտնաբերված խախտումների պարագայում տնտեսավարողներին հարկադրելու  դրանց վերացման մասով գործողություններ կատարելու, ինչպես նաեւ մինչեւ այդ գործողությունների կատարումը ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2001 թվականի ապրիլի 18-ին, ինչի պատճառով նշված օրենքի տեքստի որոշակի նորմեր՝ ներառյալ 20-րդ հոդվածը, չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին« օրենքի 4-րդ գլխով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: Ի լրումն նշվածի՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածում Տեսչական մարմնի լիազորությունների մեջ, արդեն իսկ նշված պատճառնելով, անհրաժեշտություն է առաջացել լրացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող, որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող եւ վարչական ակտի կատարումն առավել արդյունավետ կիրառելուն նպաստող լիազորություն՝ առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը):

Ելնելով վերոգրյալից՝  ներակյացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավական բացը լրացնելու եւ  մարդկանց անվտանգությանը սպառնացող խախտումների պարագայում վերահսկողության գործուն իրավական մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանել եւ հստակեցնել՝

1) Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները,

2) Տեսչական մարմնի լիազորությունները եւ իրականացվող վերահսկողության մի շարք ընթացակարգերը եւ լիազորությունները, ներառյալ՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները:

3) Վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Տեսչական մարմնի կողմից համատեղ:

4.Ակնկալվող արդյունքը

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները եւ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները դարձնել առավել արդյունավետ՝ բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության՝ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն