Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 183.3-րդ, 183.4-րդ եւ 183.5-րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 183.3. ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՍԱՐՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՎԻՃԱԿՈՒՄ ՉՊԱՀԵԼԸ
1. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին այդ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության, `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին` վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 183.4. ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԿԱՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԶՈՐԱԽԱՂԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
1. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր եւ ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին` վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր եւ ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 183.5. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼԸ
1. Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին` վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 235-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «կատարված),» բառից հետո լրացնել «183.3-րդ հոդվածով, 183.4-րդ հոդվածով, 183.5-րդ հոդվածով,» բառերը.
2) 2-րդ մասում.
ա. 1-ին կետում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «183.3-րդ, 183.4-րդ,» բառերը,
բ. լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«4) սույն օրենսգրքի 183.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` կայազորային ռազմական ոստիկանության պետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ) համահունչ եւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ` կանոնագիրք) կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաեւ առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը` որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում` մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ եւ կարգավորումներ: Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
Զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը բարելավելու, ծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու, 2020 թվականին հայտարարված զորահավաքի վերլուծության արդյունքներով կանոնակարգումներ նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ` օրենք) իրականացնել մի շարք համալիր բնույթի կանոնակարգումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ըստ ծառայության կազմակերպման համակարգերի առավել ընդգրկուն սահմանել զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով եւ ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միեւնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաեւ սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները եւ այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, միաժամանակ, հաշվի առնելով մի շարք դեպքերով առկա դատական պրակտիկան, օրենքում սահմանվում է, որ զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը չի հանդիսանում նրա հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների ծառայության այլ վայր փոխադրելու հետ կապված գործընթացների վրա չեն տարածվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ դրույթները, առկա խնդիրների լուծման նպատակով հստակեցվում են մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման, հանգստյան եւ ոչ աշխատանքային տոնական օրերին աշխատանքի դիմաց այդ ժամանակահատվածով շաբաթվա այլ օրերին հանգստի տրամադրման անհնարինության դեպքում այդ օրերը զինծառայողի ամենամյա արձակուրդին ավելացնելու կարգը, ներառյալ նախկինում զինծառայությունից արձակված անձանց հետ համապատասխան վարչարարության իրականացման ընթացակարգը, որոնց տրվում է նաեւ հետադարձ ուժ, հստակեցվում են զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները, ներառյալ որպես կարիքավոր հաշվառված, ծառայության ընթացքում բավարարում չստացած եւ զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչեւ 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով եւ նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչեւ 2019թ-ը` քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաեւ ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ եւ արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված եւ ծառայության ընթացքում բարելավում չստացած` քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար սահմանված պատվովճար ստանալու իրավունք սահմանել նաեւ աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար, ինչպես նաեւ անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք այլ բնույթի ընթացակարգային լուծումներ: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ իրականացնել զինծառայության պատշաճ կազմակերպման եւ դրա ապահովման վրա էական ազդեցություն ունեցող մի շարք այլ փոփոխություններ: Մասնավորապես, զինվորական կարգապահության ամրապնդման, պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում իրավական հետեւանքի սահմանման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չհաշվարկել զինվորական ծառայության ստաժում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով («Պատիվ ունեմ» ծրագրով) ուսումնառություն անցած (անցնող) անձանց համար սահմանափակում նախատեսել կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստանալու գործընթացում, քանի որ հակառակ պարագայում վտանգվելու է քաղաքացու հետ կնքված համապատասխան պայմանագրի վերջնական արդյունքը, կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում սահմանել համապատասխան չափով հրաժարագնի վճարման պարտավորություն եւ ստացած զինվորական կոչման չեղարկում, վարժական հավաքների կազմակերպման գործընթացում առաջացած խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտանեկան մի շարք պայմաններ, որոնք ունեցող պահեստազորայինները չեն ներգրավում վարժական հավաքներին, հստակեցնել վարժական հավաքներին կանչված զինծառայողների վրա պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները տարածելու հանգամանքը, ինչպես նաեւ վարժական հավաքների կազմակերպման գործընթացում որպես վարժական հավաքի անցկացման նպատակ նախատեսել նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավումը (ներկայումս ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ նախատեսված է վարժական հավաքի կանչված զինծառայողին միայն կամավոր հիմունքներով` պայմանագիր կնքելու միջոցով, մարտական հերթապահության ներգրավումը), օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված փոփոխությունների հաշվառմամբ հստակեցնել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված հիմքերով արձակելու դեպքում օրենքով սահմանված տուգանքի ձեւով իրավական հետեւանքի ծագման ժամկետը` հիմքում ունենալով նախկինում գործող հետուսումնական տասամյա ժամկետը, ինչպես նաեւ այդ կարգավորմանը տալով հետադարձ ուժ` 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: Օրենքը նաեւ հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն: Բացի այդ, «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով սահմանված է պաշտպանության նպատակով խաղաղ եւ պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները` որպես ռազմատրանսպորտային պարտականություն, որի շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ ներգրավում են անցկացվող վարժական հավաքներին, զինվորական մարզումներին եւ զորավարժություններին, իսկ քաղաքացիներին պատկանող համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է պատերազմի ժամանակ, սակայն ռազմատրանսպորտային պարտականության խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Այդ նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Միաժամանակ, իրավախախտումների կանխարգելման, զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող բացառապես այդ իրավունքն ունցող անձի կողմից կրումն ապահովելու, պաշտպանության ապահովման գործընթացում էական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների ներգրավման կարեւորության նկատառումներից ելնելով, առաջարկվում է վարչական պատասխանատվությունը սահմանել տուգանքի ձեւով, ինչպես նաեւ տուգանքի չափերը նախատեսել բարձր եւ կոնկրետ չափերով:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն, 06.04.2017թ. N 347-Ն, 09.08.2018թ. N 898-Ն, 18.10.2018թ. N 1174-Ն, 06.12.2018թ. N 1419-Ն եւ 04.02.2021թ. N 141-Ն որոշումներում, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրման կարգը, դրանց համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքների ձեւերը, ինչպես նաեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք կարգավորիչ ակտերում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրենքների նախագծերի փաթեթը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ եւ վեցերորդ պարբերությունների ու 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս` զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինված ուժերի կարգապահության խթանման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 8-րդ կետի 8.3 եւ 14-րդ կետի 14.3 ենթակետերի, ՀՀ կառավարության 16.12.2021թ. N 2098-ԼՀԳ որոշմամբ հաստատված հայեցակարգի միջոցառումների ծրագրի 3.5-րդ կետերի պահանջների կատարման հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 294-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ