Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-493-17.01.2023,17.03.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը «լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերից հետո լրացնել «Դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» նախադասությունը:

Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման պահից անցել է հինգ տարի եւ ավել ժամանակահատված, լիցենզիաների գործողությունը երկարաձգելու համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հետեւյալ ժամկետներում՝ դեղերի մեծածախ իրացման, Երեւան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ երկու տարվա ընթացքում, Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ վեց ամսվա ընթացքում, Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ մեկ տարվա ընթացքում, մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնարի, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ երկու տարվա ընթացքում, մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ տասնութ ամսվա ընթացքում, մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք՝ երեք տարվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին: Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման պահից անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարի լրանալու դեպքում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ են ներկայացնում ընդհանուր հիմունքներով:

3. Սույն հոդվածով սահմանված ժամկետներում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզավորված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հինգ տարի առաջ իրենց տրամադրված լիցենզիաների գործողությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում չդադարեցնելու դեպքում լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ