Armenian ARMSCII Armenian
Պ-4361-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 15-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրիչների այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունք ստանալու համար նախատեսված արտադրատեսակ.»,

բ.  17-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

գ. 18-րդ եւ 19-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770  որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II եւ III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, եւ որի շահագործումը, կիրառման հրահանգին համապատասխան, ապահովում է մարդկանց, ունեցվածքի եւ շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV եւ V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ եւ հարմարանքներ (սարքեր).».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենցաղային եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաեւ տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը եւ կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական եւ համայնքային նշանակության կամ պետական եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: