Armenian ARMSCII Armenian
Պ-4363-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.19-18.24-րդ կետերով.
 
 «18.19.  Հրագործական արտադրատեսակների արտադրություն  բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 18.20.  Հրագործական արտադրատեսակների ներմուծում  բազային տուրքի 2000-ապատիկի չափով
 18.21.  Հրագործական արտադրատեսակների առեւտուր (իրացում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի)  բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 18.22.  Հրագործական արտադրատեսակների պահեստավորում  բազային տուրքի 700-ապատիկի չափով
 18.23.  Հրագործական արտադրատեսակների տեղափոխում  բազային տուրքի 500-ապատիկի չափով
 18.24.  Հրագործական արտադրատեսակների կիրառում
(շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի)
 բազային տուրքի 400-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 «26.  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)  բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-26.6-րդ  կետերով.
 
 «26.1.  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների ներմուծում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)  բազային տուրքի 2500-ապատիկի չափով
 26.2.  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների առեւտուր  բազային տուրքի 1500-ապատիկի չափով
 26.3.  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների պահեստավորում  բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 26.4.  պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների տեղափոխում  բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 26.5.  պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում  բազային տուրքի 800-ապատիկի չափով
 26.6.  պայթեցման աշխատանքների կատարում  բազային տուրքի 800-ապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակում 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: