Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-4365-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի 169.16-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքավորումներ կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:»

2) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10.Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների համապատասխան լիցենզիայի պայմանները կամ պահանջները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:»

3) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները կամ պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

4) լրացնել նոր 11.1-ին եւ 11.2-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«11.1. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուրը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչեւ երեքհազարհինգհարյուրապատիկի չափով.

11.2. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ