Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-535-23.03.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի
ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու (ծառայողի) եւ Լիազոր մարմնի միջեւ կնքվում է 3-12 ամիս կամ 1-5 տարի ժամկետով փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր, որը ստորագրում է՝

1) բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Լիազոր մարմնի ղեկավարը.

2) ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար փրկարար ծառայության տնօրենը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 34.1. Ծառայողների ատեստավորումը

1. Փրկարար ծառայության բարձրագույն (բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների), գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:

2. Ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը մինչեւ ատեստավորումը իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումը անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:

3. Փրկարար ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողը ենթակա է ատեստավորման: Մինչեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելը առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:

4. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

5. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

6. Փրկարար ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

10. Եթե ծառայողը ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:

11. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

12. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը`

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.

4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

13. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

15. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

16. Հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելիս:

17. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) բարձրագույն, գլխավոր ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնողները՝ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնին՝ Փրկարար ծառայության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.»,

2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում.»,

2) 1-ին մասի «ժգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում.»,

3) 1-ին մասը լրացնել «ժդ» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժդ) սույն օրենքի 34.1-ին հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար չդիմելու դեպքում կամ սույն օրենքի
34.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորման համար կրկին չդիմելու դեպքում կամ ատեստավորման արդյունքում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում:»,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ մաս.

«3. Ծառայողները (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) ազատվում են Փրկարար ծառայությունից սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում չդիմելու դեպքում:»:

Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով:

Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով, իսկ «համարժեք» բառը՝ «հավասարազոր» բառով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:

2. Փրկարար ծառայության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 34.1-ին 1-ին մասով նախատեսված ատեստավորումը անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:

3. Փրկարար ծառայության գործող կառուցվածքում ներառված, սակայն Ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո գործունեությունը դադարեցվող հիմնական մասնագիտական կառուվածքային ստորաբաժանումների ծառայողների ցանկը, ովքեր ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: