Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5351-23.03.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «զինծառայողների» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1 մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, ինչպես նաեւ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես՝ հաշվի առնելով փրկարար ծառայության գործառույթների տիրույթում գտնվող առկա մարտահրավերները՝ հրամայական է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց եւ բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով փրկարար ծառայությունում փրկարարական ծառայությունը, ինչպես նաեւ կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ փրկարարական ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն օրենքի նախագծով կանոնակարգվելու է փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագիրը, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հայեցակարգային դրույթների հիման վրա.

1) ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիսից,

2) ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Փրկարար ծառայության բոլոր ծառայողները, բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների: Նշված բացառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործող ուսումնական հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը Ներքին գործերի նախարարության կազմում եւ ուսումնական հաստատության ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն այլ իրավակարգավորումներով:

3) պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգն ու պայմանները կարող են լինել տարբեր,

4) մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Փրկարար ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր եւ մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության,

5) ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային եւ տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով,

6) կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաեւ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար,

7) ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակման դեպքում:

Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Փրկարար ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:

Հատկանշական է, որ հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշման շրջանակներում: Այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ փրկարար ծառայության ոլորտում աշխատավարձային այս քաղաքականությունը նպաստելու է նաեւ ծառայողի եկամտի հաշվարկում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում ապահովագրավճարի երաշխավորմանը, այսինքն՝ ընդհանուր եկամտից դուրս է բերվելու ապահովագրավճարի չափը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ բարձրացնելով փրկարարական ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, կմեծանա նաեւ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեում եկամուտների նվազեցման: Նախագծերի ընդունմամբ կառաջանան բյուջետային ծախսեր, որը կներկայացվի ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանող Կառավարության որոշման նախագծով: Միաժամանակ, 2023 թվականի համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի տրամադրումը կիրականացվի Արտակարգ իրավիճակների նախարարության խնայված միջոցների հաշվին, իսկ 2024 թվականից սկսած կպահանջվի համապատասխան ֆինանսական միջոցների հատկացում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն