Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-536-23.03.2023-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «եւ սույն հոդվածով» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. Աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտարարված վարժական հավաքներին մասնակցողների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետեւ՝ Նախագիծ):

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանել է աշխատանքային հարաբերությունների կարգավորումը՝ կապված զինվորական ծառայության անցնելու հետ, որի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 59-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների համաձայն՝ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), իսկ օրենքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ զինվորական վարժանքներին եւ զորավարժություններին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը:

Սահմանված կարգավորումների տրամաբանությունը կայանում է նրանում, որ զինվորական վարժանքները կամ զորավարժություններն անցկացվում են առավելագույնը 10 օրացուցային օր ժամկետով, որի ընթացքում դրանց ներգրավված աշխատողների միջին աշխատավարձն այդ օրերի քանակով պահպանելու հանգամանքը մեծ բեռ չէ գործատուների համար, իսկ վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ մինչեւ 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավայրում վարձատրության պահպանումը խնդիրներ կառաջացներ գործատուների մոտ՝ այդ թվում նաեւ ժամանակավոր բացակայող աշխատողի փոխարեն այլ անձի հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու եւ վարձատրելու առումով: Ներկայում որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաեւ վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ: Այդ նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով եւ սահմանել, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի եւ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության ընդհանուր գումարը մոտարկել բարձր աշխատավարձի չափին, եւ մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:

Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանված է պետական պարտականությունների կատարման ընթացքում վարձատրության վերաբերելի կարգավորումները, իսկ վարժական հավաքների դեպքում, գործող կարգավորումներով ստացվում է, որ գործատուն պարտավորություն չունի աշխատավարձի պահպանման հարցում, ինչը խնդիրներ է առաջացնում աշխատողների շրջանակում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով հստակեցվում են վարժական հավաքների կանչված եւ աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները եւ սահմանվում է, որ աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ հաշվի է առնվել ներկայացված կարծիքները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում վարժական հավաքներին մասնակցող աշխատողին գործատուի կողմից յուրաքանչյուր օրվա համար կշարունակվի վճարել աշխատողին մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը կորոշվի գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն