Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետեր.
«ճարտարագիտատեխնիկական աշխատող՝ գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող եւ գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.
գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող՝ պետական հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կազմի աշխատող, որն իրականացնում է նաեւ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն.».
2) 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետեր.
«գիտական դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններով գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին գիտական հետազոտությունների իրականացման նպատակով անհատույց տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.
գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքման, վերլուծության եւ տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ գի տական կազմակերպությունների, դրանց ենթակառուցվածքների, կառավարման, տնտեսական եւ հետազոտական գործընթացների, ինչպես նաեւ աշխատողների (այդ թվում՝ ոչ գիտական) մասին, որոնք անհրաժեշտ են պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման, մշտադիտարկման եւ գնահատման ամբողջ գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում 3-րդ մասը՝
1) «բ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.
«գ) անցնել ատեստավորում՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.
«9. Կառավարությունը հաստատում է գիտական պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները եւ դասակարգման չափանիշները՝ ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքների ցուցանիշները:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2-4-րդ մասերով.
«2. Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը եւ դրանց կանոնադրությունների օրինակելի ձեւը հաստատում է կառավարությունը:
3. Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձեւավորում է կառավարման խորհուրդ՝ ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության եւ էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձեւավորումը եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
4. Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական եւ գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները եւ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն կամ մահվան դեպքում կամ լրացել է նրա 75 տարին կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «,«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «եւ գիտալուսավորչական» եւ «գիտությունների հասարակական ակադեմիաներ,» բառերը.
2) 2-րդ մասից հանել «ներառյալ՝ գիտությունների հասարակական ակադեմիաներին,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «ԳԱԱ» բառը փոխարինել «Ակադեմիայի» բառով:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «եւ գիտության այլ բնագավառների» բառերը,
բ. «է» կետում «կարգի» բառը փոխարինել «կարգերի» բառով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ» կետով՝
«ժ) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 15.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15.1. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն
1. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահը:
2. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն՝
1) մասնակցում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ մշակում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
3) հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բյուջետային գործընթացը.
5) ստեղծում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ եւ կազմակերպում է դրանց աշխատանքները.
6) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները՝ հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները եւ որակավորման գործի ուսումնասիրությունը.
7) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները՝ հիմք ընդունելով բուհերի եւ գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
8) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
9) հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
10) հաստատում է ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշները.
11) իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն կարող է ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաեւ կարող է ձեւավորել մասնագիտական եւ խորհրդակցական մարմիններ՝ հաստատելով դրանց աշխատակարգը եւ անվանական կազմը:»:
Հոդված 10. Օրենքի 15.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասում եւ 9-րդ մասին հաջորդող պարբերությունում «Բարձրագույն որակավորման կոմիտեն» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն» բառերով.
2) 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1 մասով.
«9.1. Գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ եւ գիտական կոչումներ՝ հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի՝ գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նրա կողմից ստացված գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը:»:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի» բառերը.
2) 2-րդ մասում «լրացուցիչ վարձատրությունից» բառերը փոխարինել «հավելավճարից» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.
«2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը եւ կարգը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «գ» կետում «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինել «գիտական դրամաշնորհային» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-7-րդ մասերով.
«5. Կառավարությունը հաստատում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձեւերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության տեսակները եւ կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձեւերով իրականացվող մրցութային ծրագրերի հրավերների փաթեթները եւ մրցույթների արդյունքները սահմանված կարգով հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
7. Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձեւով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավել տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի եւ գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:»:
Հոդված 15. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: