Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 8.1.-րդ, 8.2.-րդ, 8.3.-րդ եւ 8.4.-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8.1.Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ միաժամանակ տրված կարգադրագրի չկատարման արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրի չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1.-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:
8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2.-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
8.4. Սույն հոդվածի 8.3.-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: