Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-548-03.04.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ դրոշի մասին» օրենքով սահմանվում է ՀՀ դրոշի նկարագրությունը եւ գործածման կարգը: Օրենքը սահմանում է նաեւ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Նշված է, որ «Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա…:»:

Միեւնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2022 թվականի մարտի 23-ին կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար (տուգանքի նշանակում` 30-ից 50 հազար դրամի չափով):

Այսինքն, Օրենսգրքում վարչական պատասխանատվության ենթակա իրավախախտումների շարքում ավելացվել  է ՀՀ դրոշի գործածման, այդ թվում` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն: Ընդ որում, թե ՀՀ դրոշին ներկայացվող նշված պահանջները, թե այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին (օր.` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների եւ այլ օրենքով սահմանված շենքերի վրա):

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն եւ վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ համաձայն` նշված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարանին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով:

Իսկ նշված արձանագրությունը կազմելու իրավասությունը վերապահված է ոստիկանության իրավասու մարմնին:

Հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը եւ նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումն անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ Ոստիկանությանը:

Այսպիսով, վերոշարադրյալի համատեքստում կարեւորելով ՀՀ դրոշի, որպես ՀՀ պետական խորհրդանիշի արժեւորումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծերով առաջարկվում է`

1. Հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես` ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ,

2. Հաշվի առնելով, որ սույն հոդվածի շարադրանքը խնդրահարույց է նաեւ տրամաբանական հաջորդականության պահպանության տեսանկյունից, հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի միջոցով կապահովվի հոդվածի որոշակիությունը` հստակ սահմանելով ՀՀ դրոշին ներկայացվող ընդհանուր պահանջները եւ ՀՀ բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները:

3. Հստակեցնել ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաեւ առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական եւ պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը:

4. Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը ՀՀ վարչական դատարանի փոխարեն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար, ինչպես նաեւ ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը եւ որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից` Հայաստանի Հանրապետության դրոշի արժեւորմանը եւ ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում