Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-549-04.04.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում նաեւ վտանգավոր հիվանդությունների բռնկման ռիսկերը մեծանում են բնական եւ տեխնածին աղետների, զանգվածային միջոցառումների անցկացման հետեւանքով: Այս բոլոր իրավիճակները պահանջում են օպերատիվ եւ արագ արձագանք, հակահամաճարակային մի շարք միջոցառումների իրականացում եւ բժշկական անձնակազմի անվտանգ աշխատանքի կազմակերպում:

«Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պատրաստվել եւ ներկայացվում է ԱՊՀ Առողջապահության համագործակցության խորհրդի կողմից՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2021 թվականի մայիսի 28-ի որոշումը կատարելու նպատակով:

Համաձայնագիրը մշակվել է՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի Համաձայնագրի դրույթները, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ԱՀԿ ռազմավարությունը (2005 թ.) եւ սանիտարահամաճարակաբանական բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում միջոցառումների իրականացման ծրագիրը:

Ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում համագործակցության կարեւորությունը, որոնց համար պահանջվում է անցկացնել միջոցառումներ՝ ուղղված ԱՊՀ մասնակից պետության տարածքի սանիտարական պաշտպանությանը, այդ թվում՝ մասնագիտացված հակահամաճարակային թիմերի օգնությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին տարիներին վտանգավոր վարակիչ հիվանդությունների եւ համաճարակային ռիսկերի աճը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կարեւորում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության խորացումը եւ նպատակահարմար է համարում վավերացնել 2022թ. հոկտեմբերի 28-ին հատուկ կարծիքով ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Համաձայնագիրը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ վերապահումով:

2. Կարգավորման նպատակը

Կարգավորման նպատակն է շարունակել, ուժեղացնել եւ ընդլայնել հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջեւ համագործակցությունը՝ ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքները սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների առաջացումից եւ դրանց հնարավոր հետեւանքներից պաշտպանելու փոխադարձ շահերից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Հայաստանի Հանրապետություն եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններ:

4. Ակնկալվող արդյունք

Համաձայնագրի մասնակից պետությունների (այսուհետ՝ Կողմերը) միջեւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ համագործակցության ամրապնդում, փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար նպաստավոր պայմանների ստեղծում՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա վտանգի մասին Համաձայնագրի մյուս Կողմերին արագ իրազեկումն ապահովելու, անհրաժեշտության դեպքում մասնագիտացված հակահամաճարակային թիմերին ներգրավելու միջոցով:

Փաստաթուղթը սահմանում է աշխատանքի հիմնական ոլորտները եւ մասնագիտացված հակահամաճարակային թիմերի աշխատանքի կարգը, վերջիններիս տեղափոխումը մյուս Կողմի պետության տարածքում գտնվող արտակարգ իրավիճակի գոտի, տեղեկատվության եւ այլ հարցեր:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Վարակիչ հիվանդությունների կանխարգելում» 17-րդ կետի, «Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներին եւ համավարակներին առողջապահության համակարգի արագ եւ արդյունավետ արձագանքման ապահովում» 20-րդ կետի, «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելում եւ արձագանքում» 18-րդ կետի, ինչպես նաեւ «Հանրության (մարդու) առողջության պահպանում՝ առողջության պաշտպանություն եւ խթանում, հիվանդությունների կանխարգելում» 19-րդ կետի իրականացմանը:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ՝                                ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին:

Համաձայնագրի նպատակն է  Կողմերի միջեւ հանրային առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Կողմերից մեկի պետության տարածքում անդրսահմանային տարածման պոտենցիալ ունեցող արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա առաջացման վտանգի ի հայտ գալու դեպքում տվյալ Կողմն արտակարգ իրավիճակի առաջացման փաստի մասին տեղեկացնում է մյուս Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաեւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ տվյալ ոլորտում համապատասխան բազային կազմակերպությանը: Կողմերից մեկի պետության տարածքում արտակարգ իրավիճակի վերացման հետ կապված խնդիրների իրականացման ժամանակ մասնագիտացված հակահամաճարակային բրիգադները պարտավոր են պահպանել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջեւ կնքված երկկողմ համաձայնագրերը, հայցող Կողմի ազգային օրենսդրությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով),  Հայաստանի Հանրապետության Կառավարության (հատուկ կարծիքով), Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օրը լրանալուց հետո:

2023թ. հունվարի 11-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը կատարվել են Ռուսաստանի Դաշնության կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                     ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԻԾԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

 Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում օգտագործվող տերմինները ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն, ուստի, ելնելով վերոնշյալից, առաջարկվում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարել լրացումներ՝ սահմանելով «հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակ», «մասնագիտացված հակահամաճարակային բրիգադներ», «հանդերձանք», «ծախսանյութեր» տերմինների հասկացությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում եւս Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                   ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 12-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների անդամների վարձատրության, անձնակազմի եւ բրիգադների գույքի ապահովագրության վճարման, ինչպես նաեւ մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների արտակարգ իրավիճակների գոտի եւ հակառակ ուղղությամբ տեղափոխման ծախսերը կրում է տրամադրող Կողմը:

Հայցող Կողմը արտակարգ իրավիճակների վերացման գործում կամ առաջադրանքը կատարելու ճանապարհին կրում է բժշկական օգնություն տրամադրելու ծախսերը՝ ներառյալ մասնագիտացված հակահամաճարակային խմբերի անդամների հիվանդության, վնասվածքի կամ մահվան հետ կապված տրանսպորտային ծախսերը:

Վերոգրյալով պայմանավորված՝ հայտնում ենք, որ Համաձայնագրով նշված հանգամանքների ի հայտ գալու պարագայում կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման անհրաժեշտություն առաջանալ, որի չափը հնարավոր չէ գնահատել՝ տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ          ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱԱ/10.2/30221-2022 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝      ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն