Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 102-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում:»
Հոդված 2. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով.
«7. Եթե համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ խմբակցության կողմից առաջարկված խմբակցության անդամին նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»
Հոդված 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում բոլոր համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակումը ենթակա է համապատասխանեցման սույն օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգին:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը՝ որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Տեղական ինքնակառավարումը սահմանվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների, այսինքն համայնքի ղեկավարի ու ավագանու, իրավունք ու կարողություն՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
Համայնքի ավագանին ընտրվում է համայնքի ընտրելու իրավունք ունեցող բնակչության կողմից ուղիղ ընտրությունների արդյունքում, իսկ համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կազմից եւ վերջինիս կողմից: Սույն դեպքում, թեեւ առաջարկվող կարգավորումը վերաբերում է համայնքի ղեկավարի նշանակման կարգի սահմանմանը, սակայն այն ուղղակիորեն առնչվում է համայքնի բնակիչների՝ սահմանադրությամբ երաշխավորված ինքնակառավարման իրացմանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կատարման մասով ժողովրդի քվեարկության նկատմամբ հարգանքի պահպանումն անհրաժեշտություն է, ժողովրդավարական եւ ազատ ընտրությունների արդյունքների նկատմամբ պետական հարգանքի դրսեւորում ու ինքնակառավարման սկզբունքի կենսագործում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու, այդ թվույմ նաեւ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Արդյունքում ստացվում է, որ ՀՀ վարչապետին տրվում է լիազորություն՝ իր հայեցողությամբ նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, առանց հաշվի առնելու այն փաստը, որ համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ արդեն որոշել են, թե իրենց համայնքի կառավարման գործընթացում որ քաղաքական ուժին են ամենաշատը վստահում: Ըստ էության, այս օրենսդրական կարգավորումը եւ դրա հիման վրա ձեւավորված իրավակիրառ պրակտիկան հակասում է.
1) ՀՀ կողմից վավերացրած Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սկզբունքին.
2) ՀՀ Սահմանադրության 9-րդ եւ 179-րդ հոդվածներում սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքին.
3) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հետեւյալ սկզբունքին. տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
3. Կարգավորման նպատակը
Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդի քվեարկության նկատմամբ հարգանքի պահպանումն է: Սույն հիմնավորման առարկա հանդիսացող օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ վարչապետը պետք է տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, ինչը հիմանվորվում է նրանով, որ համայնքի բնակիչները իրենց ընտրությամբ արդեն իսկ որոշել են, թե որ քաղաքական ուժին վստահել համայնքի կառավարումը, այդ թվում՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Սույն օրենսդրական նախաձեռնությունը խիստ համահունչ է ժողովրդավարական եւ ազատ ընտրությունների արդյունքների նկատմամբ պետական հարգանքի դրսեւորմանը, դրա ապահովմանն ու երաշխավորմանը: Ավելին՝ ընտրությունները հանդիսանում են ժողովրդին պատկանող իշխանության իրացման բարձրագույն, ուղղակի եւ անմիջական դրսեւորում: Հետեւաբար խիստ անհրաժեշտ եւ իրավաչափ է ժողովրդի իշխանության իրացման, նրա ազատ կամահայտնության միջոցով ամենից մեծ թվով մանդատներ ստացած խմբակցության ներկայացուցչի նշանակումը վարչապետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարագայում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արմենուհի Կյուրեղյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,
Առաջարկում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ (093)
ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ (087)
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ (088)
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ (096)