Armenian ARMSCII Armenian
Կ-536-23.03.2023,10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ սույն հոդվածով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող գործատուն առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ հանդիսացող գործատուն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: