Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-558-10.04.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

Հոդված 2. Կամավոր աշխատանքի մասին օրենսդրությունը

1. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 3. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում գործածվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) կամավոր աշխատանք՝ սույն մասի 2-րդ կետով սահմանված անձանց կողմից կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, սույն օրենքին համապատասխան կատարվող աշխատանք.

2) կամավոր՝ սույն մասի 5-րդ կետով սահմանված պայմանագրով կամավոր աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ.

3) կամավորին կամավոր աշխատանքներում ներգրավող կազմակերպություն (սույն օրենքի իմաստով այսուհետեւ՝ Կազմակերպություն)՝ հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ կամ հիմնարկ, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.

4) կամավոր աշխատանքի սուբյեկտ՝ Կազմակերպություն կամ կամավոր.

5) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ կամավորի եւ Կազմակերպության միջեւ սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու մասին գրավոր համաձայնություն.

6) կամավորական ծրագիր՝ կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից մշակվող կամ իրականացվող, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համալիր:

Հոդված 4. Կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները

1. Կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքներն են՝

1) կամավորի կամքի ազատությունը.

2) կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.

3) կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.

4) կամավոր աշխատանքի ընթացքում խտրականության արգելքը. Սույն կարգավորման իմաստով խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կամավոր աշխատանքի ընթացքում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման կամ իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, եւ այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ.

5) մարդասիրությունը, մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.

6) ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:

Հոդված 5. Կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակները

1. Կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակներն են՝

1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական եւ այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.

2) անձի՝ սոցիալական, այդ թվում՝ անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանը աջակցելը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.

4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.

5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաեւ ձեռքբերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.

6) «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը, ինչպես նաեւ երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող այլ անձանց՝ աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն եւ աշխատաշուկայում ինտեգրվելուն աջակցելը.

7) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներին կամ փրկարարական գործողություններին կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու կամ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող աշխատանքներին աջակցություն ցուցաբերելը.

8) կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելը կամ դրանց աջակցելը, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի մասին հանրությանն իրազեկելը կամ կամավորության մշակույթի տարածմանը նպաստելը.

9) սոցիալական պատասխանատվության կամ համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաեւ ինքնակազմակերպվող եւ ակտիվ քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն աջակցելը.

10) հանրությանը մարդասիրական գաղափարների եւ սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ հասարակական գործունեությանը ներգրավվելու հնարավորություն ընձեռելը կամ կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելը.

11) անձի՝ իր գիտելիքներով, կարողություններով, հմտություններով կամ փորձառությամբ օգտակար լինելուն կամ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելուն, ինչպես նաեւ մարդկային կամ սոցիալական կապիտալի ձեւավորմանը նպաստելը.

12) մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը կամ դրանց մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կամ հասարակության մեջ ոչ խտրական վերաբերմունքի կամ փոխօգնության մթնոլորտի ձեւավորմանը նպաստելը.

13) պետական կամ հանրային միջոցառումների անցկացմանն աջակցելը.

14) մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցության մշակույթի զարգացմանը նպաստելը:

Հոդված 6. Կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները

1. Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել միայն՝ այդ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ ունենալու դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով առանց վարձատրության աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:

3. Ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:

4. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր անձ:

5. Մինչեւ տասնչորս տարեկան անձինք կարող են ներգրավվել կամավոր աշխատանքներում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

6. Հղի կանայք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող անձինք, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան անձինք կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ այլ օրենքներով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան:

7. Եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի առողջությունը, ապա Կազմակերպությունը նրան պարտավոր է տեղափոխել միայն իր առողջական վիճակին համապատասխան այլ կամավոր աշխատանքների՝ առկայության դեպքում, եւ չներգրավել կամավոր աշխատանքի, եթե այլ կամավոր աշխատանք առկա չէ:

8. Առանց սույն օրենքով սահմանված կարգով կնքվող կամավոր աշխատանքի մասին պայմանագրի Կազմակերպության կողմից կամավոր աշխատանքի ներգրավվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձն այդ աշխատանքի մասով չի համարվում կամավոր, իսկ տվյալ աշխատանքը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իմաստով համարվում է անօրինական:

9. Սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվում է աշխատանքային փորձառություն:


ԳԼՈՒԽ 2

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 7. Կամավորի իրավունքները

1. Կամավորն իրավունք ունի՝

1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.

2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության՝ կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.

3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում եւ կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով ծախսերի հատուցում.

4) ստանալու վնասի հատուցում.

5) մասնակցելու Կազմակերպության կազմակերպած կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումներին.

6) Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի մասին տեղեկանք կամ երաշխավորագիր՝ Կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

7) կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով ունենալու կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն.

8) ունենալու սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ իրավունքներ:

Հոդված 8. Կամավորի պարտականությունները

1. Կամավորը պարտավոր է՝

1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առեւտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկությունները,

2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերաբերալ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,

3) հատուցել սույն հոդվածով սահմանված պարտականությունները կատարելիս՝ իր գործողության կամ անգործության հետեւանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,

4) նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած միջոցները,

5) մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումներին՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում,

6) կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:

2. Անձը կամավոր դառնալուց առաջ պարտավոր է՝

1) Կազմակերպության հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,

2) Կազմակերպությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում:

Հոդված 9. Կազմակերպության իրավունքները

1. Կազմակերպությունն իրավունք ունի՝

1) մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բարեգործական ծրագրեր ինչպես ինքնուրույն, այնպես էլ կամավոր աշխատանքի այլ սուբյեկտների հետ համատեղ.

2) սույն օրենքով սահմանված կարգով ներգրավելու կամավորներ.

3) կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.

4) լուսաբանելու իր կողմից ներգրավված կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները.

5) ապահովելու կամավորի մասնակցությունն իր կողմից իրականացվող կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը.

6) խրախուսելու կամավորին.

7) ունենալու սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավորներ ներգրավելու հետ կապված այլ իրավունքներ:

Հոդված 10. Կազմակերպության պարտականությունները

1. Կազմակերպությունը պարտավոր է՝

1) անձին որպես կամավոր ներգրավելուց առաջ նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով,

2) կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաեւ նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն,

3) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում,

4) գրավոր դիմելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում կամավորին տրամադրել տեղեկանք կամ երաշխավորագիր կատարված կամավոր աշխատանքի մասին,

5) ապահովել կամավորի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին կամ կամավոր աշխատանքին առնչվող իրազեկման այլ միջոցառումներին՝ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ,

6) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում եւ կարգով տրամադրել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, փոխհատուցել կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի՝ այդ աշխատանքի ընթացքում կատարած լրացուցիչ ծախսերը, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով վճարել ծախսերի հատուցումը,

7) ապահովել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ, անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան,

8) հաշմանդամություն ունեցող անձին որպես կամավոր ներգրավելու պարագայում՝ ապահովել նաեւ կամավոր աշխատանք կատարելու համար համապատասխան պայմաններ եւ մատչելիություն,

9) մինչեւ կամավոր աշխատանքի թույլատրելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կամավորի հետ անցկացնել առողջության պահպանման եւ աշխատանքի անվտանգության ապահովման եւ կատարվող կամավոր աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգավորում,

10) կամավորին հատուցել կամավոր աշխատանքի հետ կապված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը,

11) կազմակերպել եւ հսկել կամավորի կողմից կատարվող կամավոր աշխատանքները,

12) չտարածել կամ չհրապարակել կամավորներին կամավոր աշխատանքներում ներգրավելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առեւտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկությունները,

13) կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավորներ ներգրավելու հետ կապված այլ պարտականություններ:

Հոդված 11. Կամավորների հանգստի առանձնահատկությունները

1. Կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամյա անընդմեջ հանգիստը սահմանվում են կողմերի համաձայնությամբ՝ առնվազն պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան աշխատանքի համար սահմանված հանգստի նվազագույն տեւողությունները:

Հոդված 12. Կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերը

1. Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով կամավորին ֆինանսական կամ գույքային միջոցները տրամադրվում են նախապես՝ Կազմակերպության կողմից, իսկ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ ամսվա 15-ը: Սույն մասում նշված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը սահմանվում է նախապես՝ կողմերի գրավոր համաձայնությամբ:

2. Իր բնակության վայրից (քաղաք կամ գյուղ) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում՝ Կազմակերպության կողմից կամավորին տրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական կամ գույքային միջոցներից կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցումից բացի նաեւ ծախսերի հատուցում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգին եւ չափերին համապատասխան:

3. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները, հատուցումները կամ փոխհատուցումները կամավորին վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ անկանխիկ եղանակով:

ԳԼՈՒԽ 3

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հոդված 13. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները

1. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի եւ Կազմակերպության միջեւ սույն օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները համարվում են քաղաքացիական-իրավական հարաբերություններ, իսկ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերություններ, իսկ պայմանագիրը՝ աշխատանքային պայմանագիր:

Հոդված 14. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը

1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:

2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝

1) կնքվում է գրավոր ձեւով, երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի հետ կնքվող պայմանագրի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է կամավորին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է կամավորին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:

3. Կազմակերպությունն իր՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողի հետ չի կարող կնքել նաեւ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը՝ օտարերկրացու հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու դեպքում, սահմանվում է մուտքի վիզայի ժամկետով, եթե օտարերկրացու համար Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված մուտքի վիզա:

Հոդված 15. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի բովանդակությունը

1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են՝

1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը,

2) պայմանագիր կնքող Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

3) կամավորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության կամ հաշվառման հասցեն,

4) կամավորի՝ անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը,

6) կողմերի համաձայնությամբ ապահովագրություն նախատեսվելու դեպքում՝ կամավորին՝ իր կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից կամ նրա քաղաքացիական պատասխանատվությունը՝ երրորդ անձանց վնաս պատճառելու կամ այլ ռիսկի հետ կապված ապահովագրության կարգը եւ պայմանները,

7) կամավոր աշխատանքը կատարելու կարգն ու պայմանները,

8) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքում՝ կամավոր աշխատանք կատարելու համար համապատասխան պայմանների եւ մատչելիության ապահովման վերաբերյալ կարգավորումները, դրանց իրականացման ժամկետները,

9) պայմանագրի գործողության ժամկետը,

10) Կազմակերպության անունից պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, կամավորի անունը, ազգանունը եւ ստորագրությունները:

2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաեւ սույն օրենքից բխող կամ սույն օրենքին չհակասող այլ պայմաններ:

Հոդված 16. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանների փոփոխման կամ պայմանագրի լուծման հիմքերն ու կարգը

1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:

2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել կամ պայմանագիրը կարող է լուծվել նաեւ կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ առնվազն երեք աշխատանքային օր առաջ նախապես այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ կամավոր աշխատանքի մասին պայմանագրով: Սույն մասով սահմանված ծանուցման ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համարվում է լուծված օրենքի ուժով:

ԳԼՈՒԽ 4

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 17. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները

1. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորություններն են՝

1) կամավոր աշխատանքի բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) կամավոր աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

3) կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաեւ կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը կամ իրականացման ապահովումը.

4) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցության տրամադրումը:

Հոդված 18. Կամավոր աշխատանքի սուբյեկտների՝ կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը, կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումը

1. Կամավոր աշխատանքի սուբյեկտների՝ կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը, կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

ԳԼՈՒԽ 5

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 19. Կամավոր աշխատանքի կազմակերպումը օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում

1. Կազմակերպությունը՝ իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հրավերով՝ սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով կարող է կամավորին գործուղել օտարերկրյա պետություն՝ կամավոր աշխատանք կատարելու:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով, ընդունող պետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:

3. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու նպատակով կարող է հրավիրել օտարերկյա քաղաքացիներ՝ սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված միջոցները տրամադրվում կամ ծախսերը փոխահատուցվում կամ հատուցվում են Կազմակերպության կամ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Մինչեւ տասնչորս տարեկան անձինք Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ եւ պատասխանատվությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացված) անձանց:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

Հոդված 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաեւ այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերում նախատեսված առավել բարենպաստ կարգավորումների:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կամավորների հետ կնքված կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի համապատասխանեցումը սույն օրենքի պահանջներին Կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: