Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածում`
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումը` արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավորները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավորներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ եւ կամավոր աշխատանքները կատարում՝ նրանց ղեկավարության ներքո: Սույն մասով նախատեսված կամավորի՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաեւ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով:»:
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Այն անձինք, ովքեր աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեներից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը` որպես կամավոր, կարող են ներգրավվել նաեւ աշխատանքային ժամերին` գործատուի գրավոր համաձայնությամբ:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: