Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-743-22.11.2005-ՍԱ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (30 ապրիլի 1996 թվականի, ՀՕ-55, այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածը լրացնել 71, 72, 73, 74 մասերով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«71. Դեղերի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:

72. Բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը:

73. Բժշկական օգնություն եւ սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդի մեջ պարտադիր պետք է նշվի կազմակերպության կան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը եւ տրամադրման ամսաթիվը:

74. Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «դեղամիջոցների» բառերը փոխարինել «դեղերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: