Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5621-14.04.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ կետով.

«14.1) պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումք եւ մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման որոշում: Առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումքի եւ մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

Առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումքի եւ մթերքի ոչնչացման կարգը սահմանվում է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող մարմնի կողմից:

Հոդված 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ Կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման  կենդանական ծագման մթերքի եւ հումքի  պարտադիր լինելու պահանջի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման պատշաճ մակարդակն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել սննդի շղթայի այն փուլերը եւ գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են  ապահովել սպանդանոցային ծագման  կենդանական ծագման մթերքի եւ հումքի  պարտադիր լինելու պահանջը՝ բացառելով ոչ սպանդանոցային արդյունքում ստացված մսամթերքի շրջանառությունը:

 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրության պահանջների խախտումներով ոչ սպանդանոցային ծագման մթերքի իրացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ ոչ սպանդանոցային ծագման  մթերք հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի կասեցման, առգրավման եւ հետագա ոչնչացնելու գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ, քանի որ ներկայիս  օրենսդրական իրավակարգավորումները խոչընդոտներ են առաջացնում վերահսկողության գործընթացն ամբողջական դարձնելու համար:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծերով առաջարկվում է  փոփոխություններ կատարել «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-իբ մասի 6-րդ կետում՝ հստակեցնելով սննդի շղթայի այն փուլերը եւ գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են  ապահովել սպանդանոցային ծագման  կենդանական ծագման մթերքի եւ հումքի  պարտադիր լինելու պահանջը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի ոչ միայն ապահովել կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը, այլ նաեւ՝ սպառողին ապահովել անվտանգ եւ որակյալ մսամթերքով, կանխել կենդանիների եւ մարդկանց համար վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում կանոնակարգել այն ոչնչացնելու գործընթացը՝ ապահովելով վերոնշյալ ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը:

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում՝ կանոնակարգելով  ոչ սպանդանոցային ծագման  մթերք հայտնաբերելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները, մասնավորապես՝  ամբողջ խմբաքանակի կասեցման, առգրավման եւ հետագա ոչնչացնելու գործընթացը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովել հանրապետության տարածքում սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի իրացումը եւ սպառումը, ապահովել  կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը՝ սպառողին ապահովելով անվտանգ եւ որակյալ մսամթերքով, կանխել կենդանիների եւ մարդկանց համար վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում կանոնակարգել պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները, մասնավորապես՝  ամբողջ խմբաքանակի կասեցման, առգրավման եւ հետագա ոչնչացման գործընթացի հետ կապված: Մինեւույն ժամանակ, իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի հայտնաբերման դեպքում  կասեցնել խմբաքանակի իրացումը, առգրավել եւ ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ:

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

Նախագծի ընդունումը կառաջացնի այլ իրավական ակտի ընդունում կամ դրանցում փոփոխոխություններ կատարելու անհրաժեշտություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն