Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-569-26.04.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.32 հոդվածով. 
  


«Հոդված 169.32
 
 
Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելը
 

1. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելը կազմակերպության համար` առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումից հետո 5 օրվա ընթացքում հաշվետվությունները չներկայացնելն առաջացնում է տուգանք`

1) կազմակերպության (բացառությամբ` ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`

ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպության կողմից կուտակման եւ պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների գումարի 10 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար`

սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելն առաջացնում է տուգանք`

1) կազմակերպության (բացառությամբ` ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`

ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպության կողմից կուտակման եւ պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների գումարի 20 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար`

սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 42.1. հոդվածի 1-ին մասում «հանձնարարականները չկատարելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման շրջանակներում տրվող հանձնարարականների)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 213.2. հոդվածի 5-րդ մասում`

1) «նախազգուշացում:» բառը փոխարինել «տուգանք`» բառով եւ լրացնել նոր կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«1) կազմակերպության (բացառությամբ` ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`

ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը` 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար`

չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ  30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը` չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի  չափով:»,

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո` 15 օրվա ընթացքում զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելն առաջացնում է տուգանք`

1) կազմակերպության (բացառությամբ` ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`

ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, ռազմավարական պաշարների պակասորդ կամ  ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը` 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար`

չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը` չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի  չափով:»,

4) 9-րդ մասում «պահուստում» բառից հետո լրացնել «կամ ռազմավարական պաշարների պահուստում» բառերը:

5) 10-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո` 15 օրվա ընթացքում զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին եւ սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելը, ինչպես նաեւ պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելը առաջացնում է տուգանք`

1) կազմակերպության (բացառությամբ` դեղեր կամ բժշկական նշանակության գույք ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`

այն ապրանքների ձեռքբերման արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ ապրանքները չփոխարինելը` 100 տոկոսի չափով.

2) դեղեր կամ բժշկական նշանակության գույք ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպության համար`

չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ չփոխարինելը` չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի  չափով:»:

6) 10-րդ մասից հետո լրացնել նոր մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«11. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերում նշված ապրանքների արժեքի 300 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «169.8-րդ» թվից հետո ավելացնել «,169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի կամ բժշկական նշանակության գույքի մասով), 2-րդ մասի 2-րդ կետով եւ 3-րդ մասի 2-րդ կետով» թվերը եւ բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 2382 . -րդ հոդվածում «եւ քառասունյոթերորդ  մասերով,»  բառերից հետո ավելացնել «169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով) եւ 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով)» թվերը եւ բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասում «40-45-րդ մասերով,» բառերից  հետո ավելացնել «169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) եւ 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով)» թվերը եւ բառերը:

Հոդված 7. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները դեղերի մասով կկիրառվեն ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւն ու լրացման կարգը Կառավարության կողմից հաստատելուց հետո:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: