Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը ներկայումս սահմանում է, որ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ:
Նման կարգավորումը անհարկի սահմանափակում է ընկերությունների հնարավորությունը ձեւավորված շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը նվազեցնում է ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծումը եւ դրանցում ներդրումների կատարումը, քանի որ բաշխման ենթակա ձեւավորված շահույթը չափազանց ուշ է հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:
Առկա կարգավորումը նաեւ չի խրախուսում ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը եւ ներքին փաստաթղթերի վարումը: Գործնականում բազմաթիվ ՍՊԸ-ներ իրենց մասնակիցներին պարբերաբար գումար են տրամադրում, որը հաշվետու տարվա վերջում ձեւակերպվում է որպես շահույթի բաշխում: Ընդ որում, որոշ դեպքերում այդ գումարները ձեւակերպվում են որպես փոխառություն, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես չեն հաշվառվում եւ ամբողջությամբ մնում են ստվերում:
Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ՍՊԸ-ները հիմնականում ունեն խիստ սահմանափակ թվով մասնակիցներ, որոնք կապված են ընտանեկան, ազգակցական կամ ընկերային կապերով, կամ պատկանում են մեկ մասնակցի: Նման պայմաններում ընկերության շահույթի բաշխման հետ կապված որոշումները կայացվում են առավել օպերատիվ կերպով, սակայն օրենքի սահմանափակումը թույլ չի տալիս իրավական ճիշտ արտացոլում տալ իրականացվող գործարքին` ստեղծելով ավելորդ խոչընդոտ:
2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար:
3.ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձեւավորված շահույթն իր մասնակիցների միջեւ առավել հաճախ բաշխելու հնարովարություն` ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը եւ դրանցում ներդրումների կատարմանը:
Առաջարկվող կարգավորումը նաեւ խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը եւ ներքին փաստաթղթերի վարումը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
5. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
6. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու՟թյունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում