ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ամիս» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «սեռի» բառից հետո լրացնել «եւ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել 19.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 19.1. ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:
3. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու եւ սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ «Պաշտպանության մասին» օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
5. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանց վրա չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «վիճակահանությամբ» բառից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինն առանց վիճակահանության» բառերը.
2) 2-րդ մասի երրորդ նախադասությունում «կարող են ուղարկվել» բառերից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ պարտադիր ուղարկվում են» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում.
1) «բ» ենթակետում «ելնելով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերը.
2) «դ» ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենքի» բառից հետո լրացնել «19.1-ին հոդվածով եւ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 63-րդ հոդվածում.
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «զինծառայողների համար» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների,» բառերը.
2) 4-րդ մասում՝
ա. «ծառայությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերը.
բ. «չափով» բառը փոխարինել «չափերով» բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունենրը եւ լրացումները ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն արական սեռի քաղաքացիների համընդհանուր զինապարտության շրջանակներում դրա իրականացման առաջնային ձեւ է նախատեսվել պարտադիր զինվորական ծառայությունը: Զինվորական ծառայության զարգացման, ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընգրկուն բնույթ հաղորդելու եւ իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ընձեռումը: Այդ նպատակով, անրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքում կանոնակարգել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման, իսկ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ օրենք) սահմանել նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով եւ ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է սահմանել մեկ մլն դրամ չափով: Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է լինելու համապատասխան կարգավորումներ նախատեսել զինվորական հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության 08.11.2018թ. N 1269-Ն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն եւ պարտադիր զինվորական ծառայության շրջանակներում քաղաքացիների փորձաքննության կարգը սահմանող ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշումներում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի, զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիներին ծառայոթյան ավարտի կապակցությամբ պատվովճարի հաշվարկման շրջանակներում, սակայն այդ ծախսերի չափերը հնարավոր չէ հաշվարկել՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունենալու պատճառով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում