Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ամիս» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս» բառերը:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «սեռի» բառից հետո լրացնել «եւ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի» բառերը:
Հոդված 3. Օրենքը լրացնել 19.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 19.1. ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:
3. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու եւ սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ «Պաշտպանության մասին» օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
5. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանց վրա չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:»:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «վիճակահանությամբ» բառից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինն առանց վիճակահանության» բառերը.
2) 2-րդ մասի երրորդ նախադասությունում «կարող են ուղարկվել» բառերից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ պարտադիր ուղարկվում են» բառերը:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում.
1) «բ» ենթակետում «ելնելով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերը.
2) «դ» ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերը:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենքի» բառից հետո լրացնել «19.1-ին հոդվածով եւ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 63-րդ հոդվածում.
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «զինծառայողների համար» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների,» բառերը.
2) 4-րդ մասում՝
ա. «ծառայությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերը.
բ. «չափով» բառը փոխարինել «չափերով» բառով:
Հոդված 8. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունենրը եւ լրացումները ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում: