Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5711-27.04.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի.

1) 4-րդ մասի առաջին նախադասությունում «ծառայություն» բառից հետո լրացնել «կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն» բառերը.

2) 7-րդ մասի 1-ին ենթակետից հետո լրացնել լրացնել 1.1-ին ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած եւ մինչեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչված կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ եւ 24-րդ հոդվածներով սահմանված տարկետման պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները.»:

ՀՈԴՎԱԾ 2. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունենրը եւ լրացումները ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն արական սեռի քաղաքացիների համընդհանուր զինապարտության շրջանակներում դրա իրականացման առաջնային ձեւ է նախատեսվել պարտադիր զինվորական ծառայությունը: Զինվորական ծառայության զարգացման, ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընգրկուն բնույթ հաղորդելու եւ իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ընձեռումը: Այդ նպատակով, անրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքում կանոնակարգել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման, իսկ  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ օրենք) սահմանել նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով եւ ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է սահմանել մեկ մլն դրամ չափով: Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է լինելու համապատասխան կարգավորումներ նախատեսել զինվորական հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության 08.11.2018թ. N 1269-Ն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն եւ պարտադիր զինվորական ծառայության շրջանակներում քաղաքացիների փորձաքննության կարգը սահմանող ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշումներում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի, զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիներին ծառայոթյան ավարտի կապակցությամբ պատվովճարի հաշվարկման շրջանակներում, սակայն այդ ծախսերի չափերը հնարավոր չէ հաշվարկել՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունենալու պատճառով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն