Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5721-27.04.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ջրային լողամիջոցներ» բառերը փոխարինել «լողամիջոցներ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի անհրաժեշտությունը պայմանավորված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Վերջիններիս իրականացումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց մի շարք իրավունքների սահմանափակման հետ:

Նշվածից ելնելով՝ անհրաժեշտ է ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան իրավունքներ (լիազորություններ), որոնց հիման վրա հնարավոր կլինի՝ լիարժեք լուծելու նշված ծառայության ստեղծմամբ նախանշված խնդիրները եւ հասնելու նպատակներին:

Բացի այդ, հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում օգտագործվող «լողամիջոց» ձեւակերպումը՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում գործածվող «ջրային լողամիջոց» հասկացությունը  փոխարինվել է «լողամիջոց» հասկացությամբ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը նախատեսում է իրավական բավարար երաշխիքների ստեղծում՝ ներդրվող պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման օրենսդրական գործառույթների իրականացումն ապահովելու համար:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Առաջարկվող լրացման եւ փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միաժամանակ, նախագծերի ընդունմամբ կառաջանա ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի Ոստիկանություն բաժնի 3-րդ կետի 3.6-րդ  ենթակետից՝ Ջրային պարեկային ծառայության ներդրում` Գեղարքունիքի մարզի Պարեկային ծառայության կազմում մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

Պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին՝ ջրային պարեկության հետ կապված ծախսերի ֆինանսական գնահատականը ճշգրտման փուլում է: Ֆինանսական գնահատականը կհստակեցվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի եւ միջոցների ձեռբերման նպատակով կազմակերպվող մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:

5. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները  եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Կապահովվեն պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման գործառույթների իրականացման իրավական երաշխիքներ: Միաժամանակ, թեեւ նշված ոլորտում առկա են որոշակի իրավակարգավորումներ, այնուամենայնիվ, դեռեւս ձեւավորված չէ պատշաճ մշակույթ: Նախագծերի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը եւ համապատասխան մշակույթի ձեւավորմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն