Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-576-02.05.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «համաձայն՝ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետեր.

«10) մասնագիտական վերապատրաստման վկայական՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա տրված փաստաթուղթ.

11) մասնագիտական վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականությունը նվազեցնելու, ինչպես նաեւ վթարային արձագանքման վերաբերյալ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով մասնագիտական ուսուցում, որն իրականացվելու է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության իրականացման լիցենզավորված կազմակերպությունների կողմից.

12) հատուկ վտանգավոր բեռներ՝ վտանգավոր բեռներ, որոնք իրենց  ֆիզիկո-քիմիական հատկություններով շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն եւ ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետում «փոխադրումների համար» բառերը փոխարինել «փոխադրումներին» բառով.

2) 4-րդ կետում հանել «եւ դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

4) 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-11-րդ կետեր.

«7) սահմանում է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.

8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը.

9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.

10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձեւը եւ տրման կարգը.

11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ եւ 9-րդ կետերով.

«8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու եւ վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.

9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հատուկ վտանգավոր բեռի փոխադրման դեպքում փոխադրողի կողմից գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է դրա ուղեկցումը անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով.»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 14-րդ հոդվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «վտանգավոր բեռներ» բառերը փոխարինել «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6) պետք է անցնեն առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում եւ ունենան վերապատրաստմանը համապատասխան վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական:».

2)  Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը:

5. Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունը պետք է ունենա  «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի  մասնագիտական վերապատրաստում եւ ունենա մասնագիտական վերապատրաստման վկայական:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, «Վտանգավոր բեռների միջազգային
ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ)» բառերը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2012 թվականին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքը, սակայն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգումը:

2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական դաշտ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտը:

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է լիարժեք կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը, լրացնել օրենսդրական ակտերում առկա բացերը, Համաձայնագրի պահանջներին համապատասխան կարգավորումներ սահմանել գործող օրենքներում:

Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել Համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը:

Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները: Սահմանվում են վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները:  Նախատեսվող փոփոխություններին համապատասխան լրացումներ են կատարվում «Պետական տուրքի մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծով հանվում է վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետների սահմանման պահանջը, քանի որ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգի սահմանման իրավասություն, որի շրջանակներում կսահմանվեն թույլտվությունների տրամադրման պահանջները, այդ թվում՝ ժամկետները, ուստի օրենքով ժամկետների պահանջի սահմանման առանձին դրույթ ամրագրելու անհրաժեշտություն չկա:

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01.07.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետից, ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38.1-րդ կետից եւ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում նախատեսվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ, իսկ պետական բյուջեի եկամուտների ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն