Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-10-րդ մասերով՝
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
9.Առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
10. Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունում անվտանգության մասնագետի բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռների փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
2012 թվականին ընդունվել է <<Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին>> օրենքը, սակայն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգումը:
2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական դաշտ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտը:
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է լիարժեք կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը, լրացնել օրենսդրական ակտերում առկա բացերը, Համաձայնագրի պահանջներին համապատասխան կարգավորումներ սահմանել գործող օրենքներում:
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել Համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը:
Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները: Սահմանվում են վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները: Նախատեսվող փոփոխություններին համապատասխան լրացումներ են կատարվում <<Պետական տուրքի մասին>> եւ <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենքներում:
Նախագծով հանվում է վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետների սահմանման պահանջը, քանի որ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգի սահմանման իրավասություն, որի շրջանակներում կսահմանվեն թույլտվությունների տրամադրման պահանջները, այդ թվում՝ ժամկետները, ուստի օրենքով ժամկետների պահանջի սահմանման առանձին դրույթ ամրագրելու անհրաժեշտություն չկա:
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01.07.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետից, ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38.1-րդ կետից եւ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում նախատեսվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ, իսկ պետական բյուջեի եկամուտների ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում