Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-746-28.11.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, նրանց իրավունքները եւ պարտականությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման հիմքերը, տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը:

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման եւ անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է:

Հոդված 4. Օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներն են`

1/ հանցագործությունների բացահայտումը, կանխումը եւ խափանումը.

2/ հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

3/ հետաքննության, նախաքննության մարմիններից եւ դատարանից թաքնվող, քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը եւ հայտնաբերումը, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հետախուզումը եւ հայտնաբերումը.

4/ դիակների ինքնության պարզում.

5/ վկաների, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների եւ այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.

6/ Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական, ազգային, ռազմական, տնտեսական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռք բերումը.

7/ մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը.

8/ հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացումը, հայտնաբերումը, կանխումը եւ բացահայտումը:

2. Արգելվում է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը օրենքով չնախատեսված խնդիրների իրականացման նպատակով:

Հոդված 5. Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները

Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

1/ օրինականության

2/ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության

3/ գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության.

4/ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնապահության.

5/ օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության:

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական գործունեության սահմանափակումները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին արգելվում է`

1/ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ի շահ կամ ի վնաս որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի.

2/ գաղտնի կերպով մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների գործունեությանը, այդ գործունեության վրա ազդեցություն գործելու նպատակով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման ընթացքում պետք է պահպանվեն մարդու եւ քաղաքացու անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքի իմաստով ,,բնակարան,, տերմինը մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նշանակությամբ:

Արգելվում է անցկացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում պարզվում է, որ տեղի է ունեցել վերը նշված հաղորդակցությունը, միջոցառման անցկացումը կասեցվում է, իսկ դրա վերաբերյալ կատարված նշումները, ձայնագրությունները, տեսանկարահանումները, լուսանկարները եւ այլն, անհապաղ ոչնչացվում:

Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

3. Այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով համարվում է օրինաչափ, կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, եւ որոնք տեղեկություններ ունեն իրենց նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին եւ ենթադրում են, որ դրանցով խախտվել են իրենց իրավունքները` իրավունք ունեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջել համապատասխան նյութեր իրենց վերաբերյալ ստացված տեղեկությունների վերաբերյալ:

Նշված նյութերը չեն տրամադրվում, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք: Սույն պարբերությամբ նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման գործի հարուցումը մերժելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելուց հետո եռամսյա ժամկետում: 

ԳԼՈՒԽ 2. ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 7. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1.Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`

1/ ոստիկանությունը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում.

2/ ազգային անվտանգության մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում.

3/ հարկային մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում.

4/ մաքսային մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում` մաքսանենգության եւ այն հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով, որոնցով հետաքննությունն իրականացում են մաքսային մարմինները,

5/ քրեակատարողական ծառայության մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում եւ միմիայն քրեակատարողական հիմնարկներում:

2. Սույն հոդված առաջին մասով նախատեսված մարմինները օպերատիվ-հետախուզական գործունեություն են իրականացնում իրենց օպերատիվ ստորաբաժանումների միջոցով:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`

1/ բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնել սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2/ հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3/ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշմամբ նախատեսված դեպքերում օգտագործել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ եւ այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները.

4/ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում պայմանագրով կամ այլ ձեւով համաձայնեցված օգտագործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող կամ տիրապետման տակ գտնվող տարածքները, տրանսպորտային միջոցներն ու այլ գույքը:

Ազգային անվտանգության մարմինները եւ ոստիկանությունը, սույն օրենքով իրենց վերապահված խնդիրների իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ստեղծել իրականում գոյություն ունեցող կազմակերպություններ, ինչպես նաեւ օգտագործել ազգային անվտանգության մարմինների կողմից պատրաստված քողարկող փաստաթղթեր:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական գործողություններն օրենքով սահմանված կարգով կարող են բողոքարկվել ինչպես վերադաս պաշտոնատար անձանց եւ դատախազին, այնպես էլ` դատական կարգով:

Հոդված 9. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`

1/ իրենց լիազորությունների սահմաններում իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, պետական, հասարակական, ազգային, ռազմական, տնտեսական եւ բնապահպանական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.

2/ կատարել քննիչի պարտադիր գրավոր հանձնարարությունները, հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, քննիչի եւ դատարանի որոշումները` անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ.

3/ պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը.

4/ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների հետ.

5/ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին եւ նրանց գույքը.

6/ իրենց լիազորությունները իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցել իրենց հայտնի դարձած եւ այդ մարմինների իրավասությանը վերաբերվող տեղեկությունները:

Հոդված 10. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները

1. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով եւ ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Նրանց գործունեությանը միջամտելու իրավունք ունեն միայն օրենքով նախատեսված մարմինները եւ պաշտոնատար անձինք:

Անօրինական հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է uտացած հրամանի կամ ցուցումի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին եւ նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադաuը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հրամանը կամ ցուցումը տվողը) գրավոր հաuտատում են տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ եթե դա կհանգեցնի օրենքով uահմանված քրեական կամ վարչական պատաuխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատաuխանատվությունը կրում է դրանք գրավոր հաuտատած անձը:

2. Օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական ապահովման հարցերը կարգավորվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 11. Հասարակայնության աջակցությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործունեությանը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս եւ գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Վերջիններս պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող եւ համագործակցած անձանց ինքնությունը:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման եւ վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների իրավական ակտերով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական եւ այլ պարգեւատրումներ: Այդ պարգեւատրումների գումարները հարկման եւ հայտարարագրման ենթակա չեն:

Հանցավոր խմբի մեջ մտնող այն անձը, ով թեկուզ եւ թույլ է տվել հակաօրինական արարք, որը սակայն չի ունեցել ծանր հետեւանքներ, եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կողմից ներգրավվել է համագործակցության ու նպաստել է հանցագործության բացահայտմանը եւ վնասակար հետեւանքների վերացմանը, ազատվում է քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետեւանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին եւ խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ զոհվածի ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, որը բացառում է այդ մարմինների հետ նրա հետագա համագործակցությունը, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ ամսական դրամական բավարարման երկու տարվա գումարի չափով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավել`

ա) պատգամավորների,

բ) նախարարների,

գ) դատավորների,

դ) դատախազության, այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին,

ե) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման:

ԳԼՈՒԽ 3. ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հիմքերը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անց են կացվում հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում`

1/ հարուցված է քրեական գործ,

2/ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին հայտնի դարձած տեղեկությունները`

ա/ նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հակաօրինական արարքի, ինչպես նաեւ նման արարք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց մասին, երբ դեռեւս չկան բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար.

բ/ Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական, ազգային, ռազմական, տնտեսական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող գործողությունների կամ իրադարձությունների մասին.

գ/ հետաքննության մարմիններից, նախաքննությունից կամ դատարանից թաքնվող, ինչպես նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց մասին

դ/ անհայտ կորած անձանց մասին.

ե/ դիակ հայտնաբերելու մասին.

3/ օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումներ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.

4/ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանը սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաեւ հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով նրան վերապահված լիազորությունների շրջանակներում, օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերվում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանը սպառնացող հանգամանքների վերացմանը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու միջոցով կարող են հավաքել տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են`

1/ պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու թույլտվություն տալու որոշում կայացնելու համար,

2/ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց /եւ նրանց ընտանիքի անդամների/ անվտանգությունը ապահովելու համար,

3/ ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվություն տալու համար,

4/ սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու թույլտվություն տալու համար,

5/ օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու, կամ դրա իրականացման արդյունքում ստացված նյութերին ծանոթանալու թույլտվություն տալու մասին որոշում ընդունելու համար,

6/ ազգային անվտանգության մարմիններում ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար,

7/ օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու եւ որոշում ընդունելու համար:

Հոդված 13. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում անցկացվում են հետեւյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումները`

1/ օպերատիվ հարցում

2/ օպերատիվ պարզաբանում

3/ համեմատական հետազոտումների նմուշների հավաքում

4/ հսկիչ գնում

5/ վերահսկելի մատակարարում եւ գնում

6/ իրերի եւ փաստաթղթերի հետազոտում

7/ արտաքին դիտում

8/ ներքին դիտում

9/ անձի նույնացում

10/ շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում

11/ նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում

12/ հեռախոսային խոսակցությունների լսում

13/ օպերատիվ ներդրում

14/ օպերատիվ փորձարարություն

15/ կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

2. Ոստիկանական գործառույթներ իրականացնող մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի առաջին մասի 1/, 2/, 3/, 5/, 6/, 7/, 8/, 9/, 10/, 11/, 12/, 13/, 14/ եւ 15/ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Հեռախոսային խոսակցությունների լսումը, ինչպես նաեւ հեռահաղորդակցության կապուղիներով, ինտերնետային ցանցով փոխանցվող հաղորդումների, միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումըոստիկանության կողմից անց է կացվում ազգային անվտանգության մարմինների կողմից կապի ուղիների եւ միջոցների տրամադրումով, այլ օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, ոստիկանության կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների անմիջական հսկմամբ եւ ամրագրմամբ, ընդ որում, բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների հսկումը եւ/կամ ամրագրումը:

Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների փոխանցման, ոստիկանությունն իրավունք ունի անցկացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից կապի միջոցների տրամադրումով, այլ օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, ոստիկանության կողմից ստացվող հաղորդումների անմիջական հսկմամբ եւ ամրագրմամբ, ընդ որում, բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ հաղորդումների հսկումը եւ/կամ ամրագրումը:

Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերումը, եթե դա անց է կացվում հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ոստիկանության կողմից իրականացվում է ազգային անվտանգության մարմինների կողմից կապի տեխնիկական ուղիների եւ միջոցների տրամադրումով ու հեռահաղորդակցության օպերատորի մոտ այլ օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, ոստիկանության կողմից ստացվող տեղեկությունների անմիջական հանմամբ, ընդ որում բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տեղեկությունների հանումը կամ ամրագրումը:

3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունի անցկացնել սույն հոդվածի առաջին մասին 1/, 2/, 3/, 5/, 6/, 7/, 8/, 9/, 10/, 11/, 12/, 13/, 14/ եւ 15/ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնել սույն հոդվածի առաջին մասի 1/, 2/, 3/, 5/, 6/, 7/, 8/, 9/, 13/ եւ 14/ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնել սույն հոդվածի առաջին մասի 1/, 2/, 3/, 4/, 5/, 6/, 7/, 10/, 13/ եւ 14/ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

6. Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունի անցկացնել սույն հոդվածի առաջին մասի 1/, 2/, 3/, 5/, 6/, 7/, 8/, 9/, 10/, 11/, 12/, 13/ եւ 14/ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միմիայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ աշխատանքային հիմնարկների տարածքներում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, համագործակցել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ, սույն մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

7. Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված նպատակներով անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է այնպիսի հանցագործության նախապատրաստման, կատարման /հանցակցության/ կամ հանցագործության կատարման փորձի մեջ, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը գերազանցում է հինգ տարի ժամկետով ազատազրկումը, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումն անհնարին է:

8. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված միջոցառման արդյունքների ամրագրումը ձայնագրման միջոցով անց է կացվում դատարանի որոշմամբ, եթե այդ ընթացքում մարդու ձայնը եւ նրա խոսքը ընկալելու համար օգտագործվում են տեխնիկական միջոցներ ու ծրագրեր:

9. Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված, ինչպես նաեւ այն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք կատարվում են մարդու սեփականությունը հանդիսացող եւ/կամ նրա տիրապետման տակ գտնվող տարածք գաղտնի մեթոդներով մուտք գործելով, անց են կացվում դատարանի որոշմամբ:

10. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացնելիս հեռահաղորդակցության եւ փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացնող մարմինների օրինական պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել համապատասխան հնարավորություններ:

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անց են կացվում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշման կայացման հիմք են հանդիսանում դատախազի գրավոր ցուցումները, քննիչի, հետաքննության մարմնի եւ դատարանի որոշումները, իրենց վարույթում գտնվող քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը կայացնում է նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ-ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության հիման վրա:

Միջնորդության մեջ պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման անցկացման տեղը եւ ժամկետը, ինչպես նաեւ այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ է են օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին` որոշում կայացնելու համար: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որոնք լսվելու են: Սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ փոստային կամ էլեկտրոնային հասցեն, որը վերահսկվելու է, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները (փոստային առաքումների եւ այլ հաղորդումների վերահսկման դեպքում փոստային կամ էլեկտրոնային հասցեի, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերի կամ բառակապակցությունների բացակայության դեպքում կարող է ներկայացվել անձի ձեռագրի նմուշը կամ այդ անձին նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ, ում նամակագրության, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումները պետք է վերահսկվեն): Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ եւ լրացուցիչ այլ նյութեր:

Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ:

Հարցի քննարկման արդյունքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին զեկուցում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը եւ միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը եւ դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշված լինեն` որոշումը կազմելու օրը, ամիսը տարին եւ տեղը, որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը եւ պաշտոնը, օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին նշում` ցույց տալով, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում (սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշումը պետք է պարունակի նաեւ այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները) որոնք լսվելու են), որոշման գործողության ժամկետը, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը, օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը` վավերացված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կնիքով:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից եւ չի կարող 6 ամսից ավելին լինել: Որոշման ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեչկության կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը` անհապաղ ոչնչացվում: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը` տեղեկացվելուց հետո 1 ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին:

Եթե ահաբեկչության կատարման, կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների կարող են հանգեցնել այնպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը, որոնց անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` 48 ժամվա ընթացքում այդ մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը` անհապաղ ոչնչացվում: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 15. Օպերատիվ հարցում

Հարցումը` կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հարցեր տալու /հարցումներ անելու/ եւ պատասխաններ ստանալու միջոցով:

Հոդված 16. Օպերատիվ պարզաբանում

Օպերատիվ պարզաբանումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով, օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց եւ փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:

Հոդված 17. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքում

Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի, եւ այլ նշումների հավաքումն է /ստացումն է/ անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու համար:

Հոդված 18. Հսկիչ գնում

Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման եւ չափումների միասնականության ապահովման օրենսդրության եւ հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաեւ հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների իրական գների բացահայտման համար:

Հոդված 19. Վերահսկելի մատակարարում եւ գնում

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով, հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:

2. Այն առարկաների, ապրանքների եւ արտադրանքի վերահսկելի մատակարարումը եւ գնումը, որոնց ազատ իրացումն արգելված է կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է իրականացվում են սահմանափակված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

Հոդված 20. Իրերի եւ փաստաթղթերի հետազոտում

Իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը` դրանց զննումը, հատկանիշների եւ բովանդակության բացահայտումն է տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, , լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա: Հետազոտման արդյունքում ապահովվում է օբյեկտների եւ դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

Հոդված 21. Արտաքին դիտում

1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման անձանց հետեւելն կամ առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում, հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ, կամ առանց դրա, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա:

Արտաքին դիտման արդյունքների ամրագրումը ձայնագրման միջոցով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն կարող էր ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին: Արտաքին դիտման արդյունքների ձայնագրման միջոցով ամրագրման ընթացքում, մարդու ձայնը եւ նրա խոսքը ընկալելու համար, չեն կարող կիրառվել տեխնիկական միջոցներ ու ծրագրեր:

Արտաքին դիտման արդյունքների ամրագրումը ձայնագրման միջոցով իրականացվում է միայն դատարանի որոշմամբ, եթե այդ ընթացքում մարդու ձայնը եւ նրա խոսքը ընկալելու համար օգտագործվում են տեխնիկական միջոցներ ու ծրագրեր:

2. Եթե հնարավոր են այնպիսի իրավունքների սահմանափակումներ, ինչպիսիք են` բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները, ապա արտաքին դիտումը կարող է իրականացվել միայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ եւ 9-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 22. Ներքին դիտում

Ներքին դիտումն առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն ու անձին հետեւելն է բնակարանում, հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա:

Հոդված 23. Անձի նույնացում

Անձի նույնացումը` օպերատիվ-հետախուզական նպատակներով, նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի եւ քրեագիտական այլ հետքերի հիման վրա:

Հոդված 24. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտում

Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց զննումը, հատկանիշների եւ այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա:

Հոդված 25. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը

1. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների հետազոտումը եւ դրա արդյունքների ամրագրումը:

2. Նամակագրական, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկման իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով:

Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների լսում

1. Հեռախոսային խոսակցությունների լսումը հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների գաղտնի լսումն է եւ դրանց ձայնագրումը էլեկտրոնային կրիչների միջոցով:

2. Հեռախոսային խոսակցությունների լսումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով:

Հոդված 27. Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերում

Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերումը, առանց փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցության կայացման աշխարհագրական դիրքի, հեռախոսային զանգի ժամի, տեւողության, բովանդակության հետազոտման, կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների հանումն է առանց անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական, եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման:

Հոդված 28. Օպերատիվ ներդրում

1. Օպերատիվ ներդրումը` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում, կամ խմբավորումներում:

Հոդված 29. Օպերատիվ փորձարարություն

Օպերատիվ փորձարարությունը որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձությունների կատարման հնարավորության ստուգումն է` օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով:

Հոդված 30. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորումն իրականացվում է օպերատիվ հաշվառման գործեր կազմելու միջոցով: Օպերատիվ հաշվառման գործերը կազմվում են անհրաժեշտ տեղեկությունների հավաքման եւ համակարգման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների ստուգման, գնահատման, ինչպես նաեւ դրանց հիման վրա անհրաժեշտ վերլուծություններ կատարելու համար:

2. Օպերատիվ հաշվառման գործը կարճվում է օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների լուծման, դրանց լուծման օբյեկտիվ անհնարինության, ինչպես նաեւ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման անհրաժեշտության վերացման դեպքերում:

3. Օպերատիվ հաշվառման գործերի տեսակները, դրանց կազմելու եւ կարճելու կարգը հաստատվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

4. Կարճված օպերատիվ հաշվառման գործերի, այդ թվում նաեւ դրանց վերաբերվող տեղեկությունների, փաստաթղթերի, էլեկտրոնային եւ այլ կրիչների (լուսանկարներ, ձայնագրություններ, տեսանկարահանումներ եւ այլն) պահպանման կարգն ու ժամկետները սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

Փաստաթղթավորման ենթակա չեն եւ ստանալուն պես անհապաղ ոչնչացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռք բերված անձի անձնական կյանքին վերաբերվող տեղեկատվությունը, որը արատավորում է նրա պատիվն ու արժանապատվությունը, կարող է վնասել նրա օրինական շահերին եւ չի օգտագործվում օպերատիվ-հետախուզական միջոցառման կոնկրետ խնդրի իրականացման համար: Սույն պարբերությունում նշված տեղեկատվությունը, որը օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվող մարմնի կողմից օգտագործվում է սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար, այլ պետական, այդ թվում նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի փոխանցվում է միմիայն նրանց կողմից օրենքով իրենց վերապահված կոնկրետ խնդրի իրականացման համար:

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրվում են դրանք անցկացնող պաշտոնատար անձի կողմից:

Արձանագրության մեջ պետք է նշվեն` օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաեւ այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների), անունները եւ ազգանունները, որոնց վրա տարածվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները, այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները եւ միջոցները, ինչպես նաեւ միջոցառման արդյունքում վերցված իրերը եւ փաստաթղթերը:

Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը, ինչպես նաեւ այն անձինք (կամ նրանց օրինական ներկայացուցիչները), որոնց վրա տարածվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումը

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները կարող են օգտագործվել հանցագործությունների հայտնաբերման, նախազգուշացման, կանխման եւ բացահայտման, դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերման, հետաքննության մարմիններից եւ նախաքննությունից, դատարանից, քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման եւ անհայտ կորած անձանց որոնման, չճանաչված դիակների ինքնության պարզման համար:

Օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները կարող են քրեական գործի հարուցման հիմք հանդիսանալ, ինչպես նաեւ օգտագործվել ապացուցման ընթացքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին, նրանց խնդրանքով` օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար:

Հոդված 32. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող եւ համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց մասին տեղեկությունների հրապարակումը թույլատրվում է միայն նրանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով:

Հոդված 33. Հատուկ տեխնիկական միջոցներ

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, լիազոր պետական մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործումը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

ԳԼՈՒԽ 4. ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 34. Օպերատիվ-հետախուզական գործունեության ֆինանսավորումը

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 35. Օպերատիվ-հետախուզական գործունեության տեղեկատվական ապահովումը

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելու նպատակով` իրենց իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծում են տեղեկատվական համակարգեր:

ԳԼՈՒԽ 5. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 36. Վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողություն են իրականացնում օպերատիվ-հետախուզական մարմինների եւ օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարները, որոնք անձնական պատասխանատվություն են կրում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման օրինականության նկատմամբ:

Հոդված 37. Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս` դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման եւ իրականացման եղանակները:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են դատախազի պահանջով նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրենց ներկայացված փաստաթղթերի եւ տեղեկությունների գաղտնիությունը:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրենքի նախագիծը կարգավորում է օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում ծագող իրավահարաբերությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, նրանց իրավունքները եւ պարտականությունները եւ այլն: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 12.08.2000 թվականի թիվ 473 որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի» 269-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1922-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ցանկի» 296-րդ կետի պահանջներից:

Օրենքի նախագծի ընդունումը նաեւ բխում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներից, մասնավորապես պետք է նկատի ունենալ, որ ներկայումս օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը իրավական կարգավորում չի ստանում: Ներկայացվող նախագիծը նպատակ ունի օրենքով կարգավորել այդ հարաբերությունները, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը ենթադրում է մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակում կամ դրանց իրականամցնաը միջամտություն: Նման պայմաններում պարտադիր է դառնում այդ հարաբերությունները կարգավորող օրենքի առկայությունը, նկատի ունենալով նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն անձանց իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն օրենքով:

Նախագծով Օպերատիվ-հետախուզական գործունեությունը սահմանվում է որպես հանցագործությունները բացահայտելու, կանխելու, խափանելու, դրանք նախապատրաստող կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու, ՀՀ պետական եւ հասարակական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու, հատուկ պետական պաշտպանության ենթական սուբյեկտների անվտանգությունը ապահովելու եւ այլ նպատակներով իրականացվող գործունեություն: Նախագիծը նպատակ ունի թվարկված խնդիրների իրականացման հետ մեկտեղ հավասարակշռություն ստեղծել այդ նպատակների ու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջեւ:

Այդ նպատակով, մասնավորապես, Նախագիծը /6 հոդված/ սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման սահմանափակումները: Մասնավորապես արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել ի շահ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին արգելվում է նաեւ գաղտնի կերպով մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների գործունեությանը, այդ գործունեության վրա ազդեցություն գործելու նպատակով: Օրենքը սահմանափակում է նաեւ այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք խախտում են անձի Սահմանադրությամբ սահմանված անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները: Մասնավորապես արգելվում է նման միջոցառումներ իրականացնել այն դեպքերում երբ անձը որի նկատմամբ դրանք իրականացվում են հաղորդակցվում է փաստաբանի հետ, իսկ եթե արդեն նման միջոցառումներ անցկացվել են դրանց արդյունքները պետք է անհապաղ ոչնչացվեն:

Նախագիծը սահմանում նաեւ անձի իրավունքը պահանջել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված եւ օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկությունները, եթե քրեական գործի հարուցումը մերժվել է, այն կարճվել է, նրա նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Նախագծով /7 հոդված/ որպես օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող մարմիններ սահմանված են`

8-րդ եւ 9-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են այդ մարմինների իրավունքները եւ պարտականությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում:

10-րդ հոդվածը վերաբերվում է օպերատիվ ստորաբաժանումներ աշխատակիցներին, իսկ 11-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործունեությանը հասարակության աջակցության սկզբունքները:

Նախագծի 12-րդ հոդվածը սպառիչ սահմանում է այն հիմքերը որոնց առկայության դեպքում միայն կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նույն հոդվածով նախատեսվում են նաեւ այն տեղեկությունները որոնք կարող են հավաքվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում:

13-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, որոնք 15-ն են, ինչպես նաեւ այն թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից յուրաքանչյուրն այդ միջոցառումներից որն է իրավասու իրականացնել, ընդ որում քրեակատարողական ծառայությունը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող է իրականացնել միայն իր համակարգի նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ-աշխատանքային հիմնարկների տարածքում:

Սահմանվում են նաեւ որոշ միջոցառումների իրականացման առանձնահատկությունները, մասնավորապես

ա/ ներքին դիտում ու հեռախոսային խոսակցությունների լսում միջոցառումները կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ անձը ում նկատմամբ դրանք պետք է անցկացվեն կասկածվում է այնպիսի հանցագործության նախապատրաստման կատարման կամ հանցագործության կատարման փորձի մեջ, որի համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը հավասար կամ գերազանցում է հինգ տարի ժամանակով ազատազրկումը եւ եթե կան հիմնավոր ապացույցներ որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումն անհնարին է.

բ/ ներքին դիտումը, գաղտնի եղանակով իրականացվող շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը եւ կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերումը, իրականացվում են դատարանի որոշմամբ. բացառությամբ այն դեպքերի, երբ դիտարկվողներից, բնակարանի, շենքի, շինության եւ տրանսպորտային միջոցի տերերից, կամ մեկը կապի տեխնիկական ուղիներն ու միջոցներն օգտագործողներից մեկը, նախապես դիտարկելու կամ դրանք հետազոտելու կամ տեղեկությունները դուրս բերելու համաձայնություն է տվել, եթե անձը, որի նկատմամբ իրականացվում կամ կարող են իրականացվել այդ միջոցառումները ողջամտորեն չէր կարող ենթադրել դրանց անցկացման անարգել հնարավորության մասին.

գ/ նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում եւ հեռախոսային խոսակցությունների լսում միջոցառումներն իրականացվում են միայն դատարանի որոշմամբ բացառությամբ այն դեպքերի երբ խոսակցության մասնակիցներից մեկը կամ հաղորդակցվողներից մեկը նախապես համաձայնություն է տվել դրանք լսելու կամ վերահսկելու:

14-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ընդունման ընթացակարգը` մասնավորապես որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք, որոշում կայացնելու հիմքերը, օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման բովանդակությունը, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ միջոցառումը կարող անցկացվել անհապաղ /14 հոդված 5-րդ մաս/: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետը չի կարող 6 ամսից ավել լինել, որը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ընդունման համար սահմանված կարգով:

15-29-րդ հոդվածները սահմանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներից յուրաքանչյուրի բնույթը, տալիս են դրա բնորոշումը:

30-րդ հոդվածը վերաբերվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորմանը, սահմանվում են նաեւ փաստաթղթավորման ոչ ենթակա եւ անհապաղ ոչնչացվող տեղեկությունները, այն է` տեղեկատվություն, որը արատավորում է անձի, որի նկատմամբ իրականացվում է տվյալ միջոցառումը, պատիվն ու արժանապատվությունը կարող է վնասել նրա օրինական շահերին ու չի օգտագործվում միջոցառման կոնկրետ խնդրի իրականացման համար:

31-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների օգտագործման, արձանագրման, դրանք այլ մարմիններին տրամադրելու կարգը:

Նախագիծն /33 հոդված/ անդրադառնում է նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանության /32 հոդված/, եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում հատուկ տեխնիկական միջոցների կիրառման հարցերին:

Սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեության ֆինանսավորման /34 եւ 34 հոդվածներ/ ու օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության /36 եւ 37 հոդվածներ/ հարցերը:

Մասնավորապես նախագծի համաձայն օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացվում է դատարանի, դատախազի կողմից, ինչպես նաեւ վերադասության կարգով: