Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասում «պարեկի եւ ավագ պարեկի բառերը» փոխարինել «պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերով.
2) լրացնել 6.2-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, ովքեր ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ, ինչպես նաեւ քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած՝ առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, ովքեր նշված որակավորումները ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարեւոր ուղղություն է համարվում քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը եւ համալրումը:
Ներկայումս տարածքային մակարդակում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման միջոցով ծանրության բոլոր աստիճանների հանցագործությունների բացահայտման, դրանց կատարման համար հետախուզվողների հայտնաբերման ուղիղ գործառույթները վերապահված են Ոստիկանության տարածքային բաժիններին (դրանց քրեական հետախուզության ստորաբաժանումներին):
Ոստիկանության տարածքային բաժինները գործում են մարզային վարչությունների (նաեւ Երեւան քաղաքի վարչության) անմիջական ենթակայության, միաժամանակ նաեւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեթոդական ղեկավարման ներքո, որն ըստ էության ենթադրում է կրկնակի ենթակայություն՝ առանց ղեկավարման լիազորությունների սահմանների հստակ տարանջատման:
Հարկ է արձանագրել, որ Ոստիկանության տարածքային բաժիններում, բացի քրեական հետախուզության ստորաբաժանումներից, գործում են նաեւ համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ու այլ ստորաբաժանումներ եւս: Ըստ էության, նշված ստորաբաժանումների, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հասարակական կարգի պահպանության եւ այլ գործառույթները Ոստիկանության տարածքային բաժիններում իրականացվում են զուգակցված, ինչը բացասաբար է անդրադառնում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության վրա՝ ինչպես մասնագիտական կարողությունների իրացման եւ կատարելագործման, այնպես էլ աշխատանքների համակարգման եւ ղեկավարման տեսանկյունից:
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած շրջանավարտները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ նախատեսված համապատասխան մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ վերապատրաստման եւ փորձաշրջանի արդյունքներով:
Քրեական ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու եւ իրականացնելու քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները եւ ոստիկանության գործող ծառայողները: Դրանից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք՝ քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային եւ շարունակական կրթության գաղափարը:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ եւ մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձեւավորվել մարզային մակարդակում /նաեւ Երեւան քաղաք/ ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման եւ հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
Գործառույթների նշված շրջանակի եւ գործունեության հիշյալ ուղղությունների սահմանումը պայմանավորված է նաեւ Ոստիկանության տարածքային մարմինների վերաիմաստավորման կոնցեպտի մեկ այլ բաղադրիչի շրջանակներում՝ Ոստիկանության Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ստեղծման հանգամանքով, որոնց համայնքային /քաղաքային/ մակարդակում, ի թիվս այլ ոստիկանական գործառույթների /համայնքային ոստիկանություն, անչափահասներ եւ ընտանիքում բռնության կանխարգելում/ վերապահվելու են բացառապես ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթներ:
Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձեւավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են:
Այսպիսով, մեկնարկած ռեֆորմների ամբողջական իրագործումից հետո, Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաեւ պարեկային ծառայության, ոստիկանության գվարդիայի եւ համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին (նշված են հենասյունային ուղղությունները, բնականաբար ՕԿԿ-ն եւս ունի մարզային ներկայացվածություն):
Նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար: Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:
Նախագծերով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ:
Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորում են 2019 թվականից մինչեւ 2022 թվականը ընդունված սովորողներ, որոնց ուսման ավարտին շնորհվելու են համապատասխանաբար «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» որակավորումները, եւ նրանց շնորհվելու է ոստիկանության լեյտենանտի կոչում՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա: ՀՀ ոստիկանության կրթահամալիր բակալավրիատի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունվելիս նշված սովորողները լեգիտիմ ակնկալիք են ունեցել, որ ուսման ավարտին նշանակվելու են ոստիկանության միջին խմբի պաշտոններում, այդ թվում նաեւ օպերլիազորի պաշտոններում: Հետեւաբար, ելնելով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորողների ունեցած լեգիտիմ ակնկալիքի իրացման հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունից, Նախագծով սահմանվում է, որ քրեական ոստիկանի նախնական կրթություն ստանալու պայմանը չի տարածվում նշված սովորողների վրա:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչեւ բազային եւ շարունակական կրթության համակարգի ներդրումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման կանխատեսման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցումը կամ ծախսերի ավելացումը կհստակեցվի համապատասխան հաստիքների թվաքանակի ճշգրտումից եւ ձեւավորվելիք ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման ծախսերի հստակեցումից հետո:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում