Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.9. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը
1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 47.24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.33-րդ եւ 47.34-րդ հոդվածներով.
«Հոդված 47.33. Առանց անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը
1. Ավագ բուժաշխատողի կողմից առանց անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի կողմից առանց անցումային անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.34. Անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը
1. Անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Անցումային անհատական լիցենզիա չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «47.32-րդ» բառերից հետո լրացնել «, 47.33-րդ եւ 47.34-րդ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
1) 47.33-րդ հոդվածի 1-ին մասի, 47.34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.
2) 47.33-րդ հոդվածի 2-րդ մասի, 47.34-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: