Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-589-22.05.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 20.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1 Քրեակատարողական ծառայողի ատեստավորումը

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումից առաջ Քրեակատարողական ծառայողն իր ցանկությամբ կարող է վերապատրաստվել: Քրեակատարողական ծառայողը մինչեւ ատեստավորումը մեկ անգամ իրավունք ունի անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:

3. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողն ենթակա է ատեստավորման: Մինչեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն՝ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` Քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:

4. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

5. Ատեստավորման անցկացման նպատակով համապատասխան նախարարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով:

6. Քրեակատարողական ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

10. Եթե քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:

11. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

12. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը`

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու,

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը,

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու,

4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

13. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն համապատասխան նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

15. Քրեակատարողական ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

16. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 3-րդ կետում «ցուցումներ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների վերանայման արդյունքում կայացնում է որոշումներ,» բառերը.

2. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«10) քննարկում եւ փոփոխում է, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական կամ անհիմն հրամանները եւ ցուցումները.»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում՝ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետի կողմից համապատասխան նախարարի համաձայնությամբ կարող են կիրառվել նաեւ խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) Արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար սահմանված ծառայության ժամկետի առնվազն մեկ երրորդը.

2) Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:

Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ:».

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9.1-ին կետով հետեւյալ խմբագրությամբ.

«9.1) Սույն օրենքի 20.1-ին հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3.Քրեակատարողական ծառայության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսված ատեստավորումն անցնել, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ համապատասխան նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն: