Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-591-23.05.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքն ընդունվում է հանրության (մարդու) առողջության պահպանման եւ ապահովման, առողջության պաշտպանության եւ խթանման, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների (այսուհետ՝ հիվանդությունների) կանխարգելման, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության, առողջության խթանման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ ուսուցման, հանրության (մարդու) առողջությանն ուղղակի կամ անուղղակի վնասի պատճառման կանխարգելման նպատակով:

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով կարգավորվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման (շրջակա միջավայրի հիգիենա), համաճարակաբանական  դիտարկման, արտադրական հսկողության,  հանրային  իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման, Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա արտադրանքի (ապրանքների)  գրանցման, (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով կարգավորվող) աշխատանքի հիգիենայի ծառայությունների եւ հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հասարակական հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները,  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, առողջության պահպանման իրավունքի իրականացման մեխանիզմներն ու կարգը:

Հոդված 2. Հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությունը
1. Հանրային առողջության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից, հանրային առողջապահական նորմատիվներից եւ իրավական այլ ակտերից, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հանրային առողջապահություն՝ համակարգ՝ ուղղված մարդու առողջության վրա սոցիալ-տնտեսական, վարքագծային,  շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանը, հիվանդությունների կանխարգելմանը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաեւ ներկա եւ ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների  ապահովմանը.

2) հանրային առողջություն՝ հանրության առողջության վիճակ, որն ապահովվում է առողջության պահպանման եւ խթանման, ինչպես նաեւ հիվանդությունների կանխարգելման միջոցով.

3) հանրային առողջապահական նորմատիվ՝ հանրության (մարդու) առողջության անվտանգությունն ապահովելու եւ առողջության վրա շրջակա միջավայրի վնաuակար ու վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխարգելելու եւ բացառելու, ինչպես նաեւ հանրության (մարդու)  եւ ապագա uերունդների կենuունակության համար բարենպաuտ պայմաններին ներկայացվող եւ (կամ) կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման ապահովման եւ (կամ) համաճարակաբանական դիտարկմանը ներկայացվող պահանջները սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ.

4) սանիտարահամաճարակային անվտանգության կանոն՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված հանրային իշխանության մարմինների, տնտեսական գործունեության առանձին տեսակների եւ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից սահմանված սահմանափակումներ եւ պահանջներ.

5) hամաճարակաբանական դիտարկում` հիվանդությունների  եւ դրանց տարածման պատճառների ու պայմանների, այդ թվում՝ հարուցիչների փոխանցողների, պահոցների, շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների), առողջության հետ կապված տվյալների շարունակական եւ համակարգված հավաքագրում, վերլուծություն, գնահատում ներառյալ՝ շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների) առողջության վրա ազդեցության գնահատում, կանխատեսում եւ որոշումների ընդունում.

6)  վարակի աղբյուր՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակված մարդու, կենդանու եւ բույսի օրգանիզմը, որտեղ նրանք բազմանում, կուտակվում, զարգանում են  եւ որտեղից արտազատվում են արտաքին միջավայր՝ որպես ախտածինների գոյատեւման բնական միջավայր եւ  կարող է մարդկանց կամ կենդանիների վարակման պատճառ դառնալ.

7)  հիվանդությունների իմունականխարգելում՝ միջոցառումների համակարգ՝ ուղղված կանխարգելիչ պատվաստումների միջոցով հիվանդությունների կանխարգելմանը (տարածման նվազեցում, էլիմինացում՝ հիվանդության տեղական փոխանցման ընդհատում եւ արմատական վերացում).

8)  պատվաստումների ազգային օրացույց՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պատվաստման ենթակա անձանց տարիքային խմբերը, պատվաստման ժամանակացույցը եւ հերթական դեղաչափը, պատվաստման համար անհրաժեշտ պատվաստանյութերի հակածնային կազմը, ինչպես նաեւ կատարման ցուցումները սահմանող նորմատիվ իրավական ակտ.

9)  հետպատվաստումային անբարեհաջող դեպք (այսուհետ՝ ՀԱԴ)՝ ցանկացած բժշկական անբարեհաջող երեւույթ, որն ի հայտ է եկել պատվաստումից հետո՝ հանրային առողջապահական նորմատիվով սահմանված ժամանակահատվածում եւ ունի կամ պարտադիր չէ, որ ունենա պատճառահետեւանքային կապ պատվաստման հետ, որը հաստատվում կամ ժխտվում է Լիազոր մարմնի կողմից ստեղծված անկախ փորձագիտական խմբի կողմից.

10) գործողությունների ստանդարտ ընթացակարգ (այսուհետ՝ ԳՍԸ)՝ հանրային առողջապահության ոլորտում որեւէ գործընթացում ներառված ընթացակարգերը քայլ առ քայլ նկարագրող Լիազոր մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ.

11) մեթոդական ուղեցույց՝ Լիազոր մարմնի հաստատած լավագույն միջազգային փորձի եւ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա մշակված փաստաթուղթ, որը ներառում է առողջության պահպանման եւ(կամ) հիվանդությունների կանխարգելման (ներառյալ՝ իմունականխարգելում, հիվանդությունների վաղ հայտնաբերում, հիվանդության դեպքերի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), դրանց առաջացման եւ տարածման պատճառների եւ պայմանների բացահայտում) եւ(կամ) մարդու առողջության վրա վարքագծային, շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության գնահատման, դրանց հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն աջակցելու նպատակով.

12) հիվանդության օջախ՝ վարակի աղբյուրի կամ ազդող գործոնի գտնվելու վայր եւ տարածք, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել կամ ազդող գործոնը՝ տարածվել.

13) կոնտակտավոր՝ վարակի աղբյուրի հետ (այդ թվում՝ տվյալ վարակիչ հիվանդության գաղտնի շրջանում) շփված անձ.

14) հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձություն՝ ցանկացած իրադարձություն, որը կարող է բացասական հետեւանք ունենալ հանրության (մարդու) առողջության համար եւ (կամ) ներառում է երեւույթներ, որոնք դեռ չեն հանգեցրել մարդկանց շրջանում հիվանդության, բայց ունեն վարակված կամ աղտոտված սննդի, ջրի, կենդանիների, արդյունաբերական արտադրանքի կամ շրջակա միջավայրի հետ շփման արդյունքում հիվանդություն առաջացնելու ներուժ (այսուհետ՝ իրադարձություն).

15) համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)՝ հիվանդության դեպք կամ իրադարձություն արձանագրելիս միջոցառումների համալիր, որն ուղղված է վարակի աղբյուրի, ազդող գործոնների, փոխանցման մեխանիզմի, ուղիների, պայմանների, վարակի կասկածով անձանց, կոնտակտավորների, վարակակիրների,  հարուցիչների փոխանցողների եւ պահոցների, շրջակա միջավայրի գործոնների, սոցիալական բնորոշիչների (դետերմինանտների) բացահայտմանը,  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը եւ ներկայացմանը.

16) ախտահանում՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների եւ արտաքին միջավայրում դրանց թույների ոչնչացում.

17) միջատազերծում՝ բնակչության շրջանում վարակիչ հիվանդություններ առաջացնող եւ (կամ) փոխանցող, ինչպես նաեւ նյութական վնասներ պատճառող հոդվածոտանիների ոչնչացում.

18) կրծողազերծում՝ կրծողների ոչնչացմանն ուղղված, ինչպես նաեւ կրծողների բազմացումը եւ տարածումը կանխարգելող միջոցառումներ.

19) կարանտին՝ վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, հիվանդության օջախները մեկուսացնող եւ վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ.

20) hամաճարակ՝ հիվանդության անսպասելի եւ (կամ) հարաճուն տարածում երկրի ամբողջ տարածքում՝ գերազանցելով նույն ժամանակահատվածում երկրի տարածքի բնակչության շրջանում բազմամյա դիտարկումների հիման վրա սպասվող հիվանդացության մակարդակը, ինչպես նաեւ նոր առաջացող հիվանդության արձանագրումը, որը կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ.

21) բռնկում՝ որոշակի ժամանակահատվածում հիվանդության՝ անսպասելի եւ (կամ) անսովոր դեպքի (դեպքերի) կամ ընդհանուր աղբյուրի կամ գործոնի կամ դրա փոխանցման ուղիների հետ կապված դեպքերի առաջացում որոշակի տարածքում կամ բնակչության որոշակի խմբում.

22) համավարակ՝ համաճարակ, որը տարածվել է ամբողջ երկրի տարածքում, սահմանակից երկրներում, մեծ թվով երկրներում կամ մայրցամաքներում եւ կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ.

23) կարանտինային գոտի՝ տարածք, որտեղ սահմանվել է կարանտին.

24) համաճարակաբանական ցուցումով պատվաuտում՝ հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում կամ բռնկումով կամ համաճարակով կամ համավարակով կամ հիվանդությամբ կամ հիվանդության առաջացման վտանգով պայմանավորված բնակչության շրջանում զանգվածային կամ բնակչության որոշակի խմբերի եւ (կամ) անձի պատվաստումների ազգային օրացույցից դուրս արտահերթ պատվաստումների իրականացում.

25) օբսերվացիա՝ կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության  տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացում եւ բժշկական հսկողության սահմանում՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տեւողությամբ.

26) մեկուսացում՝ վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց առանձնացում Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածով, այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով.

27) աշխատանքի հիգիենայի ծառայություններ՝ գործունեություն՝ ուղղված աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանմանը, մասնագիտական հիվանդությունների եւ վնասվածքների կանխարգելմանը, աշխատանքի անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմանների ապահովմանը (բացառությամբ տեխնիկական անվտանգության)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

28)  արտադրական հսկողություն` շրջակա միջավայրի, ապրանքի, աշխատանքի եւ ծառայության հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխանության նկատմամբ դրանք շահագործողի, արտադրողի, վաճառողի, կատարողի, մատուցողի կողմից իրականացվող ինքնահսկողության գործընթաց.

29)  կանխարգելիչ պատվաստում՝ կոնկրետ հիվանդության  նկատմամբ անընկալունակության առաջացման նպատակով մարդու օրգանիզմ պատվաստանյութի եւ (կամ) շիճուկի եւ (կամ) իմունոգլոբուլինի ներմուծում.

30)  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ` հանրային առողջապահության նորմատիվով կամ այլ իրավական ակտերով սահմանված կազմակերպական, վարչական, ճարտարագիտական, տեխնիկական, բժշկասանիտարական, հիգիենիկ, համաճարակաբանական եւ այլ միջոցառումներ` ուղղված հանրային առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցմանը, կանխարգելմանը, հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխմանն ու վերացմանը.

31) բնական պահոց` կենդանի օրգանիզմների մեկ կամ մի քանի տեսակի պոպուլյացիաների ամբողջություն, որն ապահովում է հարուցչի մշտական գոյատեւումը.

32) վարակի կասկածով անձ՝ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական նկարագրին համապատասխանող, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական չհաստատված դեպք.

33) վարակիչ հիվանդությունների հարուցիչ կրող անձ (այսուհետ՝ վարակակիր)՝ ախտածին հարուցիչով վարակված, տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանշան չունեցող անձ, ով կարող է հանդիսանալ վարակի աղբյուր.

34)  իմունականխարգելման ենթակա անձ՝ կոնկրետ պատվաստանյութի նկատմամբ բացարձակ հակացուցում չունեցող յուրաքանչյուր անձ.

35)  բացարձակ հակացուցում՝ իմունականխարգելման ենթակա անձի մոտ հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակ, որը կարող է մեծացնել ծանր հետպատվաստումային անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը.

36)  մասնագիտական հիվանդություն՝ հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի եւ աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը.

37) ռեգիստր՝ միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաեւ միջոլորտային համագործակցության շրջանակներում մարմիններին ներկայացվող տեղեկատվության ամբողջություն:

Հոդված 4. Հանրային առողջապահության ապահովման հիմնադրույթները

1. Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ապահովումն իրականացվում է.

1) հանրային առողջապահության միասնական պետական քաղաքականության մշակմամբ եւ իրականացմամբ.

2)  հանրային առողջապահությանն ուղղված պետական, տեղական եւ այլ նպատակային ծրագրերի իրագործմամբ.

3) հանրային իշխանության մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց,  անհատ ձեռնարկատերերի, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ, ինչպեu նաեւ հանրային առողջապահական նորմատիվներով կամ այլ իրավական ակտերով սահմանված  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.

4) հանրային առողջապահության եւ հանրային առողջության իրավիճակի մաuին լիարժեք տեղեկատվության ապահովմամբ.

5) հանրային առողջապահության ապահովման պետական վերահսկողությամբ, արտադրական հսկողության մեխանիզմների իրագործմամբ.

6) հիվանդությունների առաջացման ու տարածման պատճառների եւ պայմանների բացահայտմամբ, գնահատմամբ, վերլուծությամբ, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպմամբ ու իրականացմամբ.

7) օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստվածությամբ եւ պլանավորմամբ, արձագանքմամբ,  հետեւանքների սահմանափակմամբ եւ վերացմամբ.

8) հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմամբ.

9) հանրային իրազեկմամբ, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածմամբ եւ առողջ ապրելակերպի քարոզչությամբ.

10) հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների խախտման համար ֆիզիկական եւ իրավաբանական, ինչպեu նաեւ պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների uահմանմամբ ու կիրառմամբ:

Հոդված 5.    Հանրային առողջապահական նորմատիվները

1. Հանրային առողջապահական նորմատիվների պահանջների պահպանման եւ դրանց կիրառման նկատմամբ իրականացվում է պետական  վերահսկողություն, ինչպես նաեւ՝ հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում եւ կարգով արտադրական  հսկողություն:

Հոդված 6. Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորությունները հանրային առողջապահության բնագավառում

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իր իրավաuության շրջանակներում`

1)  ըստ անհրաժեշտության հաստատում է ծրագրեր՝ սույն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ ուղղված հանրության (մարդու) առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ նվազեցմանը, առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը, հանրային առողջապահության ոլորտում բնակչության իրազեկմանը, հանրային առողջապահական գիտելիքների տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը.

2) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա արտադրանքի (ապրանքների)   ցանկերը.

3) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջները.

4) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի եւ դրա հավելվածի ձեւերը, ինչպես նաեւ պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը.

5) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի եւ շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները եւ համակարգման ընթացակարգերը, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման եւ գնահատման սխեման, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման եւ հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները.

6) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաեւ միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը եւ դրանց հաղորդման կարգը.

7) հաստատում է պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կանոնների ներդրման եւ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը.

8) հաստատում է կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների եւ ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը.

9) հաստատում է լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական եւ ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները.

10) հաստատում է համաճարակի եւ համավարակի պատրաստվածության եւ արձագանքման պլանը.

11) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: 

ԳԼՈՒԽ 2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները եւ գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

1. Լիազոր մարմինը՝

1)  ծրագրում եւ իրականացնում է միջոցառումներ այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով՝ ուղղված հանրային առողջության ապահովմանը, հանրության (մարդու) առողջության ամրապնդմանը, հանրության (մարդու) առողջության պահպանման համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը,  հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանը.

2)  իր իրավասության շրջանակներում հաստատում եւ իրականացնում է ծրագրեր հանրային առողջապահության ոլորտում սույն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ ուղղված հանրության (մարդու) առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ նվազեցմանը, առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը, հանրային առողջապահության ոլորտում բնակչության իրազեկմանը, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը.

3) հաստատում է հանրային առողջապահական նորմատիվներ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ.

4) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ներքին գործերի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակում եւ ընդունում է հանրային առողջապահության ոլորտում տեղեկատվության փոխանակման, շրջակա միջավայրի դիտարկման (մոնիթորինգի), հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման, կանխարգելման, դրանց առաջացման եւ տարածման պատճառների եւ պայմանների բացահայտման, համատեղ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների, կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման, առողջության պահպանման վերաբերյալ համատեղ նորմատիվ իրավական ակտեր.

5) ապահովում է հանրային իրազեկումը, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածումը եւ առողջ ապրելակերպի քարոզչությունը, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

6) իրականացնում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա արտադրանքի (ապրանքների)  պետական գրանցումը.

7) կազմակերպում եւ իրականացնում է համաճարակաբանական դիտարկում, հիվանդությունների կանխարգելում, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

8) մշակում եւ պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին է ներկայացնում հանրային առողջության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկություններ, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

9) իրականացնում է հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառում, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

10) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջեւ կանոնավոր կապի ապահովման կարգը.

11) հաստատում է մարդու եւ կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների  եւ կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը.

12) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ եւ լիազորություններ:

2. Համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման եւ հանրային առողջության ապահովման համար Լիազոր մարմինը հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված հաշվառման եւ հաղորդման ենթակա հիվանդությունների արձանագրման ժամանակ, անձի համաձայնությամբ, կարող է մուտք գործել հիվանդության օջախ եւ իրականացնել դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով:

3. Եթե անձը չի տվել իր համաձայնությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունների իրականացման համար, ապա դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ստեղծվել անկախ, հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական մարմիններ՝ փորձագիտական խմբեր, որոնց, ապացուցողական բժշկության հիման վրա ներկայացված առաջարկությունները, քննարկվում են Լիազոր մարմնի կողմից՝ իմունականխարգելման վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Փորձագիտական խմբերի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատվում է Լիազոր մարմնի ղեկավարի  կողմից:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

1. Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, իր իրավասության շրջանակներում, (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային առողջության ապահովման մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովում՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով  սահմանված կարգով.

3) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ համապատասխան միջոցների կիրառում, այդ թվում՝ պատասխանատվության.

4) օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 9. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները  հանրային առողջապահության ոլորտում

1. Ֆիզիկական անձինք հանրային առողջապահության ոլորտում իրավունք ունեն`

1) ունենալ իրենց եւ իրենց սերունդների կենսունակության ու առողջության համար բարենպաստ պայմաններ.

2. Ֆիզիկական  եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հանրային առողջապահության ոլորտում պարտավոր են`

1) կատարել հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջները.

2) մասնակցել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը՝ միաժամանակ չխոչընդոտելով Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների, կողմից սույն օրենքի 7-րդ եւ 14-րդ հոդվածով սահմանված գործառույթների իրականացմանը:

3. Անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք իրենց կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին համապատասխան հանրային առողջապահության ոլորտում պարտավոր են`

1) մշակել ու իրականացնել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտման վերացման եւ կանխման, բնակչության կենցաղի, աշխատանքի, կրթության եւ հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ.

2)  պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկել վթարային իրավիճակների, արտադրության ընդհատման, տեխնոլոգիական գործընթացների խախտումների վերաբերյալ, որոնք կարող են ուղղակի եւ անուղղակի (շրջակա միջավայրի գործոնների միջոցով)  բացասական հետեւանք ունենալ հանրության (մարդու) առողջության համար.

3) իրականացնել աշխատողների իրազեկում, նրանց շրջանում բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածում եւ առողջ ապրելակերպի քարոզչություն՝ հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան.

ԳԼՈՒԽ 4. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Հոդված 10. Հիվանդությունների իմունականխարգելման պետական քաղաքականությունը,  կազմակերպումը եւ իրականացումը

1. Իմունականխարգելումը կազմակերպվում եւ իրականացվում է համաձայն իմունականխարգելման ազգային ծրագրի, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ սահմանելով հիվանդությունների եւ պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաեւ պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձեւը  եւ տրամադրման կարգը:

2. Իմունականխարգելումն իրականացվում է իմունականխարգելման ենթակա անձանց՝ ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ պլանային, ըստ հանրային առողջապահական նորմատիվների՝ համաճարակաբանական ցուցումով, ինչպես նաեւ կամավոր եւ վճարովի հիմունքներով պատվաստումների ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ:

3. Իմունականխարգելման ոլորտում պետությունը երաշխավորում է՝

1)  պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված եւ (կամ) համաճարակաբանական ցուցումով պատվաստումների հասանելիությունը եւ մատչելիությունը՝ դրանց իրականացումը բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով.

2) իմունականխարգելման անվտանգությանն ուղղված միջոցառումներ՝  պետական վերահսկողության, շարունակական դիտարկման, բուժաշխատողների վերապատրաստման եւ շարունակական կրթման,  բնակչությանն իմունականխարգելման վերաբերյալ լիարժեք, հավաստի եւ մատչելի տեղեկատվության ապահովման միջոցով.

3) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված, ինչպես նաեւ  համաճարակաբանական ցուցումով պատվաստումների կատարման համար անհրաժեշտ պատվաստանյութերով ապահովումը:

4. Իմունականխարգելման գործընթացի կազմակերպման եւ իրականացման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արդյունավետ կառավարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի եւ բժշկական հակացուցումների ցանկը ու դրանց վարման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հանրային առողջապահական նորմատիվներով:

5. Օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ունեցողների, ներկայացվում է պարտադիր պատվաստման պահանջ, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել եւ սահմանված կարգով հրապարակվել է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի պաշտոնական կայքում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելու օրվանից առնվազն 10 օր առաջ: Մինչեւ պաշտոնական հրապարակման 10-րդ օրը օտարերկրյա պետությունից ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող  օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց պարտադիր պատվաստումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Հոդված 11. Իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքները

1. Իմունականխարգելման ենթակա անձինք իրավունք ունեն՝

1) ստանալ հավաստի եւ լիարժեք տեղեկատվություն, ներառյալ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով, պատվաստումների, բացարձակ հակացուցումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի եւ հիվանդությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ստանալ կանխարգելիչ պատվաստումների վկայական եւ (կամ) պատվաստման եւ կանխարգելման միջազգային վկայական, ներառյալ նրանց օրինական ներկայացուցիչների միջոցով.

3) պատվաստման հետ պատճառահետեւանքային կապ ունեցող հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի ժամանակ ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) սահմանված կարգով գրավոր hրաժարվելու պատվաստումից, ներառյալ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով, համաձայն հանրային առողջապահական նորմատիվների, բացառությամբ համաճարակաբանական ցուցումով իրականացվող.

5) կամավոր եւ վճարովի հիմունքներով ստանալ պատվաստումների ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ:

Հոդված 12. Իմունականխարգելման ենթակա անձանց պարտականությունները

1. Համաճարակաբանական ցուցումով պատվաստման ենթակա անձինք պարտավոր են պատվաստվել հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում, բացառությամբ բացարձակ հակացուցում ունեցող անձանց:

2. Իմունականխարգելման ենթակա անձինք կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են՝

1) ապահովել իրենց, իրենց երեխաների, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց եւ իրենց խնամակալության կամ խնամատարության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց մասնակցությունը հիվանդությունների իմունականխարգելմանը.

2) պահպանել հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված պատվաստումների վերաբերյալ պահանջները:

Հոդված 13. Պատվաստումներից հրաժարվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների սահմանափակումները

1. Պատվաստումներից հրաժարվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները  կարող են սահմանափակվել՝ օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ունեցողների, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակավոր մերժումով՝ մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Կառավարության կողմից սահմանված պատվաստումը կամ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը:

ԳԼՈՒԽ 5.  ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Հոդված 14. Հանրային առողջապահական ընդհանուր պահանջները հիվանդությունների կանխարգելման բնագավառում

1. Հիվանդությունների դեպքերը ենթակա են հաշվառման եւ հաղորդման բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման եւ հաշվառման ենթակա հիվանդությունների ցանկը, դրանց ստանդարտ բնորոշումները հաստատվում եւ դրանց հաշվառումն ու հաղորդումն իրականացվում է Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած հանրային առողջապահական նորմատիվների համաձայն:

2. Հիվանդությունների դեպքերի կամ բռնկումների, համաճարակների արձանագրման ժամանակ իրականացվում է դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների:

3. Հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման, տարածման, կանխման ու վերացման նպատակով Լիազոր մարմինը, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները, հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, սույն օրենքի 7-9-րդ հոդվածներով եւ այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները.

1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ հիվանդության օջախ հանդիսացող վայրեր ուղեւորությունների պատմության ուսումնասիրություն.

3) բժշկական զննության իրականացում.

4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

5) կոնտակտավորների, ինչպես նաեւ վարակակիրների սույն մասի 3-րդ կետով սահմանված բժշկական զննություն կամ բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

6) Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, դեպքն արձանագրող այլ իրավաբանական անձինք կամ մարմինները, հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, տեղեկացնում են Լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.

7) վարակի կասկածով անձանց, ինչպես նաեւ վարակակիրների, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

8) վարակի կասկածով անձանց, ինչպես նաեւ հնարավոր վարակակիրների, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

9) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման ապահովում:

4. Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում՝ նաեւ այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:

6. Անձի` սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

7. Ելնելով համաճարակային իրավիճակից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը, եթե տվյալ երկրից մուտք գործող անձինք չունեն համապատասխան պատվաստում կոնկրետ հիվանդության դեմ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված երաշխիքները:

9. Հիվանդությունների առաջացման եւ տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, այլ զորքերի զորամասերում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները կարող են իրականացնել համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

Հոդված 15.  Ախտահանման, միջատազերծման եւ կրծողազերծման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը

1.  Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային առողջապահական նորմատիվներով նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացվում է ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում:

2. Ախտահանումը, միջատազերծումը, կրծողազերծումը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության եւ սպասարկման՝ ոչ բուժական բնույթի  գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը (այսուհետ՝ ախտահանում եւ (կամ) միջատազերծում եւ (կամ) կրծողազերծում իրականացնող), բացառությամբ եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

3. Ախտահանում եւ (կամ) միջատազերծում եւ (կամ) կրծողազերծում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16.  Բժշկական պարտադիր զննությունը

1. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական եւ պարբերական բժշկական զննության:

2. Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) եւ պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտները եւ բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձեւերը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Արտադրական միջավայրում եւ աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) եւ պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը եւ աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության, ինչպես նաեւ եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդություններից որեւէ մեկը, ապա Տեսչական մարմնի որոշմամբ չեն թույլատրում աշխատել՝ մինչեւ սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչեւ առողջացումը:

Հոդված 17. Կարանտին սահմանելը

1. Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց առաջացման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

2. Կարանտին սահմանելու մասին որոշումը Լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ կարանտինային գոտում երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր եւ Երեւան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում.

2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում.

3) Երեւանի քաղաքապետը` Երեւան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երեւան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում:

3. Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են նաեւ՝

1) կարանտին սահմանելու հիմքերը եւ հիմնավորումները.

2) կարանտինային գոտու սահմանները.

3) կարանտին սահմանելու ժամկետը.

4) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը.

5) անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային եւ սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու եւ կարանտինի ժամանակ անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երեւանի քաղաքապետին:

5. Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է Լիազոր մարմնի կողմից համապատասխան առաջարկությունը Հայաuտանի Հանրապետության կառավարություն կամ կարանտին սահմանելու իրավասություն ունեցող անձանց ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:

6. Կարանտին սահմանելու վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա մարզպետի եւ (կամ)  Երեւանի քաղաքապետի կողմից՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում կարանտին չհայտարարելու դեպքում, մարզպետը եւ (կամ) Երեւանի քաղաքապետը Լիազոր մարմնին եւ Կառավարությանը ներկայացնում են կարանտին չհայտարարելու վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում:

7. Կարանտին չհայտարարելու վերաբերյալ պատճառաբանված հիմնավորման գնահատման արդյունքում` սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով նախատեսված վայրերում Լիազոր մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել կարանտին:

Հոդված 18. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

 1. Կարանտին սահմանելու դեպքում, ի թիվս սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակող միջոցառումները.

1) կարանտինային գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) մեկուսացում կամ օբսերվացիա:

2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետեւանքները վերացնելու, հանրության (մարդու) առողջությունը պահպանելու նպատակներով եւ պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանելու դեպքում հանրային իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

3. Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:

Հոդված 19. Կարանտինային գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ սահմանելը

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ սահմանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր եւ բժշկական զննության իրականացման կետեր:

2. Հատուկ անցակետերում եւ բժշկական զննության կետերում անվտանգության եւ ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության եւ ռեժիմի պահպանությանը կարող են ներգրավվել նաեւ Լիազոր մարմնի ներկայացուցիչները, Տեսչական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը եւ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:

Հոդված 20. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետեւյալ սահմանափակումները.

1) տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.

2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն եւ կիրառություն եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.

3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայություն.

4) անձնական օգտագործման մարդատար եւ բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների կիրառում եւ սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղեւորների քանակի սահմանափակում, ինչպես նաեւ սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:

2. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում եւ սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

Հոդված 21. Մեկուսացում կամ օբսերվացիա

1. Մեկուսացման կամ օբսերվացիայի գրավոր հրահանգը տրվում է Լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից:

2. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման կամ օբսերվացիայի պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի եւ իր պարտականությունների մասին: Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի պահանջով մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման կամ օբսերվացիայի մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:

3. Մեկուսացման կամ օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:

4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողներին (աշխատողների) մեկուսացման կամ օբսերվացիայի հրահանգը, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մարմիններից, կարող է տրվել նաեւ համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով:

5. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված կամ օբսերվացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված հրահանգների: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում պարտավոր են աջակցել Ոստիկանությանը: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

6. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողների (աշխատողների) մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման կամ օբսերվացիայի վայրերը:

7. Մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքում անձն արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ եւ Լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման կամ օբսերվացման վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

8. Մեկուսացման կամ օբսերվացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բացառությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքերի, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորությունը:

9. Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդություն, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, կամ հրահանգվում է մեկուսանալ` սույն հոդվածով սահմանված կարգով:

10. Մեկուսացման եւ օբսերվացիայի իրականացման կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Կարանտինի ժամանակ կիրառվող սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը

 1. Կարանտինի ժամանակ կիրառվող սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին եւ (կամ) Ոստիկանություն:

Հոդված 23. Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը եւ կարանտին սահմանելու մասին որոշման գործողության դադարեցումը

1. Կարանտինը սահմանվում է մինչեւ վեց ամիս ժամկետով:

2. Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչեւ վեց ամիս՝ պահպանելով կարանտին սահմանելու՝ սույն օրենքով սահմանված կարգը:

3. Կարանտինը դադարում է կարանտինի գործողության ժամկետը լրանալու եւ չերկարաձգելու կամ կարանտին սահմանելու մասին որոշման գործողությունը դադարեցվելու դեպքում:

Հոդված 24. Կարանտին սահմանելու դեպքում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը

1. Կարանտին սահմանելու դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնում են` հիմք ընդունելով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:

Հոդված 25. Հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելում

1.  Հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման գործընթացի համակարգումը, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների համաձայն, իրականացնում է Լիազոր մարմինը՝ որպես ազգային համակարգող մարմին:

Հոդված 26. Արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության  պահպանումը

1. Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ արձագանքման համար, հանրային առողջության պահպանման նպատակով, Լիազոր մարմնի կողմից մշակվում եւ հաստատվում են հանրային առողջապահական համալիր (բոլոր վտանգների դեպքում ընդհանուր), ինչպես նաեւ, ըստ արտակարգ իրավիճակի տեսակի եւ վտանգի գործոնի, մասնահատուկ (առանձին) ծրագրեր` ներառյալ արտակարգ  իրավիճակների առաջացման կանխարգելման եւ դրանց հետեւանքների սահմանափակմանը եւ վերացմանն ուղղված միջոցառումները:

2. Արտակարգ իրավիճակների ժամանակ, հանրային առողջության պահպանման նպատակով, Լիազոր մարմինն, իր ուժերով կամ այլ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, կազմակերպում եւ իրականացնում է վարժանքներ, կրթական ծրագրեր, ապահովում է արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը եւ դրանց ժամանակ գործողությունների համար կարողությունները եւ ռեսուրսները, ինչպես նաեւ մասնակցում է  այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումներին:

ԳԼՈՒԽ 6.  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները.

1) սույն օրենքով սահմանված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ հանրային իշխանության մարմիններում եւ այլ հաստատություններում:

 2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելու, մարդու (հանրության) առողջությունը պահպանելու նպատակով եւ պետք է համաչափ լինեն այդ նպատակին: Կարանտինի պայմաններում հանրային իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

Հոդված 28. Կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները կարանտին սահմանելու դեպքում

1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել սույն օրենքով սահմանված կանխարգելիչ եւ հակահամաճարակային հետեւյալ միջոցառումները.

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) մեկուսացում կամ օբսերվացիա.

5) սույն գլխով սահմանված այլ միջոցառումներ եւ սահմանափակումներ:

2. Կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում՝ կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաեւ սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով Տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային եւ սանիտարահամաճարակային միջոցառումները:

Հոդված 29. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, ինչպես նաեւ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ:

2. Սույն հոդվածի իմաստով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումները, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները, այդ թվում՝

1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ.

2) տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները:

3. Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ոստիկանությունը:

4. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Ոստիկանությունը եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված տեսչական մարմինները: Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ:

5. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ոստիկանությունը հանրային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու կամ հանրային միջոցառումը՝ դրան մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջներին համապատասխանեցնելու կամ դադարեցնելու պահանջով դիմում է հանրային միջոցառման կազմակերպչին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման մասնակիցներին: Հանրային միջոցառման կազմակերպչի բացակայության կամ միջոցառման մասնակիցների կողմից Ոստիկանության պահանջը չկատարվելու դեպքում Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում է դադարեցնել հանրային միջոցառումը` սահմանելով ողջամիտ ժամկետ: Միաժամանակ Ոստիկանության կամ համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը հանրային միջոցառման մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հանրային միջոցառումը կամովին չդադարեցնելու դեպքում հանրային միջոցառումը ցրելու, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ Ոստիկանության լիազորության մասին:

Հոդված 30. Տնտեսական գործունեության եւ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումը

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել տնտեսական գործունեության, մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների առանձին տեսակները, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունները, որոնց նկատմամբ սահմանվում են սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է նախատեսվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների եւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում՝ կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը, բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

5. Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաեւ ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման եւ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

6. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տալիս է հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

8. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման,  ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը եւ (կամ)  կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմիններ, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին՝ սույն հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

10. Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է Լիազոր մարմինը:

Հոդված 31. Ապրանքների փոխադրման սահմանափակումները

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումներ:

Հոդված 32. Ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումները

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի եւ ռազմական ուսումնական հաստատությունների վրա:

2. Ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը Տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատություններ ստուգայցերի միջոցով՝ Տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ:  Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաեւ ստուգայցն իրականացնող Տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված եւ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման եւ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ներկայացուցիչը տալիս է հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

5. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում են վարչական պատասխանատվության միջոցներ:

6. Կարանտին սահմանելու դեպքում ուսումնական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաեւ կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել Տեսչական մարմնին:

Հոդված 33. Սահմանափակումները հանրային իշխանության մարմիններում եւ այլ հաստատություններում

1. Կարանտինի պայմաններում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են՝

1) պետական կառավարման համակարգի մարմիններում՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ.

2) տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքի ղեկավարի որոշմամբ.

3) այլ մարմիններում՝ համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափակումներ՝ համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Այդ հաստատությունների եւ կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ:

Հոդված 34. Կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառումը

1. Սույն գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը եւ կարգը՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

ԳԼՈՒԽ 7. ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱ)

Հոդված 35. Հանրային առողջության ապահովման պահանջները ջրամատակարարման եւ ջրօգտագործման բնագավառում

1. Խմելու, կենցաղային, տնտեսական կարիքների համար օգտագործվող ջրի, կենտրոնացված եւ ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու եւ բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաեւ բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի հանրային առողջապահական նորմատիվներին:

2. Պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ջրամատակարարման համակարգերը շահագործողներն իրականացնում են ջրամատակարարման համակարգերի պահպանումը եւ բնակչությանը հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան խմելու ջրով ապահովումը:

3. Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու եւ վերացնելու նպատակով պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Խմելու, կենցաղային, տնտեսական կարիքների համար օգտագործվող, կենտրոնացված եւ ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրաղբյուրների սանիտարական պահպանման գոտիների կազմակերպումը, շահագործումը եւ ռեժիմի ապահովումը պետք է համապատասխանի հանրային առողջապահական նորմատիվներին:

4. Խմելու ջրի որակը հանրային առողջապահական նորմատիվներին չհամապատասխանելու դեպքում Տեսչական մարմնի որոշմամբ հիմնարկների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խմելու ջրի օգտագործումը ժամանակավոր դադարեցվում է:

Հոդված 36. Բնակելի եւ հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հողերի եւ բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդի նկատմամբ սահմանվող հանրային առողջության ապահովման պահանջները

1. Բնակելի եւ հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հողերում աղտոտող նյութերի կոնցենտրացիան, կենսաբանական նյութերի, միկրոօրգանիզմների, միջատների եւ դրանց թրթուրների պարունակությունը հողի տարբեր խորություններում, ինչպես նաեւ ճառագայթային անվտանգության մակարդակը, բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդում աղտոտող նյութերի քանակությունը պետք է առողջության համար անվտանգ լինի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հոդված 37. Բնակչության սնուցման խանգարումների եւ սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջները

1. Բնակչության համար նախատեսված կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական   ձեւից), սնուցման ֆիզիոլոգիական նորմերը, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցումը պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվներին:

2. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, զինված ուժերում, այլ զորքերում, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սնուցման ֆիզիոլոգիական նորմերը:

3. Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների, կողմից կարող է իրականացվել սննդամթերքի օգտագործման հետ կապված մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատում, մշակվել առաջարկություններ եւ ներկայացնել իրավասու մարմիններին:

4. Բնակչության սնուցման ֆիզիոլոգիական նորմերի, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցման ապահովման, միկրոտարրերի անբավարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման եւ համաճարակաբանական դիտարկման գործընթացն իրականացվում է սույն օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ի հայտ գալու դեպքում՝ դրանց առաջացման, ինչպեu նաեւ տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման եւ լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին առաջարկությունների ներկայացումը իրականացվում է Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հոդված 38. Բժշկական օգնության եւ սպասարկման մատուցմանը ներկայացվող հանրային առողջության ապահովման պահանջները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվներին եւ այլ իրավական ակտերին եւ լինեն առողջության համար անվտանգ:

Հոդված 39. Մարդու  եւ կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների եւ կենսաբանական ծագում ունեցող թույների արտադրությանը, մշակմանը, տեղափոխմանը, օգտագործմանը, պահպանմանը եւ վարակազերծմանը ներկայացվող հանրային առողջության ապահովման պահանջներ

1. Մարդու եւ կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմները, հելմինթները եւ կենսաբանական ծագում ունեցող թույները արտադրվում, մշակվում, տեղափոխվում, օգտագործվում, պահպանվում, վնասազերծվում եւ վարակազերծվում են այնպես, որ չվտանգեն մարդկանց առողջությունը՝ հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան:

Հոդված 40. Բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման, բնակելի,  հասարակական եւ արտադրական շենքերի, շինությունների, կառույցների պահպանման ու շահագործման բնագավառում հանրային առողջության ապահովման պահանջները

1. Բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարության, վերակառուցման եւ կառուցապատման նախագծային եւ նորմատիվային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով ենթակա են համաձայնեցման Լիազոր մարմնի հետ:

2. Պետական կառավարման համակարգի, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, միջազգային կազմակերպությունների կողմից բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի, շինությունների, կառույցների նախագծման, շահագործման ընթացքում պետք է պահպանվեն շրջակա միջավայրի գործոններին՝ ներառյալ ֆիզիկական գործոններին՝ աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի եւ ուլտրաձայնի  մակարդակին,  ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական եւ մագնիսական դաշտերին ներկայացվող հանրային առողջապահական նորմատիվների պահանջները:

Հոդված 41. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին, հանգստի, զբոսաշրջության, սպորտի, կենցաղային ծառայություններ մատուցող, առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին, արտադրական կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող հանրային առողջության ապահովման պահանջները

1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները, հանգստի, զբոսաշրջության, սպորտի, կենցաղային ծառայություններ մատուցող, առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, արտադրական կազմակերպությունների գործունեության ընթացքում պետք է ապահովվի հանրային առողջության անվտանգությունը` հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխան:

Հոդված 42. Բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի եւ ուլտրաձայնի  մակարդակին,  ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական եւ մագնիսական դաշտերին ներկայացվող հանրային առողջության պահանջները

1. Բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռում), ինֆրաձայնի եւ ուլտրաձայնի մակարդակը,  ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսի, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումները, ցածր հաճախականության եւ ստատիկ էլեկտրական եւ մագնիսական դաշտերը (ոչ իոնացնող ճառագայթում) պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված ճառագայթման աղբյուրների արտադրությունը, շահագործման հանձնումն ու օգտագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով հանրային առողջության անվտանգությունը` հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխան:

Հոդված 43. Դիակների դիահերձմանը, պահպանմանը, տեղափոխմանը, հուղարկավորությանը, վերահուղարկավորմանը, վրահուղարկավորմանը ներկայացվող հանրային առողջապահության ապահովման պահանջները

1. Հուղարկավորությունը, վերահուղարկավորումը, վրահուղարկավորումը եւ (կամ) դիակիզումը, ինչպես նաեւ մահացածների մարմինների (դիակների, աճյունների) ախտաբանաանատոմիական դիահերձումը, պահպանումը, տեղափոխումը, պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական  նորմատիվների պահանջներին:

Հոդված 44. Թափոնների գործածության՝ գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, ոչնչացման եւ թաղման բնագավառում հանրային առողջապահական պահանջները

1. Թափոնների գործածության՝ գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, ոչնչացման եւ (կամ) թաղման հետ կապված գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ՝ հանրային առողջապահական  նորմատիվների պահանջներին համապատասխան:

Հոդված 45. Հանրության (մարդու) առողջության վրա ազդող շրջակա միջավայրի  դիտարկում (մոնիթորինգ)

1. Հանրության (մարդու) առողջության անվտանգությունը ապահովելու, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր ազդեցությունը բացառելու, հիվանդությունների առաջացման կանխարգելման  նպատակով իրականացվում է շրջակա միջավայրի դիտարկում (մոնիթորինգ)`  Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ՝ հանրային առողջապահական նորմատիվների պահանջների համաձայն:

2. Շրջակա միջավայրի դիտարկումն (մոնիթորինգ) իրականացնում  է Լիազոր մարմինը, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաեւ այլ պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

3. Շրջակա միջավայրի դիտարկման (մոնիթորինգ) շրջանակներում կարող է կատարվել oդի, ջրի, հողի, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ փոխանցող հոդվածոտանիների, բնական պահոցների, առարկաների ու նյութերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ եւ գործիքային չափումներ:

ԳԼՈՒԽ 8.  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 46. Արտադրական հսկողությունը

1. Մարդու առողջության համար շրջակա միջավայրի, արտադրանքի, աշխատանքների եւ ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով, հանրային առողջապահական նորմատիվներով նախատեսված դեպքերում եւ կարգով, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել արտադրական հսկողություն, այդ թվում լաբորատոր հետազոտությունների ու փորձարկումների իրականացում, շրջակա միջավայրի գործոնների, ապրանքների արտադրության, պահպանության, տեղափոխման, իրացման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ընթացքում հանրային առողջապահական նորմատիվների պատշաճ կատարման, եւ սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման  հսկողություն:

2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կարող է արտադրական հսկողությունը իրականացնել ինքնուրույն կամ պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության եւ սպասարկման՝ ոչ բուժական բնույթի  գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը (այսուհետ՝ արտադրական հսկողություն իրականացնող):

3. Արտադրական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 9 .ՀԱՆՐԱՅԻՆ  ԻՐԱԶԵԿՈՒՄ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Հոդված 47. Հանրային իրազեկումը

1. Հանրային առողջապահության ոլորտում գերակա առանձին հիվանդությունների կամ հանրային առողջության համար հիմնախնդիր հանդիսացող հարցերի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից իրականացվում է հիվանդությունների եւ դրանց կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկում:

2. Ոստիկանությունը, սույն օրենքի շրջանակներում, իր հսկողական լիազորություններն իրականացնելիս  պարտավոր է մինչեւ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը կամ վարչական ակտ ընդունելն անձին իրազեկել սահմանափակող միջոցառման վերաբերյալ:

Հոդված 48. Հանրային առողջապահական գիտելիքների տարածումը, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցումը

1. Բնակչության շրջանում հանրային առողջապահական գիտելիքներն, այդ թվում եւ  արտակարգ իրավիճակների ժամանակ, ապահովելու համար, Լիազոր մարմնի կողմից եւ (կամ) վերջինիս հետ համաձայնեցված կարգով՝ կազմակերպվում եւ իրականացվում են հիվանդությունների կանխարգելմանը եւ առողջության ամրապնդմանն ուղղված հանրային առողջապահական  գիտելիքների տարածում:

2.Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնեցման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:

3. Սննդարդյունաբերության, առեւտրի եւ հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական եւ կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաեւ մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում պարտադիր իրականացվում է նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած  կարգով:

Հոդված 49. Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը

1. Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության նպատակով Լիազոր մարմնի կողմից  կարող են իրականացվել առողջ ապրելակերպին՝ հիվանդությունների կանխարգելմանը եւ նվազեցմանը, ռիսկի գործոնների նվազեցմանը, վնասվածքների կանխարգելմանն ուղղված ծրագրեր:

ԳԼՈՒԽ 10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ)  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 50. Հայաստանի Հանրապետությունում սանիտա

րահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառմանը ներկայացվող պահանջներ1. Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա արտադրանքը (ապրանքները), որոնց անվտանգության պահանջները սահմանված չեն տեխնիկական կանոնակարգերով, թույլատրվում է կիրառել Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումից եւ  անվտանգությունը հավաստող փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի տրամադրումից հետո:

ԳԼՈՒԽ 11.  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 51.  Աշխատանքի հիգիենայի ծառայություններին ներկայացվող պահանջներ

1. Աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

2. Աշխատանքի հիգիենայի ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության եւ սպասարկման՝ ոչ բուժական բնույթի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը (այսուհետ՝ աշխատանքի հիգիենայի ծառայություններ մատուցող):

3. Աշխատանքի հիգիենայի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.  Աշխատանքի հիգիենայի ծառայությունների նվազագույն ծավալը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 12.  ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 52. Հանրային առողջապահական փորձաքննություն

1. Հանրային առողջապահական փորձաքննություն՝ բնակչության առողջության վրա  ուղղակի եւ անուղղակի (շրջակա միջավայրի գործոնների միջոցով) ազդեցություն ունեցող  նախատեսվող եւ իրականացվող գործունեության, հիմնադրութային փաստաթղթերի, կառույցների, կառուցվածքների, շենքերի, շինությունների, արտադրանքի, ապրանքների եւ ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա եւ բնակության միջավայրի գործոնների՝ գնահատման եւ (կամ) վերլուծության եւ (կամ) հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, եւ (կամ) գործիքային չափումների արդյունքում հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տալու գործընթաց՝ մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցությունը բացառելու, հիվանդությունները կանխարգելելու եւ նրա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:

2. Հանրային առողջապահական փորձաքննությունն իրականացվում է`

1) ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման եւ ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման, նախատեսվող գործունեության, հիմնադրութային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի փորձաքննության՝ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությամբ եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների,  կողմից.

2)  պետական վերահսկողություն իրականացնելու, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության  միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունն հավաստելու վերաբերյալ դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության եւ սպասարկման՝ ոչ բուժական բնույթի գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերի, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների կողմից՝ պայմանագրային հիմունքներով (այսուհետ՝ հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնող):

3. Հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Փորձաքննության շրջանակներում հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների ապահովումը  հավաստելու համար լաբորատոր հետազոտության արդյունքների անհրաժեշտության դեպքում եզրակացության կամ կարծիքի (այսուհետ՝ եզրակացություն) տրամադրման համար հիմք են ընդունվում օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված եւ (կամ) ԵԱՏՄ ռեեստրում գրանցում ստացած փորձարկման այլ լաբորատորիաների կողմից` դիմելու ժամկետից ոչ ավել քան 1 ամիս վաղեմությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները:

5. Փորձաքննության արդյունքում փորձաքննություն կատարողի կողմից տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացություն:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված փորձաքննության եզրակացությունը պետական մարմինները հանրային առողջության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկում եւ հաշվի են առնում, իսկ բացասական Եզրակացության դեպքում փորձաքննության ներկայացված նախագիծը, հիմք ընդունելով Եզրակացության արդյունքները, լրամշակվում է եւ կրկին ներկայացվում փորձաքննության:

7. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փորձաքննության դեպքում տրամադրվում է եզրակացություն:

ԳԼՈՒԽ 13. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 53. Սույն օրենքով նախատեսված ակտերի եւ գործողությունների (անգործության) բողոքարկումը

1. Սույն օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն օրենքով նախատեսված մարմինների կայացրած ակտերն ենթակա են պատշաճ ծանուցման եւ անհապաղ կատարման:

2. Սույն օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն օրենքով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում:

Հոդված 54. Պատասխանատվությունը հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությունը  խախտելու համար

1. Հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջները խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 14. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

Հոդված 55. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 56.   Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու  պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 16-ի  ՀՕ-43 օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք), լինելով ՀՀ անկախությունից հետո ընդունված առաջին օրենքներից մեկը, ներկայում լիաժեք չի կանոնակարգում հանրային առողջապահության ոլորտը: Մասնավորապես գործող օրենքում ոչ հստակ կամ մասամբ են սահմանված կարգավորումները մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, կանխարգելման, իմունականխարգելման, վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման ուղղությամբ, ամբողջական կարգավորված չեն հանրային առողջապահական (սանիտարահիգիենիկ) փորձաքննության հետ կապված իրավահարաբերությունները: Հետեւաբար, հանրային առողջապահության՝ ներառյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտն օրենսդրորեն ունի արդիականացման կարիք՝ հաշվի առնելով օրենսդրության, պետական կառավարման եւ այլ մարմինների ու կազմակերպությունների գործառույթները, փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները (2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը), Միջազգային առողջապահական կանոնների (2005թ.) պահանջները, օրենսդրության գործնականում կիրառման փորձը  եւ այլն:

Հանրային առողջապահության (public health) ոլորտը կարգավորող օրենքներ առկա են եվրոպական բոլոր երկրներում, սակայն տարբերվում են՝ կախված իրավական տեխնիկայից եւ երկրի ավանդույթներից: Տարբեր երկրների հանրային առողջապահությանն առնչվող օրենքները վերաբերում են բոլոր այն ոլորտներին, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է հանրային առողջությանը եւ առողջապահությանը: Դրանց դրույթների կատարումը յուրաքանչյուր մարդու, տնտեսվարող սուբյեկտի, արտադրող եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների պարտականությունն է, իսկ վերահսկողությունը` համապատասխան մարմինների: Այս ոլորտում նաեւ ընձեռվում է սահմանված պահանջների կատարման ապահովման ուղղությամբ ծառայությունների մատուցման հնարավորություն` հաշվի առնելով որ դրանց կատարման պատասխանատուն ինքը՝ գործունեություն ծավալողն է (արտադական հսկողություն, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, ախտահանման, միջատազերծման եւ կրծողազերծման աշխատանքների իրականացում, հիգիենիկ ուսուցում եւ այլն):

Սույն նախագիծը մշակվել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության,   Եվրամիության օրենսդրության,  Միջազգային առողջապահական կանոնների (2005թ?) եւ այլ միջազգային հիմնարար օրենսդրությանը համապատասխան: Նախագծի մշակման համար հիմք են ծառայել Եվրամիության անդամ տասնյակից ավելի երկրների (Չեխիա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա եւ այլն), Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան օրենքները եւ նորմատիվ իրավական այլ ակտերը, Եվրամիության համապարփակ օրենդրությունը, մասնավորապես՝ նորմատիվ փաստաթղթերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները, ԱՀԿ  պաշտոնական մոտեցումները, COVID-19-ի համավարակից քաղված դասերը եւ այլն:

Հայաստանի Հանրապետությունում ներկայում Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված եւ համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով՝ պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով, օրենսդրորեն ամրագրված չէ պարտադիր պատվաստումների իրականացումը կամ դրանցից հրաժարվելու դեպքում՝ սահմանափակումների կիրառումը: Վերջինս ռիսկային է՝ Հայաստանում տարեցտարի ակտիվանում է հակապատվաստումային շարժումը՝ նպաստելով պատվաստումներից հրաժարվողների թվի աճին եւ նման միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ էլիմինացված (տեղական դեպքերի բացակայություն՝ կարմրուկ, կարմրախտ, փայտացում) ու արմատական վերացված (պոլիոմիելիտ, դիֆթերիա) հիվանդությունների  հետ վերադարձ  եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում:

Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների արդյունավետությունն ապահովելու համար, պահանջվում է նաեւ ստորեւ բաղադրիչների լիարժեք կիրառում եւ զուգորդում՝ կայուն ֆինանսավորում, պատվաստանյութերի արդյունավետ կառավարում, բուժաշխատողների շարունակական կրթում, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատշաճ վարում, ընդգրկվածության ցուցանիշների մտադիտարկում, հանրային իրազեկում եւ այլն: Աշխարհի մի շարք երկրներ արդեն իսկ որդեգրել են պատվաստումների պարտադիր իրականացման քաղաքականությունը կամ կիրառում  են որոշակի սահմանափակումներ՝ չպատվաստված, թերի պատվաստված, պատվաստումներից հրաժարված անձանց նկատմամբ:

Ըստ ԱՄՆ «Սեբին պատվաստանյութերի ինստիտուտի» կողմից իրականացված եվրոպական երկրների իմունականխարգելման վերաբերյալ օրենսդրության գնահատման Լայկերտի սանդղակի (հղում՝ https://www.sabin.org/resources/legislative-approaches-to-immunization-across-the-european-region/) երկրները դասակարգվում են 5 մակարդակի, մասնավորապես՝

1) Ոչ պարտադիր՝ այս մակարդակին համապատասխանում է եվրոպական տարածաշրջանի 17 երկիր, որտեղ պատվաստումների պարտադիր իրականացումն օրենսդրորեն նախատեսված չէ, չկան նաեւ ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակումներ: Իմունականխարգելման ընդգրկվածության ցուցանիշների գնահատման եւ տվյալների ներկայացման համար առկա է մշտադիտարկման համակարգ, օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Հայաստան եւ այլն:

2) Ոչ պարտադիր՝ համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմով- այս մակարդակին համապատասխանում է եվրոպական տարածաշրջանի 5 երկիր, որտեղ պատվաստումների պարտադիր իրականացում օրենսդրորեն նախատեսված չէ, սակայն առկա են ծնողների խրախուսման եւ մոտիվացման միջոցներ, ինչպես նաեւ համակարգված մշտադիտարկման մեխանիզմներ, որոնք բուժաշխատողին թույլ են տալիս հետեւել պատվաստումային կարգավիճակին եւ ապահովել հետադարձ կապը, օրինակ՝ Գերմանիա, Ավստրիա, Բելառուսիա, Էստոնիա, Պորտուգալիա:

Գերմանիայում պատվաստումները պարտադիր չեն եւ չկան ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակումներ: Գերմանիայի ֆեդերալ առողջապահության նախարարությանը կից գործում է պատվաստումների խորհրդատվության անկախ փորձագիտական հանձնաժողով, որի կողմից առաջարկվող պատվաստումները ներառված են առողջության ապահովագրության փաթեթում:

Միաժամանակ, 2015 թվականին, օրենսդրական փոփոխությունների համաձայն, ծնողները պարտավոր են ներկայացնել տեղեկանք երեխայի պատվաստումային կարգավիճակի վերաբերյալ: Ուսումնական հաստատություններն իրավունք ունեն հեռացնել չպատվաստված երեխային ուսումնական հաստատությունից  կամ տրամադրված տեղեկատվության հիման վրա պետությունը կարող է տուգանել չպատվաստված երեխայի ընտանիքին: Բացառիկ դեպքերում, Գերմանիայի առողջապահության ֆեդերալ նախարարությունը եւ տեղային ինքնակառավարման մարմինները կարող են բնակչության որոշակի խմբերին պարտադրել որոշակի պատվաստումների իրականացումը:

3) Ոչ պարտադիր՝ ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակմամբ՝ Եվրոպական տարածաշրջանի 4 երկիր՝ Կիպրոս, Չեխիա, Հունաստան, Մոլդովա, կիրառում են այս մոտեցումը: Չնայած այդ երկրներում չի գործում պարտադիր պատվաստումների պահանջ, սակայն ուսումնական հաստատություններ հաճախելու դեպքում գործում է պատվաստումների պարտադիր իրականացման պահանջը: Իմունականխարգելման ընդգրկվածության ցուցանիշների գնահատման եւ տվյալների ներկայացման համար առկա է մշտադիտարկման համակարգ: Այս մեխանիզմի վառ օրինակ է Մոլդովան, որտեղ պատվաստումների պարտադիր պահանջ չկա, սակայն դպրոց հաճախելու համար պատվաստումները պարտադիր են:

4) Պարտադիր՝ մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմ՝ այս մոտեցումը կիրառում է եվրոպական տարածաշրջանի 6 երկիր՝ Խորվաթիա, Ղազախստան, Լատվիա, Մոնտենեգրո, Սան Մարինո, Տաջիկիստան: Այս երկրներում օրենսդրորեն ամրագրված է պարտադիր պատվաստումների իրականացումը, սակայն չկան հատուկ օրենսդրական կարգավորումներ: Համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմները սահմանափակ են կամ առկա չեն:

5) Պարտադիր՝ համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմով՝ այս մոտեցումը կիրառվում է եվրոպական տարածաշրջանի 17 երկրում (Ֆրանսիա, Հունգարիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Լեհաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա եւ այլն): Այս երկրներում օրենսդրորեն ամրագրված է պարտադիր պատվաստումների իրականացումը՝ օրենսդրական կարգավորումներով, կայուն ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ համակարգված մշտադիտարկմամբ եւ հետադարձ կապով: Օրենսդրական կարգավորումները բազմազան են եւ կարող են տատանվել տուգանքներից մինչեւ ազատազրկում:

Վերլուծելով եվրոպական տարածաշրջանի երկրների իմունականխարգելման օրենսդրական դաշտը, կարելի է եզրահանգել, որ օրենսդրական բարեփոխումները կնպաստեն հանրապետությունում պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, ինչպես, Ֆրանսիայում եւ Իտալիայում, որտեղ պարտադիր պատվաստումների օրենսդրական փոփոխությունից հետո դիտվել է ցուցանիշների բարձրացում (հղում՝ https://www.nature.com/articles/d41586-019-02193-4?fbclid=IwAR0JU-qFRumnk4CkcZSJOPvnlje1KmgdkR1mFIK3_ENPLU3m02nRz8OGkpw): Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ միջազգային նոր պահանջներին եւ ոլորտի նոր զարգացումներին համապատասխան  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառման կազմակերպման եւ իրականացման (շրջակա միջավայրի հիգիենա), համաճարակաբանական  դիտարկման, արտադրական հսկողության,  հանրային  իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման, Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների պետական գրանցման, աշխատանքի հիգիենայի ծառայությունների եւ հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորելու եւ հանրային առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման  մարմինների լիազորությունները,  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ:

Ելնելով վերը նշվածից եւ  հանրային առողջապահության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից, ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի  N 1 հավելվածի 19.1 կետի՝  մշակվել է սույն նախագիծը:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել դեռեւս 1992 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը եւ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծից  բխող համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերում:

2.  Առաջարկվող կարգավորման նպատակը եւ  բնույթը

Սույն օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը եւ խթանումը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:

Սույն նախագծով սահմանվել են հանրային առողջապահության ապահովման ինչպես նոր պահանջները, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով արդեն իսկ սահմանված, ներկայումս գործող եւ կիրառելի մի շարք դրույթներ (ներառյալ՝ կարանտինին վերաբերող կարգավորումները): Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, վերջիններիս համագործակցության հիմունքները:  Նախագիծը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք գործող օրենքում ամրագրված չեն: Oրենքում օգտագործվող հիմնական սահմանումները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության  եւ  Եվրամիության երկրներում կիրառվող եւ  միջազգայնորեն ընդունված հասկացություններին:

Մասնավորապես նախագծով.

1) Առաջին անգամ ՀՀ-ում սահմանվել են հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրայն առողջապահություն, համաճարակ, համավարակ, բռնկում, վարակի օջախ, համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, արտադրական հսկողություն եւ այլն).

2) Հստակեցվել են հանրային առողջապահության բնագավառում Կառավարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, այդ թվում՝ իր ենթակայության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող, Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները,

3) Ամրագրվել է պարտադիր պատվաստումների իրականացումն ըստ համաճարակաբանական ցուցումների՝ բացառությամբ  փաստագրված բացարձակ հակացուցումներ ունեցող անձանց,

4) Սահմանվել են կարանտինի, ինչպես նաեւ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման (AHR), արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության  պահպանման պահանջները,

5) Սահմանվել են բնակելի եւ հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հողերի եւ բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդի նկատմամբ, ջրամատակարարման եւ ջրօգտագործման բնագավառում, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, բժշկական օգնության եւ սպասարկման մատուցմանը ներկայացվող, հյուրանոցային տնտեսության օբյեկտներին, կենցաղային ծառայություններ մատուցող, առողջապահական, սոցիալական պաշտպանության կազմակերպություններին ներկայացվող, բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում ֆիզիկական գործոններին, (աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի եւ ուլտրաձայնի  մակարդակին,  ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական եւ մագնիսական դաշտերին), թափոնների գործածությանը ներկայացվող, դիակների դիահերձմանը, պահպանմանը, տեղափոխմանը, հուղարկավորությանը, վերահուղարկավորմանը, վրահուղարկավորմանը ներկայացվող եւ հանրային առողջության ապահովման մի շարք այլ պահանջներ:

6) Տարանջատվել է հիմնադրութային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի, ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության եւ պետական վերահսկողություն իրականացնելու կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմելու դեպքում՝ շենքերի, շինությունների, արտադրանքի, գործունեության տեսակների եւ այլ դեպքերում հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ կարգավորումները՝ վերջինիս իրականացման համար սահմանելով նաեւ լիցենզավորման պահանջ:

7) Հստակ ձեւակերպվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման,  այդ հիվանդությունների  Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի,  բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման վերաբերյալ:

8) Սահմանվել է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն եւ աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար եւ Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ սահմանելու այս գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Միաժամանակ  Նախագծով մեկտեղվել են կարանտինի տարբեր տեսակների վերաբերվող իավակարգավորումները եւ ուժը կորցրած է ճանաչվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4.1 գլուխը («Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները), ինչպես նաեւ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող անձնական տվյալների մշակմանը վերաբերող համապատասխան փոփոխություն է կատարվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում:

Նախագծերի փաթեթով  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվել է «Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի եւ(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ(կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերի վարույթը» վերնագրով նոր 36.1 գլուխ, քանի որ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորված է վերոնշյալ գործողությունների կատարումը անձի համաձայնության դեպքում, իսկ առանց անձի համաձայնության՝ այն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ հետեւյալ հիմնավորմամբ.

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասի յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

Սահմանադրությամբ ամրագրված իրակավակարգավորումները սեփականության իրավունքի սահմանափակում թույլ են տալիս կատարել միայն օրենքով, այն էլ որոշակի նպատակների համար, իսկ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը:

Ելնելով վերոգրյալից էլ անհրաժեշտություն է առաջացել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ (որը կարող է հանդիսանալ թե բնակարան, թե անձին սեփականության կամ այլ իրավունքով պատկանող շինություն եւ այլն) մուտք գործելու եւ դեպքի եւ(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ(կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու իրավակարգավորումները սահմանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ հնարավորինս որոշակի եւ պաշտպանված դարձնելով անձանց սեփականության եւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքների սահմանափակումները:

Նախագծի փաթեթով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի  մի շարք մասերում եւ 1823-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերում  կատարել փոփոխություններ ու լրացումներ: Մասնավորապես՝ նախագծով նախատեսվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում, բացի տուգանքից  որպես վարչական տույժի կիրառման տեսակ ավելացնել նաեւ նախազգուշացումը: Փոփոխությունները նպատակ են հետապնդում մեղմացնել գործող իրավակարգավորումները՝ վարչարարություն իրականացնող մարմնին ընձեռելով հնարավորություն՝ բացի տուգանքից կիառել նաեւ նախազգուշացումը որպես վարչական տույժի տեսակ: Ակնկալվում է, որ նման մոտեցումն ավելի ճկուն կդարձնի վարչարարությունը, կնպաստի հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը եւ նման իրավախախտումների նվազեցմանը:

Բացի այդ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4.-րդ եւ 1823-րդ հոդվածներից հանել ինքնամեկուսացման վերաբերյալ իրավակարգավորումները ու դրանք փոխարինել օբսերվացիայով, քանի որ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծով ինքնամեկուսացման վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանված չեն, իսկ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ՝ գործող «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանչվելու:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները եւ  կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ, մասնավորապես.

1) Օրենքի նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա  հանրային առողջության եւ առողջապահության վրա, քանի որ կնպաստի հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման եւ միջազգային տարածման կանխարգելմանը, դրանց դեմ պայքարի, դրանցից պաշտպանելու միջոցների կիրառմանը  եւ հանրային առողջապահության պատասխան միջոցառումների կազմակերպմանը եւ իրականացմանը, կնպաստի նաեւ կենսաբանական վտանգների եւ ահաբեկչության կանխմանը, դրանց վաղ հայտնաբերմանը  եւ դիմակայելու պատրաստվածության ապահովմանը:

2) Իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականության առկայություն: Առաջին անգամ կսահմանվեն իմունականխարգելման գործընթացում քաղաքացիների իրավունքները, պարտականությունները,  կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշը եւ բարենպաստ համաճարակային իրավիճակը:

3) Կբարելավվի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելումը, բնակչության պաշտպանությունը վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններից՝ կանխելով վերջիններիս առաջացումը եւ տարածումը բնակչության բոլոր խմբերի շրջանում եւ հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության եւ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման երաշխավորումը:

4) Կամրագրվեն բնակչության սնուցման ֆիզիոլոգիական նորմերը, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցման պահանջները, որոնց պահպանման  պայմաններում էլ հնարավոր կլինի ապահովել օրգանիզմի ֆիզիկական եւ մտավոր զարգացումը, նյութափոխանակության նորմալ ընթացքը, իմունային, հորմոնային, ֆերմենտային եւ այլ համակարգերի նորմալ գործունեությունը, գենոֆոնդի պահպանումը, որով էլ կհաղթահարվեն սնուցման խանգարումների հետեւանքները: Կապահովվի բնակչության կողմից սնուցման ֆիզիոլոգիական նորմերի, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցման, միկրոտարրերի անբավարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը եւ համաճարակաբանական դիտարկումը:

5) Կներդրվեն   տնտեսվարող սուբյեկտներին հանրային առողջապահական պահանջների կատարման օգնության մեխանիզմներ՝ աջակցող ծառայությունների (արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն եւ աշխատանքի հիգիենայի ծառայություն) սահմանում եւ դրանց    որակի ապահովում՝  անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջների եւ պայմանների սահմանման եւ լիցենզավորման միջոցով:

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է  ՀՀ կառավարության   2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածի 19.1 կետից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային առողջապահության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն