Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվա՟կանի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետը եւ 2-րդ կետի «դ» ենթակետը «բնակչության» բառից առաջ լրացնել «հանրային առողջապահության՝ ներառյալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետը «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գործող «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք), լինելով ՀՀ անկախությունից հետո ընդունված առաջին օրենքներից մեկը, ներկայում լիաժեք չի կանոնակարգում հանրային առողջապահության ոլորտը: Մասնավորապես գործող օրենքում ոչ հստակ կամ մասամբ են սահմանված կարգավորումները մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, կանխարգելման, իմունականխարգելման, վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման ուղղությամբ, ամբողջական կարգավորված չեն հանրային առողջապահական (սանիտարահիգիենիկ) փորձաքննության հետ կապված իրավահարաբերությունները: Հետեւաբար, հանրային առողջապահության՝ ներառյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտն օրենսդրորեն ունի արդիականացման կարիք՝ հաշվի առնելով օրենսդրության, պետական կառավարման եւ այլ մարմինների ու կազմակերպությունների գործառույթները, փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները (2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը), Միջազգային առողջապահական կանոնների (2005թ.) պահանջները, օրենսդրության գործնականում կիրառման փորձը եւ այլն:
Հանրային առողջապահության (public health) ոլորտը կարգավորող օրենքներ առկա են եվրոպական բոլոր երկրներում, սակայն տարբերվում են՝ կախված իրավական տեխնիկայից եւ երկրի ավանդույթներից: Տարբեր երկրների հանրային առողջապահությանն առնչվող օրենքները վերաբերում են բոլոր այն ոլորտներին, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է հանրային առողջությանը եւ առողջապահությանը: Դրանց դրույթների կատարումը յուրաքանչյուր մարդու, տնտեսվարող սուբյեկտի, արտադրող եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների պարտականությունն է, իսկ վերահսկողությունը` համապատասխան մարմինների: Այս ոլորտում նաեւ ընձեռվում է սահմանված պահանջների կատարման ապահովման ուղղությամբ ծառայությունների մատուցման հնարավորություն` հաշվի առնելով որ դրանց կատարման պատասխանատուն ինքը՝ գործունեություն ծավալողն է (արտադական հսկողություն, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, ախտահանման, միջատազերծման եւ կրծողազերծման աշխատանքների իրականացում, հիգիենիկ ուսուցում եւ այլն):
Սույն նախագիծը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրամիության օրենսդրության, Միջազգային առողջապահական կանոնների (2005թ?) եւ այլ միջազգային հիմնարար օրենսդրությանը համապատասխան: Նախագծի մշակման համար հիմք են ծառայել Եվրամիության անդամ տասնյակից ավելի երկրների (Չեխիա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա եւ այլն), Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան օրենքները եւ նորմատիվ իրավական այլ ակտերը, Եվրամիության համապարփակ օրենդրությունը, մասնավորապես՝ նորմատիվ փաստաթղթերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները, ԱՀԿ պաշտոնական մոտեցումները, COVID-19-ի համավարակից քաղված դասերը եւ այլն:
Հայաստանի Հանրապետությունում ներկայում Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված եւ համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով՝ պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով, օրենսդրորեն ամրագրված չէ պարտադիր պատվաստումների իրականացումը կամ դրանցից հրաժարվելու դեպքում՝ սահմանափակումների կիրառումը: Վերջինս ռիսկային է՝ Հայաստանում տարեցտարի ակտիվանում է հակապատվաստումային շարժումը՝ նպաստելով պատվաստումներից հրաժարվողների թվի աճին եւ նման միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ էլիմինացված (տեղական դեպքերի բացակայություն՝ կարմրուկ, կարմրախտ, փայտացում) ու արմատական վերացված (պոլիոմիելիտ, դիֆթերիա) հիվանդությունների հետ վերադարձ եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում:
Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների արդյունավետությունն ապահովելու համար, պահանջվում է նաեւ ստորեւ բաղադրիչների լիարժեք կիրառում եւ զուգորդում՝ կայուն ֆինանսավորում, պատվաստանյութերի արդյունավետ կառավարում, բուժաշխատողների շարունակական կրթում, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատշաճ վարում, ընդգրկվածության ցուցանիշների մտադիտարկում, հանրային իրազեկում եւ այլն: Աշխարհի մի շարք երկրներ արդեն իսկ որդեգրել են պատվաստումների պարտադիր իրականացման քաղաքականությունը կամ կիրառում են որոշակի սահմանափակումներ՝ չպատվաստված, թերի պատվաստված, պատվաստումներից հրաժարված անձանց նկատմամբ:
Ըստ ԱՄՆ «Սեբին պատվաստանյութերի ինստիտուտի» կողմից իրականացված եվրոպական երկրների իմունականխարգելման վերաբերյալ օրենսդրության գնահատման Լայկերտի սանդղակի (հղում՝ https://www.sabin.org/resources/legislative-approaches-to-immunization-across-the-european-region/) երկրները դասակարգվում են 5 մակարդակի, մասնավորապես՝
1) Ոչ պարտադիր՝ այս մակարդակին համապատասխանում է եվրոպական տարածաշրջանի 17 երկիր, որտեղ պատվաստումների պարտադիր իրականացումն օրենսդրորեն նախատեսված չէ, չկան նաեւ ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակումներ: Իմունականխարգելման ընդգրկվածության ցուցանիշների գնահատման եւ տվյալների ներկայացման համար առկա է մշտադիտարկման համակարգ, օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Հայաստան եւ այլն:
2) Ոչ պարտադիր՝ համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմով- այս մակարդակին համապատասխանում է եվրոպական տարածաշրջանի 5 երկիր, որտեղ պատվաստումների պարտադիր իրականացում օրենսդրորեն նախատեսված չէ, սակայն առկա են ծնողների խրախուսման եւ մոտիվացման միջոցներ, ինչպես նաեւ համակարգված մշտադիտարկման մեխանիզմներ, որոնք բուժաշխատողին թույլ են տալիս հետեւել պատվաստումային կարգավիճակին եւ ապահովել հետադարձ կապը, օրինակ՝ Գերմանիա, Ավստրիա, Բելառուսիա, Էստոնիա, Պորտուգալիա:
Գերմանիայում պատվաստումները պարտադիր չեն եւ չկան ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակումներ: Գերմանիայի ֆեդերալ առողջապահության նախարարությանը կից գործում է պատվաստումների խորհրդատվության անկախ փորձագիտական հանձնաժողով, որի կողմից առաջարկվող պատվաստումները ներառված են առողջության ապահովագրության փաթեթում:
Միաժամանակ, 2015 թվականին, օրենսդրական փոփոխությունների համաձայն, ծնողները պարտավոր են ներկայացնել տեղեկանք երեխայի պատվաստումային կարգավիճակի վերաբերյալ: Ուսումնական հաստատություններն իրավունք ունեն հեռացնել չպատվաստված երեխային ուսումնական հաստատությունից կամ տրամադրված տեղեկատվության հիման վրա պետությունը կարող է տուգանել չպատվաստված երեխայի ընտանիքին: Բացառիկ դեպքերում, Գերմանիայի առողջապահության ֆեդերալ նախարարությունը եւ տեղային ինքնակառավարման մարմինները կարող են բնակչության որոշակի խմբերին պարտադրել որոշակի պատվաստումների իրականացումը:
3) Ոչ պարտադիր՝ ուսումնական հաստատություններ հաճախելու սահմանափակմամբ՝ Եվրոպական տարածաշրջանի 4 երկիր՝ Կիպրոս, Չեխիա, Հունաստան, Մոլդովա, կիրառում են այս մոտեցումը: Չնայած այդ երկրներում չի գործում պարտադիր պատվաստումների պահանջ, սակայն ուսումնական հաստատություններ հաճախելու դեպքում գործում է պատվաստումների պարտադիր իրականացման պահանջը: Իմունականխարգելման ընդգրկվածության ցուցանիշների գնահատման եւ տվյալների ներկայացման համար առկա է մշտադիտարկման համակարգ: Այս մեխանիզմի վառ օրինակ է Մոլդովան, որտեղ պատվաստումների պարտադիր պահանջ չկա, սակայն դպրոց հաճախելու համար պատվաստումները պարտադիր են:
4) Պարտադիր՝ մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմ՝ այս մոտեցումը կիրառում է եվրոպական տարածաշրջանի 6 երկիր՝ Խորվաթիա, Ղազախստան, Լատվիա, Մոնտենեգրո, Սան Մարինո, Տաջիկիստան: Այս երկրներում օրենսդրորեն ամրագրված է պարտադիր պատվաստումների իրականացումը, սակայն չկան հատուկ օրենսդրական կարգավորումներ: Համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմները սահմանափակ են կամ առկա չեն:
5) Պարտադիր՝ համակարգված մշտադիտարկման եւ հետադարձ կապի մեխանիզմով՝ այս մոտեցումը կիրառվում է եվրոպական տարածաշրջանի 17 երկրում (Ֆրանսիա, Հունգարիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Լեհաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա եւ այլն): Այս երկրներում օրենսդրորեն ամրագրված է պարտադիր պատվաստումների իրականացումը՝ օրենսդրական կարգավորումներով, կայուն ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ համակարգված մշտադիտարկմամբ եւ հետադարձ կապով: Օրենսդրական կարգավորումները բազմազան են եւ կարող են տատանվել տուգանքներից մինչեւ ազատազրկում:
Վերլուծելով եվրոպական տարածաշրջանի երկրների իմունականխարգելման օրենսդրական դաշտը, կարելի է եզրահանգել, որ օրենսդրական բարեփոխումները կնպաստեն հանրապետությունում պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, ինչպես, Ֆրանսիայում եւ Իտալիայում, որտեղ պարտադիր պատվաստումների օրենսդրական փոփոխությունից հետո դիտվել է ցուցանիշների բարձրացում (հղում՝ https://www.nature.com/articles/d41586-019-02193-4?fbclid=IwAR0JU-qFRumnk4CkcZSJOPvnlje1KmgdkR1mFIK3_ENPLU3m02nRz8OGkpw): Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ միջազգային նոր պահանջներին եւ ոլորտի նոր զարգացումներին համապատասխան կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառման կազմակերպման եւ իրականացման (շրջակա միջավայրի հիգիենա), համաճարակաբանական դիտարկման, արտադրական հսկողության, հանրային իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման, Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների պետական գրանցման, աշխատանքի հիգիենայի ծառայությունների եւ հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորելու եւ հանրային առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
Ելնելով վերը նշվածից եւ հանրային առողջապահության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից, ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածի 19.1 կետի՝ մշակվել է սույն նախագիծը:
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել դեռեւս 1992 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը եւ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերում:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը եւ խթանումը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:
Սույն նախագծով սահմանվել են հանրային առողջապահության ապահովման ինչպես նոր պահանջները, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով արդեն իսկ սահմանված, ներկայումս գործող եւ կիրառելի մի շարք դրույթներ (ներառյալ՝ կարանտինին վերաբերող կարգավորումները): Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, վերջիններիս համագործակցության հիմունքները: Նախագիծը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք գործող օրենքում ամրագրված չեն: Oրենքում օգտագործվող հիմնական սահմանումները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության երկրներում կիրառվող եւ միջազգայնորեն ընդունված հասկացություններին:
Մասնավորապես նախագծով.
1) Առաջին անգամ ՀՀ-ում սահմանվել են հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրայն առողջապահություն, համաճարակ, համավարակ, բռնկում, վարակի օջախ, համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, արտադրական հսկողություն եւ այլն).
2) Հստակեցվել են հանրային առողջապահության բնագավառում Կառավարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, այդ թվում՝ իր ենթակայության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող, Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները,
3) Ամրագրվել է պարտադիր պատվաստումների իրականացումն ըստ համաճարակաբանական ցուցումների՝ բացառությամբ փաստագրված բացարձակ հակացուցումներ ունեցող անձանց,
4) Սահմանվել են կարանտինի, ինչպես նաեւ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման (AHR), արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման պահանջները,
5) Սահմանվել են բնակելի եւ հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հողերի եւ բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդի նկատմամբ, ջրամատակարարման եւ ջրօգտագործման բնագավառում, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, բժշկական օգնության եւ սպասարկման մատուցմանը ներկայացվող, հյուրանոցային տնտեսության օբյեկտներին, կենցաղային ծառայություններ մատուցող, առողջապահական, սոցիալական պաշտպանության կազմակերպություններին ներկայացվող, բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում ֆիզիկական գործոններին, (աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի եւ ուլտրաձայնի մակարդակին, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական եւ մագնիսական դաշտերին), թափոնների գործածությանը ներկայացվող, դիակների դիահերձմանը, պահպանմանը, տեղափոխմանը, հուղարկավորությանը, վերահուղարկավորմանը, վրահուղարկավորմանը ներկայացվող եւ հանրային առողջության ապահովման մի շարք այլ պահանջներ:
6) Տարանջատվել է հիմնադրութային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի, ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության եւ պետական վերահսկողություն իրականացնելու կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմելու դեպքում՝ շենքերի, շինությունների, արտադրանքի, գործունեության տեսակների եւ այլ դեպքերում հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ կարգավորումները՝ վերջինիս իրականացման համար սահմանելով նաեւ լիցենզավորման պահանջ:
7) Հստակ ձեւակերպվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման, այդ հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման վերաբերյալ:
8) Սահմանվել է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն եւ աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար եւ Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ սահմանելու այս գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Միաժամանակ Նախագծով մեկտեղվել են կարանտինի տարբեր տեսակների վերաբերվող իավակարգավորումները եւ ուժը կորցրած է ճանաչվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4.1 գլուխը («Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները), ինչպես նաեւ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող անձնական տվյալների մշակմանը վերաբերող համապատասխան փոփոխություն է կատարվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում:
Նախագծերի փաթեթով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվել է «Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի եւ(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ(կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերի վարույթը» վերնագրով նոր 36.1 գլուխ, քանի որ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորված է վերոնշյալ գործողությունների կատարումը անձի համաձայնության դեպքում, իսկ առանց անձի համաձայնության՝ այն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ հետեւյալ հիմնավորմամբ.
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասի յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:
Սահմանադրությամբ ամրագրված իրակավակարգավորումները սեփականության իրավունքի սահմանափակում թույլ են տալիս կատարել միայն օրենքով, այն էլ որոշակի նպատակների համար, իսկ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը:
Ելնելով վերոգրյալից էլ անհրաժեշտություն է առաջացել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ (որը կարող է հանդիսանալ թե բնակարան, թե անձին սեփականության կամ այլ իրավունքով պատկանող շինություն եւ այլն) մուտք գործելու եւ դեպքի եւ(կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ(կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու իրավակարգավորումները սահմանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ հնարավորինս որոշակի եւ պաշտպանված դարձնելով անձանց սեփականության եւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքների սահմանափակումները:
Նախագծի փաթեթով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի մի շարք մասերում եւ 1823-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերում կատարել փոփոխություններ ու լրացումներ: Մասնավորապես՝ նախագծով նախատեսվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում, բացի տուգանքից որպես վարչական տույժի կիրառման տեսակ ավելացնել նաեւ նախազգուշացումը: Փոփոխությունները նպատակ են հետապնդում մեղմացնել գործող իրավակարգավորումները՝ վարչարարություն իրականացնող մարմնին ընձեռելով հնարավորություն՝ բացի տուգանքից կիառել նաեւ նախազգուշացումը որպես վարչական տույժի տեսակ: Ակնկալվում է, որ նման մոտեցումն ավելի ճկուն կդարձնի վարչարարությունը, կնպաստի հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը եւ նման իրավախախտումների նվազեցմանը:
Բացի այդ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4.-րդ եւ 1823-րդ հոդվածներից հանել ինքնամեկուսացման վերաբերյալ իրավակարգավորումները ու դրանք փոխարինել օբսերվացիայով, քանի որ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծով ինքնամեկուսացման վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանված չեն, իսկ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ՝ գործող «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանչվելու:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները եւ կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ, մասնավորապես.
1) Օրենքի նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա հանրային առողջության եւ առողջապահության վրա, քանի որ կնպաստի հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման եւ միջազգային տարածման կանխարգելմանը, դրանց դեմ պայքարի, դրանցից պաշտպանելու միջոցների կիրառմանը եւ հանրային առողջապահության պատասխան միջոցառումների կազմակերպմանը եւ իրականացմանը, կնպաստի նաեւ կենսաբանական վտանգների եւ ահաբեկչության կանխմանը, դրանց վաղ հայտնաբերմանը եւ դիմակայելու պատրաստվածության ապահովմանը:
2) Իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականության առկայություն: Առաջին անգամ կսահմանվեն իմունականխարգելման գործընթացում քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշը եւ բարենպաստ համաճարակային իրավիճակը:
3) Կբարելավվի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելումը, բնակչության պաշտպանությունը վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններից՝ կանխելով վերջիններիս առաջացումը եւ տարածումը բնակչության բոլոր խմբերի շրջանում եւ հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության եւ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման երաշխավորումը:
4) Կամրագրվեն բնակչության սնուցման ֆիզիոլոգիական նորմերը, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցման պահանջները, որոնց պահպանման պայմաններում էլ հնարավոր կլինի ապահովել օրգանիզմի ֆիզիկական եւ մտավոր զարգացումը, նյութափոխանակության նորմալ ընթացքը, իմունային, հորմոնային, ֆերմենտային եւ այլ համակարգերի նորմալ գործունեությունը, գենոֆոնդի պահպանումը, որով էլ կհաղթահարվեն սնուցման խանգարումների հետեւանքները: Կապահովվի բնակչության կողմից սնուցման ֆիզիոլոգիական նորմերի, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցման, միկրոտարրերի անբավարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը եւ համաճարակաբանական դիտարկումը:
5) Կներդրվեն տնտեսվարող սուբյեկտներին հանրային առողջապահական պահանջների կատարման օգնության մեխանիզմներ՝ աջակցող ծառայությունների (արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն եւ աշխատանքի հիգիենայի ծառայություն) սահմանում եւ դրանց որակի ապահովում՝ անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջների եւ պայմանների սահմանման եւ լիցենզավորման միջոցով:
6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածի 19.1 կետից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային առողջապահության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում