Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-596-24.05.2023-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «անձանց վրա» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով  սահմանված դեպքերում նաեւ մինչեւ ուսումնառության ավարտը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1. 1-ին եւ 2-րդ մասերում «կամ անհայտ են» բառերից հետո լրացնել «, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել » բառերը.

2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) եւ դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ ինչպես նաեւ 19 տարին լրանալու կապակցությամբ, եթե տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը սովորողը չի իրացրել ավելի վաղ՝ համարվում է մանկատան շրջանավարտ:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերը.

2. 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն) շրջանավարտների անկախ կյանքի անցման համար նպաստավոր պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրվելուց հետո վերջիններս անցնում են անկախ կյանքի փուլ, որը սույն օրենքի իմաստով նշանակում է հաստատությունից դուրս ինքնուրույն ապրելակերպ՝ լիարժեք սոցիալականացման համար անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրմամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն) շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերը եւ պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, 6-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «դաստիարակչական,» բառը:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ» բառերը.

2. 2-րդ մասի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը.

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական  բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչեւ 150 տոկոսի չափով: Կրթաթոշակի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Սահմանված կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ՝ ծառայության ավարտից հետո պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ ուսումնառության ավարտը:

6. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ  ուսումնառության ավարտը:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «գտնվելու կամ բնակվելու,» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կրթաթոշակի վճարմանն առնչվող կարգավորումներից, որն ուժի մեջ կմտնի կրթաթոշակի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուսումնառության մեջ գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված սովորողները պահպանում են ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ ուսումնառության ավարտը:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո 6 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի  Հանրապետության օրենքի համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք  18-23 տարեկան այն անձինք են, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը, սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը՝ երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից: Հավելենք, որ հարցը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից եւ որպես լուծման ենթակա խնդիր ներկայացվել է թե՛ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, թե՛ Ազգային ժողովին: Հարցը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ քննարկելու արդյունքում՝ ամրագրվեց, որ արտոնություններից օգտվողների շարքում ակամա կարող են չընդգրկվել նաեւ հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները:

Վերը նշվածից զատ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ներկայում չեն կարող նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել անվճար հիմքունքներով՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ համապատասխան կարգավորումների բացակայությունը:

Ի հավելումն վերոգրյալի՝ գործող օրենքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտներին անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերի եւ պայմանների սահմանման համար առկա չէ լիազորող նորմ, մինչդեռ անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ սահմանելու ընթացակարգ, որտեղ կարտացոլվեն նաեւ արդեն իսկ 2023 թվականի բյուջեում ընդգրկված աջակցության ձեւերը՝ շրջանավարտներին տրամադրվող ընթացիկ ծախսերի իրականացման եւ կեցության վայրի ձեռքբերման համար դրամական միջոցների հատկացումը:

Նախագծով անդրադարձ է կատարվում նաեւ շուրջօրյա խնամքի հաստատության շրջանավարտներին՝ ապահովելով տվյալ դեպքերի համար «շրջանավարտ» հասկացության հստակ սահմանում, ինչպես նաեւ ամրագրվում լիազորող նորմ՝ մինչեւ 150 տոկոսի չափով կրթաթոշակի տրամադրման կարգը եւ պայմանները հստակեցնելու համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Կարգավորման արդյունքում կապահովվի, ինչպես նաեւ լիազորող նորմի առկայությամբ կստեղծվի հիմք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների ամրագրման համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչեւ ուսումնառության ավարտը:

Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար:

Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում:

Կիրականցվեն մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ:

5. «Հայաստանի Հանրապետության առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համարժեք փոփոխություն կատարել Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) եւ պետական կրթաթոշակ տալու» եւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու եւ կրթաթոշակ սահմանելու» կարգերում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից (կետ 12.3), որի արդյունքում պետությունն իրականացնում է իր պոզիտիվ պարտավորությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ ստեղծվում է իրավական հենք շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ շուրջօրյա խնամքի հաստատությունների շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց ինքնուրույն կյանքի անցմանն ուղղված պայմանների բարելավման նպատակով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԱՆՑ  ԾՆՈՂԱԿԱՆ  ԽՆԱՄՔԻ  ՄՆԱՑԱԾ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ:

Մասնավորապես՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության բնագավառում անհրաժեշտություն կառաջանա հատկացված անվճար ուսուցմամբ տեղերի քանակի ավելացման (շուրջ 30 սովորող) եւ կրթաթոշակի տրամադրման համար անհրաժեշտ գումարը կկազմի 2,511.0 հազար դրամ:

Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայումս նախապատրաստվում է շրջանառել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում սովորողների կրթաթոշակի չափը սահմանել 25 հազար դրամ: Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ լրացուցիչ ծախսը կկազմի տարեկան 13,500.0 հազար դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն