Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, քաղաք Երեւանում, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձեւաչափով եւ նախատեսում է Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծում: Սահմանվում է, որ ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային ֆինանսական կազմակերպություն է, օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ եւ իր իրավասության շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքով:
Համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում ընկերության կանոնադրությունը, որով սահմանվում են վերջինիս խնդիրները, գործառույթները, կառավարման մարմինների իրավասությունը, որոշումների ընդունման ընթացակարգը, ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պետությունների մասնաբաժինը եւ այլն: Ամրագրված է երրորդ երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության, ինչպես նաեւ անդամակցության դադարեցման կարգը:
Ընդհանուր առմամբ, ընկերության նպատակն է՝ արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումը եւ ներդրումները վերաապահովագրել ԵԱՏՄ անդամ պետություններում կամ երրորդ երկրներում ձեռնարկատիրական եւ (կամ) քաղաքական ռիսկերից՝ նպաստելով փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանմանը, համատեղ նախագծերի եւ ներդրումների իրագործմանը, միության ներդրումային գրավչության բարձրացմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:
Համաձայնագիրը բաց է դրան այլ պետությունների միանալու համար՝ նրանց կողմից Ընկերության կանոնադրությամբ նախատեսված պահանջների եւ ընթացակարգերի կատարման պայմանով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից:
Համաձայնագիրը դրան միացող պետության համար ուժի մեջ է մտնում Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
2023թ. փետրվարի 6-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2023թ. փետրվարի 6-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
2022 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը, թեեւ պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Համաձայնագրի VI Բաժնի 30-րդ, 31-րդ հոդվածներին համապատասխան Ընկերության եւ Ընկերության անդամների համար սահմանված են մի շարք արտոնություններ, անձեռնմխելիություններ, որոնք ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, մասնավորապես.
1.Համաձայնագրի 30-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի այն դրույթները, որոնց համաձայն՝ Ընկերությունն ունի անձեռնմխելիություն դատական հետապնդման ցանկացած ձեւի նկատմամբ, ինչպես նաեւ Ընկերության կառավարիչների խորհրդի նախագահը եւ կառավարիչների խորհրդի անդամները, տնօրենների խորհրդի նախագահը եւ տնօրենների խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության նախագահի տեղակալները (եթե այդպիսիք առկա են), վարչության անդամները եւ աշխատակիցները ցանկացած ձեւի անձեռնմխելիություններ ունեն ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կողմից կատարված գործողությունների առնչությամբ դատական եւ վարչական հետապնդման նկատմամբ, խնդրահարույց են, քանի որ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք), 432-րդ եւ 433-րդ հոդվածների, քրեադատավարական անձեռնմխելիությունից օգտվում են միայն դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք, այնինչ՝ Ընկերությունն ու իր աշխատակիցները չեն հանդիսանում դիվանագիտական ծառայողներ կամ դրանց հավասարեցված անձինք: Բացի այդ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է մի շարք իրավախախտումներ, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձինք:
Միաժամանակ օրենսգրքում առկա չեն դրույթներ, որոնք կսահմանեին միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիություն վարչական պատասխանատվությունից:
2. Նույն հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսվում է՝ Ընկերությանն ընձեռնված են գույքի եւ ակտիվների, արխիվների, փաստաթղթերի, հաղորդակցության հետ կապված բոլոր տեսակի իրավական գործընթացներից լայնածավալ արտոնություններ եւ անձեռնմխելիություն: Համաձայնագրի վերը թվարկված դրույթները հակասում են Օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի դրույթներին, որոնց համաձայն՝ Օրենսգրքի 432-րդ հոդվածի հիմքով դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվողների համար է միայն սահմանված նրանց պատկանող շինությունների եւ փաստաթղթերի համար անձռմխելիություն, այսինքն՝ այս պարագայում եւս Ընկերությունը չի կարող օգտվել դրանից:
3. Համաձայնագրի 31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ Ընկերությունը, դրա եկամուտները, գույքը եւ այլ ակտիվներ, ինչպես նաեւ այն գործառնություններն ու գործարքները, որոնք ընկերության կողմից համաձայնագրին եւ սույն կանոնադրությանը համապատասխան իրականացվում են մասնակից պետությունների տարածքներում, ազատվում են հարկերից, գանձումներից, տուրքերից եւ այլ վճարներից, Ընկերության վարչության նախագահի, վարչության նախագահի տեղակալների (եթե այդպիսիք առկա են), վարչության անդամների եւ աշխատակիցների աշխատավարձն ու վարձատրությունն ազատվում են հարկումից, ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Միաժամանակ օրենսգրքով նախատեսված են որոշ հարկատեսակների նկատմամբ որոշակի պայմանների առկայության պարագայում միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ սահմանելու հնարավորություն, այսինքն՝ այս պարագայում նույնպես Համաձայնագրի տվյալ դրույթի հիմքով նախատեսված է հարկային արտոնությունների բավականին լայն շրջանակ:
Նույն օրենսգրքի 140-րդ եւ 141-րդ հոդվածների համաձայն՝ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:
Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաեւ «Պետական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
Բացի այդ՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում եւ կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը եւ կամ վճարները: Վերը նշված օրենքը չի պարունակում դրույթներ միջազգային կազմակերպությունների տեղական տուրքերից եւ վճարներից ազատելու վերաբերյալ:
Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆի՟նան՟սական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը նույնպես ենթակա կլինի վավերացման:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն, քանի որ Եվրասիական վերաապահովագրական ընկերության բաժնեմասերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է 725.6 մլն դրամ:
Միաժամանակ Համաձայնագրի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման՝ հաշվի առնելով Համաձայնագրով հաստատվող հավելվածի 31-րդ հոդվածը (Ընկերությունը, նրա եկամուտները, գույքը եւ այլ ակտիվները, ինչես նաեւ գործառնությունները եւ գործարքները, որոնք իրականացվում են անդամ պետությունների տարածքում Համաձայնագրին եւ Կանոնադրությանը համապատասխան, ազատվում են հարկերից, տուրքերից եւ այլ վճարներից):
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւան քաղաքում ստորագրված՝ «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022թ. հոկտեմբերի 20-ին Երեւանում:
Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձեւաչափով, որով կարգավորվում են Ընկերության ստեղծման եւ գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության հարցերը:
Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի եւ ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով Ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում:
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ ԵԱՏՄ, Միություն) միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ Միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում ձեռնարկատիրական եւ (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման եւ ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեության իրականացման միջոցով:
Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական եւ բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն: Ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն եւ իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք:
Ընկերության վրա չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրության դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների գործունեության ստեղծման, լիցենզավորման, կարգավորման եւ վերահսկողության, ինչպես նաեւ դրանց գործունեության դադարեցման կարգը:
Համաձայնագրով եւ Ընկերության կանոնադրությամբ, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, սահմանվում է Ընկերության՝ որպես միջազգային կազմակերպության խնդիրները, գործառույթները, իրավական կարգավիճակի եւ ֆինանսական աջակցության առանձնահատկությունները, կառավարման մարմինների իրավասությունը, որոշումների ընդունման ընթացակարգը, ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պետությունների մասնաբաժինը եւ այլ կարգավորող հարցեր: Ամրագրված է երրորդ երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության, ինչպես նաեւ անդամակցության դադարեցման կարգը:
Ընկերության նպատակների իրականացման համար Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ, մասնավորապես Ընկերությունն՝
համագործակցում է մասնակից պետությունների եւ երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների եւ վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման եւ ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով;
մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում աջակցում է ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման եւ վնասների կարգավորման գործընթացին;
համագործակցում է մասնավոր, պետական եւ միջազգային կազմակերպությունների, զարգացման բանկերի, ֆինանսական եւ այլ կազմակերպությունների հետ՝ Ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով;
իրականացնում է սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը եւ հետգնումը՝ Ընկերության տնօրենների խորհրդի հաստատած կարգով;
իրականացնում է մարքեթինգային հետազոտություն, խորհրդատվական, հետազոտական եւ կրթական գործունեություն վերաապահովագրության ոլորտում;
իրականացնում է միջոցների (ապահովագրական պահուստների, սեփական միջոցների, ինչպես նաեւ ժամանակավորապես ազատ այլ միջոցների) ներդրում անդամ պետություններում եւ նրանց սահմաններից դուրս: Միաժամանակ Ընկերության բոլոր միջոցները կուղղվեն արտահանման եւ ներդրումների վերաապահովագրության գործունեության իրականացմանն ու ընդլայնմանը:
Ընկերության կանոնադրությամբ նախատեսում է անդամ պետությունների միջեւ տարաձայնությունների եւ վեճերի լուծում բանակցությունների եւ խորհրդակցությունների միջոցով:
Ընկերության կանոնադրության մեջ առկա են Ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Ընկերության կանոնադրությանը կից ներկայացված հավելվածի համաձայն Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժնի ծավալը սահմանվել է Ընկերության կանոնադրական կապիտալի 3%-ի չափով՝ 450 մլն ՌԴ ռուբլի:
Միաժամանակ Համաձայնագրի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման՝ հաշվի առնելով Համաձայնագրով հաստատվող հավելվածի 31-րդ հոդվածը (Ընկերությունը, նրա եկամուտները, գույքը եւ այլ ակտիվները, ինչես նաեւ գործառնությունները եւ գործարքները, որոնք իրականացվում են անդամ պետությունների տարածքում Համաձայնագրին եւ Կանոնադրությանը համապատասխան, ազատվում են հարկերից, տուրքերից եւ այլ վճարներից):
Համաձայնագրի դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:
Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:
Ց Ա Ն Կ
2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների
1. Էկոնոմիկայի նախարարություն
2. Ֆինանսների նախարարություն
3. Արտաքին գործերի նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Պետական եկամուտների կոմիտե
6. Կենտրոնական բանկ
7. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում