Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) գործողության մեջ դնել 2004թ. հունվարի 1-ից:
Հոդված 2. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են եւ դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները: Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքերում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:
Հոդված 3. Մինչեւ 2005թ. հունվարի 1-ը օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերը:
Մինչեւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը՝ դրանք իրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, նախարարությունների եւ պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններին օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:
Մինչեւ սահմանված կարգով աշխատանքային իրավարարների (արբիտրաժների) եւ միջնորդ դատարանների ստեղծումն աշխատանքային վեճերի դատական կարգով քննությունը կատարվում է առաջին ատյանի դատարաններում:
Հոդված 4. 2004թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝
1. Հայաստանի Հանրապետության 1972 թվականի հունիսի 16-ի Աշխատանքային օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով:
2. «Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի N ՀՕ-200 օրենքը: