Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) գործողության մեջ դնել պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
Հոդված 2. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, եւ դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:
Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից մեկ տարվա ընթացքում օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերը:
Մինչեւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը՝ դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, նորմատիվ իրավական ակտերը, գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:
Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից մեկ տարվա ընթացքում գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր օրենսգրքով սահմանված կարգով: Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը աշխատանքային պայմանագրի բացակայությունը աշխատանքային պայմանագիր կնքելիս չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային հարաբերությունների դադարեցման (աշխատողին աշխատանքից ազատելու) համար:
Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 250-րդ, 251-րդ, 255-261-րդ հոդվածների պահանջների կատարումը: Նշված հոդվածներով պայմանավորված` աշխատողների` օրենսգրքով սահմանված աշխատանքային իրավունքներն իրականացնելիս գործատուին պահանջներ ներկայացնելու վերաբերյալ դրույթները գործում են միայն սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո:
Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:
Հոդված 7. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1972 թվականի հունիսի 16-ի «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1972թ., թիվ 12, հոդված 106)՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով: