Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-598-26.05.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, լիազոր մարմնի պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող պարենային եւ ոչ պարենային արտադրանքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի եւ դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

Հոդված 2. Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը

1. Շուկայի վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Լիազոր մարմին՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտներում վերահսկողություն իրականացնող՝ տեսչական մարմին.

2) ոչ պարենային արտադրանք (այսուհետ՝ արտադրանք)՝ լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա շուկայահանված արտադրանք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված են պահանջներ.

3) վերահսկողություն՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողություն կամ գործողությունների համալիր, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտներում ծավալած գործունեության համապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

4) վտանգավոր արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված ոչ պարենային արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք.

5) ստուգում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.

6) արտադրանքի հետկանչ՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայանհանված ոչ պարենային արտադրանքի շրջանառության դադարեցման եւ շրջանառությունից հանման (հետկանչ) գործողությունների համալիր, որն ուղղված է մարդու առողջության եւ անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը. .

7) արտադրանքի պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո շուկայանհանված ոչ պարենային արտադրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ. .

8) նմուշառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով վերահսկողության ընթացքում լաբորատոր փորձարկման նպատակով ոչ պարենային արտադրանքի նմուշների ընտրություն (նմուշներ վերցնելը)՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով.

9) փորձանմուշի գնում՝ լիազոր մարմնի կողմից վերահսկողության ընթացքում արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվող գնում: Փորձանմուշի գնումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը հնարավոր չէ պարզել այլ տարբերակով.

10) կասեցում՝ գործընթաց, որի միջոցով ժամանակավորապես արգելվում է արտադրանքի կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի իրացումը, այդ թվում՝ մինչեւ խախտման վերացումը.

11) կարգադրագիր՝ լիազոր մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված խախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ.

12) լաբորատոր փորձարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիայի կողմից վերահսկողության օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.

13) փորձանմուշ՝ լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ վերցվող արտադրանք կամ դրա մի մասը.

14) Խախտում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների դեմ ուղղված մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողություն կամ անգործություն, որի համար օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան պատասխանատվություն.

15) շրջանառության մեջ դնել՝ արտադրանքն իրացնելը կամ այլ ձեւով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը:

16) արտադրանքի ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին պահանջներին չհամապատասխանող արտադրանքի այնպիսի վիճակի հասցնելը, որում այն պիտանի չէ դրա ցանկացած օգտագործման կամ կիրառման համար, եւ որը բացառում է դրա անբարենպաստ ներգործությունը մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա.

17) արտադրանքի օգտահանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են արտադրանքի համար նախատեսված նպատակներից կամ այն նպատակներից, որոնցով այդ արտադրանքը սովորաբար օգտագործվում է:

Հոդված 4. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները

1. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են՝

1) սպառողների շահերի պաշտպանության սկզբունք՝ սպառողների առողջության եւ կյանքի համար արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանություն, այդ թվում՝ սպառողների գույքային իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն.

2) ռիսկերի վերլուծության սկզբունք՝ լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը.

3) կանխարգելման սկզբունք՝ լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը եւ հանրությանը սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերում, դրանց հետագա տարածման կանխում ու վերացում.

ԳԼՈՒԽ 2

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը

1. Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ դեպքերում:

2. Վերահսկողության ձեւերն են՝

1) ստուգումը.

2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը.

3) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում դիտարկումը:

3. Վերահսկողությունն իրականացվում է՝

1) ոչ պարենային արտադրանքի եւ տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության նկատմամբ.

3) արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

4. Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տրվող կարգադրագրերը

1. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:

2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տալիս է՝

1) արտադրանքի իրացումը կասեցնելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր.

2) «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի Կարգադրագրի ձեւերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Կարգադրագիրը տրվում է խախտումը հայտնաբերելու պահին, եթե՝ արտադրանքը կամ չափման միջոցը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:

5. Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

6. Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:

7. Կարգադրագրերով նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է լիազոր մարմնի ղեկավարը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ?

Հոդված 7. Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

1) Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ոչ պարենային արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշների ընտրության եւ նմուշառում իրականացնելու, ինչպես նաեւ փորձանմուշների գնման ֆինանսական աղբյուրների, գնված արտադրանքի տնօրինման կարգը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը.

3) Տնտեսավարող սուբյեկտների կողմից խախտման մասին հաղորդում ներկայացնելու դեպքերը եւ ներկայացնողի տվյալների գաղտնագրելու կարգը.

4) Տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին լիազոր մարմնին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները եւ ծանուցման ձեւը.

5) Վտանգավոր արտադրանքի ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, դեպքերը.

6) Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգ:

ԳԼՈՒԽ 3

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

1. Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

1) ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ գործին վերաբերող այլ նյութեր.

2) տնտեսավարող սուբյեկտներին տալու հայտնաբերված խախտումների վերացման կարգադրագրեր, սահմանելով ժամկետ, որը համաձայնեցնվում է տնտեսավարող սուբյեկտի հետ.

3) վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումներ.

4) վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կատարելու նմուշների ընտրություն եւ նմուշառում՝ փորձաարկում կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.

6) ստուգման շրջանակներում կատարելու սահմանված կարգով փորձանմուշների գնումներ:

2. Լիազոր մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) կատարել վերադաս պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, կարգադրություններն ու ցուցումները.

2) սահմանված կարգով եւ ժամկետներում դիմումները եւ բողոքները քննության առնել եւ դրանց ընթացք տալ.

3) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջները՝ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

4) Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին եւ պարտականություններին.

3. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 9. Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները եւ պարտականությունները

1. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի՝

1) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով պահանջելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում.

3) իր շահերի պաշտպանության նպատակով՝ վերահսկողության ցանկացած փուլում վերահսկողությանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների.

4) խախտման մասին հաղորդում ներկայացել լիազոր մարմին:

2. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է՝

1) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, կատարել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց վերահսկողական գործառույթներին վերաբերող օրինական պահանջները.

2) լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են լիազոր մարմնի կողմից), կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ:

3) սահմանված ժամկետում կատարել վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված կարգադրագրերը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին.

4) ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.

5) տնտեսական գործունեությունը իրականացնել սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան.

6) կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները.

3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին, ապա վերջինս պետք է իրականացնի սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները եւ դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին:

4. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կազմակերպել եւ իրականացնել սահմանված պահանջներին չհամապատասխանող շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի հետկանչման գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի եւ շահագրգիռ այլ մարմինների հետ:

5. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանք իրացնողը օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողներին այդ մասին՝ նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին:

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերին, ապա նա պետք է օրենքով սահմանված կարգով տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:

2. Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում եւ իրականացնում է վտանգավոր արտադրանքի հետկանչման գործընթացը եւ համագործակցում է արտադրողների, վերամշակողների եւ լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:

3. Եթե արտադրանք իրացնողը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր կողմից վաճառած արտադրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի՝ շուկայից հետկանչման գործընթացը՝ կատարելով հետեւյալը՝

1) տվյալ խմբաքանակը ենթարկելով առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին:

4. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա արտադրանք իրացնողը օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին՝ նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին եւ, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:

5. Վտանգավոր արտադրանքը իրացնողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչումը, փորձարկումը, փոխադրումը, պահումը, կամ ոչնչացումը կատարվում են տվյալ արտադրանքը տնօրինողի միջոցների հաշվին:

6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի՝ շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը եւ դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի եւ աստիճանի վերլուծությունը, ինչպես նաեւ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով իրազեկում է ազգաբնակչությանը:

7. Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության եւ վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար:

8. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Հոդված 11. Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում

1. Լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շուկայում առկա վտանգավոր արտադրանքի հայտնաբերման, ինչպես նաեւ հետկանչի կարգադրագրերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տարածվում է զանգվածային լրատվության կամ լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:


ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջները խախտող Լիազոր մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեսչական մարմինը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետի համաձայն տեսչական մարմնի վերահսկողության ոլորտը օրենքով սահմանված ոլորտն է կամ ոլորտի մասը, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն Կառավարությանը ենթակա մարմին է հանդիսանում նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին): Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման 4-րդ կետով սահմանված են տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, մասնավորապես՝ Տեսչական մարմինը ճանաչվել է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով եւ տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի եւ դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի օրինական շրջանառություն իրականացնելու ոլորտների նկատմամբ:

Այսպիսով, հաշվի առնելով տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների առանձնահատկությունները եւ այդ ոլորտները կարգավորող օրենքների՝ վերահսկողությանն առնչվող նորմերի ներդաշնակության անհրաժեշտությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենք:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները եւ ձեւերը:

Միաժամանակ, Նախագծով նաեւ նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող անձանց եւ տնտեսավարողների իրավունքները եւ պարտականությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել եւ առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաեւ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ?

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 14.1 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում կառավարության հաստատմանը:»:

6. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում, ինչպես նաեւ սահմանել մի շարք նոր ենթաօրենսդրական ակտեր:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն