Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-602-29.05.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 11-րդ կետից հետո լրացնել 11.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1) Փոստային կապի գործունեության իրականացման համար`

ա. օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին ամբողջական հասանելիություն չտրամադրելու կամ

բ. տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների միջոցով փոստային եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաեւ վերջիններիս միջոցով փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերը եւ տեղեկությունները մաքսային մարմնի եւ փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձեւաչափով մասքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ

գ. սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքագրելու եւ առանց նշված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաքագրման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում.»:

2) 2-րդ մասում «եւ 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ եւ 11.1-ին» բառերով.

3) 1-ին մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստվում են մաքսային մարմնի կողմից՝ փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով առաքվող ապրանքների համար նախքան այդպիսի առաքանիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանումը, դրանց վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխադրողների կողմից չի ներկայացվում: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է առաքանիների ժամանումից հետո, ինչը ապրանքների բացթողման ուղղված մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային մարմինների կողմից դարձնում է ժամանակատար՝ մաքսային մարմինների կողմից համապատասխան տեղեկատվության ստացման հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ շատ դեպքերում պահանջվում է նաեւ ապրանքները ստացող անձանց ներկայությունը, ինչը նույնպես հանգեցնում է ապրանքների բացթողման ժամանակահատվածի երկարաձգմանը:

Նախքան առաքանիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանումը Համապատասխան տեղեկատվության առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային մարմինների կողմից տեղեկատվության վերլուծության միջոցով թիրախային հսկողության իրականացմամբ, որի արդյունքում նախքան առաքանիների ժամանումը հնարավոր կլինի առանձնացնել լրացուցիչ հսկողության ենթակա առաքանիները այլ առաքանիներից՝ ապահովելով դրանց նկատմամբ մաքսային գործառնությունների եւ հսկողության իրականացումը հնարավոր նվազ ժամանակահատվածում:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծերով մասնավորապես նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար: Համապատասխան տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծերով սահմանվում են նաեւ փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ եւ տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն: Նախատեսվում է նաեւ համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կապահովվի մաքսային մարմինների կողմից կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ թիրախային հսկողության իրականացումը, որի արդյունքում նաեւ կպարզեցվեն ապրանքների մաքսային ձեւակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածը եւ կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերն առնչվում են ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարության 2.1.4. (Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում) եւ 2.1.6. (փոստային առաքանիների հաշվառման համակարգ) կետերին:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն