Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-600-29.05.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածում լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«Գործարար համբավ՝ գործարարության ոլորտում դրսեւորած ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքային եւ մասնագիտական որակներին տրվող գնահատական»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր 7-18-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«7. Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի Նախարարների Եվրոպական Կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առեւտրային փոխադրումների) իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի Խարտիայով նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները:

8. Միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման եւ անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը կարող է լինել նաեւ կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը:

9. Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, բացառությամբ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձանց: Մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը եւ մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Փոխադրումների մենեջերը կարող է միաժամանակ կազմակերպել թվով մինչեւ չորս տարբեր կազմակերպությունների փոխադրումների գործընթացը, եթե  դրանց տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակը չի գերազանցում հիսուն միավորը: Փոխադրումների մենեջերի կողմից միայն մեկ կազմակերպության փոխադրումների գործընթացը կազմակերպելու դեպքում տրանսպորտային միջոցների քանակը չի սահմանափակվում:

11. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած  կազմակերպությունները:

12.ՏՆԵԿ անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը պետք է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի պահանջներին համապատասխան հաշվառված լինի պետական միասնական գրանցամատյանում եւ ունենա գործարար համբավ: ՏՆԵԿ անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13.Կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, եթե դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, կամ փոխադրումների գործունեությանն առնչվող  խախտումների համար կազմակերպությունը կամ նրա փոխադրումների մենեջերը ենթարկվել է քրեական կամ վարչական պատասխանատվության: Կազմակերպության գործարար համբավը վերականգնվում է, եթե խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ հանված է:

14. Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

15. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման դեպքում միջպետական փոխադրումներ իրականացնելու թույլտվություններ ստանալու կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը տրամադրված ՏՆԵԿ թույլտվությունները կասեցվում են լիազոր մարմնի կողմից, մինչեւ կազմակերպության կողմից գործարար համբավի կորստին հանգեցնող խախտումների վերացումը:

16. Որակի Խարտիայով սահմանված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում:

17.Որակի Խարտիայուվ նախատեսված ֆինանսական վիճակին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունը լիազոր մարմնին ներկայացնում է վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռի ձեւաչափով յուրաքանչյուր տարվա մինչեւ հունվարի 30-ը: Կազմակերպության ֆինանսական դրությունը գնահատելիս կարող են հաշվի առնվել նաեւ կազմակերպության համար հասանելի այլ ֆինանսական միջոցները, այդ թվում՝ բանկային երաշխիքը, կազմակերպության ակտիվները, շրջանառու կապիտալը, ինչպես նաեւ գործունեության պատասխանատվության ապահովագրությունը:

18. Սույն հոդվածի 9-րդ մասում սահմանված մասնագիտական որակավորման քննությունների ընդունման եւ մասնագիտական որակավորման վկայականներ տալու գործընթացը կազմակերպում է լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում լրացել նոր 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (ՄՈՎ): ՄՈՎ ստանալու համար վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական վերապատրաստում եւ հանձնեն մասնագիտական որակավորման քննություն: ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի ՄՈՎ-ի վրա: Մասնագիտական որակավորման քննությունն ընդունում եւ վարորդի ՄՈՎ-ը տրամադրում է լիազոր մարմինը: Միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձման կարգը եւ մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած  կազմակերպությունները:

6. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված  վերապատրաստման առաջին դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ ուշ, քան ՄՈՎ-ը ստանալուց հինգ տարի հետո:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: