Armenian ARMSCII Armenian
Կ-6002-29.05.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով.

«11. Միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպության կողմից Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության եւ կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

12. Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առեւտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունների կողմից Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

13. Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: