Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-604-29.05.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ, բառերը,

բ. «բ» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ» բառերը,

2) 1-ին մասի 3-րդ կետի ՝

ա. «ա» ենթակետում «քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ» բառերը,

բ. «բ» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ» բառերը, իսկ «քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր՝» բառերը,

3) 1-ին մասի՝

ա. 4-րդ կետի «ա» ենթակետում՝ «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ՝» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերով, «քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ՝» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում՝ Արդարադատության նախարարը՝ անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ քրեակատարողական հիմնարկների կառուցվածքում եւ հաստիքացուցակում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության եւ առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա կառուցվածքային եւ գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջեւ դրված խնդիրները: Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո:

Մասնավորապես, ներկայումս Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ:

Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ տվյալ դեպքում, ըստ էության, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Ըստ այդմ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ հակասությունը վերացնելու եւ քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված կառուցվածքային փոփոխությունը, որի արդյունքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ եւ բաժանմունքներ:

Բացի այդ, օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի եւ ուսուցման համապատասխան ընթացակարգեր, արդյունքում հնարավոր կլինի ստորաբաժանումները համալրել բանիմաց, ազնիվ եւ բարեվարք կադրերով:

Ինչ վերաբերում է օրենքի 11-րդ հոդվածում «քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ՝» բառերի լրացմանը, ապա հարկ է նշել, որ հաստիքացուցակով նշված պաշտոնը առկա է, քանի որ քրեակատարողական հիմնարկի երկրորդ եւ երրորդ կարգի մասնագետների պաշտոններ սահմանված լինելու դեպքում, չի կարող չսահմանվել քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետի պաշտոնը: Տվյալ դեպքում օրենքում առկա բացթողում, որի շտկման նպատակով առաջարկվել է հիշյալ լրացումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները հնարավորություն կտան եւ նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների եւ կադրերի պատրաստման եւ ներգրավման միջոցով ներդնել նոր՝ օպերատիվ ստորաբաժանում՝ այն նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց կադրերով համալրելով:

3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունումը կնպաստի նաեւ Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման եւ պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, քանի որ նախատեսվում է առկա պաշտոնների փոխարեն ստեղծել համաժեք վարձատրությամբ պաշտոններ:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կառուցվածքային փոփոխությունների մասով բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջներից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն