Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «11) Խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում՝ ապահովելով խտրականությունից զերծ միջավայր դասարանում եւ կանխարգելել աշակերտների մեկուսացումը:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1. 1-ին մասին 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:
2. 1-ին մասը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «8) դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար:»:
3. 2-րդ մասի 1-ին կետում «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «եւ աջակցել դասապատրաստմանը» բառերը:
4. 2-րդ մասի 3-րդ կետում «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու,» բառը, իսկ «ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի,» բառերից հետո՝ «պետության,» բառը:
5. 2-րդ մասի 4-րդ կետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների եւ հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բնության եւ կենդանիների նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների եւ մշակույթների նկատմամբ.»:
6. 2-րդ մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), համաձայն որի հանրակրթության համակարգում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության: ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը եւ կարեւորվել է դպրոցներում այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ապահովվում է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորությունը, եւ բացառվում է երեխայի նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորում: Այնուամենայնիվ գործող իրավակարգավորումների պայմաններում մանկավարժի իրավունքներում եւ պարտականություններում ամրագրված չէ դասարանում խտրականությունից զերծ միջավայր ստեղծելու եւ կրթական գործընթացում բոլոր սովորողների ներառման սկզբունքը, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում:
Համաձայն գործող օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետի երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը ծնողի մասնակցությունը հանդիսանում է ծնողի իրավունքը: Կարգավորումներով սահմանված չէ ծնողի պարտավորությունը մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակման եւ իրականացման գործընթացներին: Այնինչ նրա մասնակցությունը եւ աջակցությունը կթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող աշակերտի կրթական գործընթացին էական նշանակություն ունի:
Բացի այդ, ներառական կրթության կազմակերպման հարցում նշանակալից դեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող սովորողների ծնողները եւ նրանց կողմից ստեղծված ծնողական փոխօգնության խմբերը, որոնք օգնում են ոչ միայն միեւնույն իրավիճակում հայտնված ծնողներին, այլեւ ուսուցչական կազմին արդյունավետ կրթական գործընթաց ապահովելու գործում: Օրենքի գործող կարգավորումներով, սակայն երաշխավորված չէ ծնողների ծնողական խմբեր ստեղծելու իրավունքը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝
1. մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու կարգավորումը, որը կխթանի կրթական գործընթացում բոլոր սովորողների ներառմանը, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում,
սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության ոչ ֆորմալ խումբ ստեղծելու իրավունքը՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար,
երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցելը սահմանել որպես ծնողի պարտականություն, այլ ոչ որպես իրավունք:
Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի ընդունմամբ կվերանայվեն մանկավարժական աշխատողների եւ սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները:
Կվերանայվեն մանկավարժական աշխատողների պարտականությունները, կսահմանվեն դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ստեղծմանը նպաստելու, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու, բոլոր սովորողների ներառումը կրթական գործընթացում ապահովելու պարտավորություն, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում:
Կերաշխավորվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, որը կնպաստի երեխայի կրթության իրավունքի իրացմանը, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցությանը, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցությանը: Մանկավարժական աշխատողները կպարտավորվեն ապահովել խտրականությունից զերծ միջավայր դասարանում եւ կանխարգելել աշակերտների մեկուսացումը, խթանելով՝ բոլոր սովորողների ներառումը կրթական գործընթացում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում: Սովորողների ծնողների պարտավորություններում կսահմանվի երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացման գործընթացի մասնակցությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ Զարուհի Բաթոյան